Հայերեն   English   Русский  

«ՀԺ». Ի՞նչ կապ ուներ սփյուռքահայերի ակտիվությունը ՕՐՕ դաշինքի ու ԻԳԼԱ-ի հետ


  
դիտումներ: 891

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես եւ խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան:

Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթեւակի գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ մեկնեցին Արցախ:

Բայց ի՞նչ կապ ուներ այդ այցը ընտրությունների հետ եւ ի՞նչ տեղի ունեցավ իրականում, այդպես էլ անհասկանալի մնաց:

Ի սկզբանե «Արդարություն Հայաստանին» խորագրով ստորագրահավաք նախաձեռնվեց change.org միջազգային պորտալում: Շուրջ 5000 ստորագրություն հավաքվեց: Նախաձեռնողները որոշել էին Հայաստանում արդարությունը վերականգնելու ալիք ստեղծել, որը իր տրամաբանական հանգրվանին կհասներ ապրիլի 2-ի ընտրության ժամանակ:

Արսինե Խանջյանի, ինչպես նաեւ Թանկյանի խոսքում հաճախ էր հանդիպում փողոցային պայքարի, ժողովրդի կողքին կանգնելու մասին արտահայտություններ: Խորհրդարանական ընտրությունների համատեքստում հետընտրական, ինչպես նաեւ նախընտրական ցնցումների մասին խոսում էր միայն ՕՐՕ դաշինքը: Այստեղ չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են փողոցային պայքարի:

Ի՞նչ կապ ուներ սփյուռքահայերի ակտիվությունը սույն դաշինքի գործողությունների հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Թեեւ Վարդան Օսկանյանի անձնական հարաբերությունները հաշվի առնելով, շատերը չէին բացառում, որ ՕՐՕ-ի եւ «Արդարություն Հայաստանին» շարժման միջեւ ուղիղ կապ կա:

Եթե դա այդպես է, ուրեմն գործ ունեինք նախապես կազմված շատ ավելի մասշտաբային պլանի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումը պետք է ունենար: Օրինակ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մասը պետք է «ծածկեին», Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր ազատամարտիկները`ռազմական մասը, իսկ սփյուռքից ժամանած հայտնի դեմքերը ժողովրդական ալիքը պետք է կառավարեին կամ հնարավոր սրացումների ժամանակ ժողովրդի եւ զինված ուժերի միջեւ բուֆերային գոտի ծառայեին:

Արդյոք իրականում նման ծրագիր եղե՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն սփյուռքից ժամանած հյուրերի հետապրիլերկուսյան պահվածքը առնվազն տարօրինակ է: Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ անել Հայաստանում արդարությունը վերականգնելու, փողոցային պայքարի, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ ապրիլի 3-ի մեկնել Արցախ` երգել, պարել, ուրախանալ:

Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերեւաց: Չենք պնդում, սակայն շատ հեռավոր նշաններ կան, որ Թանկյանենց խմբի պայքարի ոգին նույնպես Սամվել Բաբայանի ձերբակալությամբ կոտրվեց: Սա, ինչ խոսք, չի նշանակում, որ նրանք նախապես տեղյակ են եղել հավանական արյունալի սցենարների մասին: Հակառակը, ավելի հավանական է, որ արդեն Երեւանում գտնվելու ժամանակ նրանց շատ խնամքով ներկայացվել է, թե ակամայից ինչ մեծ ծրագրի մաս են կազմել, որից հետո կտրուկ փոխվել է խմբի վերաբերմունքն ու պահվածքը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: