Հայերեն   English   Русский  

​Արևորդիները յուրովի կտոնեն Զատիկը Մեծամորի հնավայրում


  
դիտումներ: 761

Այս կիրակի հայ ժողովուրդը նշում է Զատկի տոնը, որը նախաքրիստոնեական, հին բնապաշտական ակունքներ ունի: Հեթանոս հայերի համար այն կարևոր ու եզակի տոներից է եղել, քանի որ խորհրդանշել է գարնան զարթոնքը, բնության կենսատու ուժը, պտղաբերությունն ու կյանքի շարունակությունը: Տոնը նվիրված է եղել Մայր աստվածուհուն՝ Անահիտին:

Հեթանոսական շրջանում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի՝ գիշերահավասարի օրվա հետ: Հետագայում այն դարձել է շարժական, տոնել են մարտի 21-ից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Այդ օրը ևս պատահաբար չի ընտրված. դա համարվում է սերմնացանի, սերմը գցելու, բեղմնավորման օր, ընդ որում՝ ոչ միայն բնության համար, այլև մարդու:

Քրիստոնեությունն այն վերափոխել և դարձրել է Հիսուսի հարություն առնելու տոն, այդ պատճառով էլ այն կոչվում է նաև Հարության տոն: Սակայն Հայաստանում այսօր էլ արորդիները շարունակում են հնամյա ավանդույթները և Զատկի տոնը նշում ինչպես նախաքրիստոնեական ժամանակներում: Այդ օրը նրանք նշում են նաև Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը:

Քուրմ Գագիկ

Քուրմ Գագիկը (Գագիկ Հայրապետյան) ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվում Զատկի տոնին, որն արդեն 15 տարի արորդիները նշում են Մեծամորի հնավայրում: Ինչո՞ւ հենց այնտեղ. «Մեծամոր անվանման մեջ ամեն ինչ ասված է՝ Մեծ Մայր, այսինքն` Մայր Անահիտ, ուրիշ բացատրություններ պետք չի փնտրել,- պարզաբանում է քուրմ Գագիկը:- Դա հզոր էներգետիկ դաշտ ունեցող տարածք է: Այնտեղ պեղումների ընթացքում հայտնաբերվել է անգամ 5000 տարվա քրմական ծիսական մետաղյա թաս: Այդ օրը մենք գնում ենք Մեծամոր, բազմագույն ներկած ձվեր տանում, ծիսական հաց տանում, ամեն մեկն իր օջախից որևէ բան է բերում հյուրասիրության համար, օրհնած գինի է լինում, ծիսակատարություն է տեղի ունենում, ջահավառում է կատարվում, իսկ կրակը վառում ենք նախորդ ջահավառումից մնացած ածուխներով: Ծեսի ժամանակ օծվում են բոլոր ձվերը, գինին, տարեհացերը, որից հետո բաժանվում են ժողովրդին, տեղի է ունենում ձվախաղ՝ երգուպարով, ասմունքով, Մայր Անահիտին ուղղված փառաբանություններով»:

Իսկ Անահիտից արորդիները խնդրում են ուժ, իմաստություն և սեր, որպեսզի կարողանան հաղթահարել կյանքի փորձությունները:

Առհասարակ արորդիների համար չափազանց կարևոր է բնության հետ լիակատար ներդաշնակության մեջ ապրելը, քանի որ մարդը բնության մի մասնիկն է, ամեն ինչ պետք է բխի բնության օրենքներից, հակառակ դեպքում մարդը շեղվում է բնատուր իր առաքելությունից և բախվում խնդիրների:

Քուրմ Գագիկն ասում է, որ իրենց տոնածիսական արարողությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը հետզհետե մեծանում է, սակայն իրենք ոչ ոքի չեն պարտադրում համալրել իրենց շարքերը. «Եթե ողջ հայությունը մերն է, ո՞ւմ հետևից ընկնենք»:

Չնայած արորդիները քրիստոնեությունը համարում են հայ ժողովրդի համար սխալ ընտրություն, քուրմ Գագիկը նշում է, որ Արորդիների ուխտը Հայ առաքելական եկեղեցու դեմ բացասական տրամադրվածություն չունի. «Ինձ համար կարևորն այդ մարդկանց երակներով հոսող արյունն է: Եթե իրենք ընտրել են այդ կրոնը և դա մեր երկրի համար նպաստավոր է, թող հետևեն, բայց ցավոք, պատմությունը ցույց է տվել, որ դա նպաստավոր չէ: Կա՛մ պետք է դրանից դասեր քաղենք, որովհետև ինչ- որ բան սխալ ենք հասկացել, կա՛մ պետք է վերականգնենք հինը: Բայց ընդհանուր առմամբ բոլորս էլ նույնն ենք, մենք կիսելու բան չունենք, մենք էսօր կառուցելու բան ունենք: Իմ սիրտն ուղղակի ցավում է, երբ մեր եկեղեցին հին եկեղեցիները վերականգնելու փոխարեն նորերն է կառուցում»:

Քուրմ Գագիկը իրենն է համարում նաև հին հայկական եկեղեցիները՝ իբրև արժեք, առհասարակ իրենն է համարում այն ամենը, ինչ որ հայկական է: «Ինձ համար կարևոր է, որ որևէ կրոնով առաջնորդվող հայերն իրենց երկրի մասին մտածեն բոլոր առումներով, պահեն ու պահպանեն մեր լեզուն ու լեզվի անաղարտությունը, որի ամեն մի բառը տիեզերական նշանակություն ունի»:

Քուրմ Գագիկը չի ընդունում աղանդավորներին, հատկապես նրանց, ովքեր դեմ են զինվորական ծառայությանը. «Այդ պարագայում ցանկացած ժամանակ մենք պատրաստ ենք Հայ առաքելական եկեղեցու հետ միասին այս տարածքը նրանցից մաքրել, որովհետև նրանք քանդում ու քայքայում են մեր բանակը»:

Արորդիների ուխտը 1990 թվականին հիմնել է Սլակ Կակոսյանը (1936-2005): Հենց նա էլ եղել է համայնքի քրմապետը: 1992 թվականին կառույցը պաշտոնապես գրանցվել է: Համայնքի ներքին օղակում են գտնվում կնքված արորդիները, որոնց թիվն այսօր հազարից ավելի է: Հետո գալիս է մեհենական խորհուրդը, որը կառույցի գործադիր մարմինն է, ապա քրմական դասը` քրմերը (այս պահին ծիսական գործունեության իրավունք ունեցող երեք քուրմ կա) և քրմապետը:

Քուրմ Գագիկն առաջարկում է գոնե մեկ անգամ մասնակցել Զատկի իրենց տոնակատարությանը և վայելել ոչ միայն տոնական գունագեղ օրվա հմայքը, ազգային երգն ու պարը, այլև զգալ Մեծամորի անզուգական էներգիան, որտեղ մարդու առջև իսկապես բացվում են տիեզերքի դռները և դուրս է հորդում անսպառ զորություն և ուժ:

Վահե Անթանեսյանի «Հայոց տաճարը» գրքում գրված է. «Հայերը Զատկի տոնական սեղանին ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի վրա, որն անվանում են ածիկ: Ածիկը համարվում է մեռնող ու հարություն առնող կյանքի խորհրդանիշ (ցորենը ցանում ես, մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը՝ խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը):

Զատկի տոնակատարության գլխավոր արարողությունը համայնական մատաղն էր՝ ախարը: Համայնքի բոլոր անդամները մասնակցում էին դրամահավաքին, որի շնորհիվ արջառներ ու գառներ էին գնում մատաղի համար: Զոհաբերությունը կատարվում էր շաբաթ երեկոյան (հեթանոս հայերը զոհաբերությունը կատարում էին լուսաբացին) եկեղեցու բակում, որտեղ ողջ գիշեր եփվում էր մատաղի միսը: Մատաղի եփման արարողությունն ուղեկցվում էր զատկական խաղերով ու երգերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: