Հայերեն   English   Русский  

Ովքե՞ր են նրանք. Մի քանի անգամ կուսակցություն փոխողները (լուսանկարներ)


  
դիտումներ: 1850

Ռոնալդ Ռեյգանն ասում էր. «Ես չեմ լքել կուսակցությունը, այդ կուսակցությունն է լքել ինձ»:

Վարդան Ղուկասյան ասում է. «Ես ՀՀԿ-ից չեմ հեռացել, ՀՀԿ-ն է ինձնից հեռացել:

Այս խոսքերի մեջ նմանություն իհարկե կա: Ռեյգանը գուցե չէր սխալվում, քանի որ Արևմուտքում կուսակցություն փոխելը հազվադեպ երևույթ չէ, կարևորը՝ համոզմունքները կայուն մնան և այդ որոշումը չհակասի հանրային շահին:

Քաղաքագետներն ասում են՝ կուսակցություն փոխելը ռիսկային քայլ է, քանի որ հին կուսակցության անդամները կուսակցություն փոխողներին համարում են պատեհապաշտ և անհավատարիմ մարդ, իսկ նոր կուսակցությունում՝ կասկածելի: Իսկ ընտրողները «պատժում» են նման մարդկանց:

Ըստ հետազոտությունների՝ կուսակցություն փոխողները միջինը կորցնում են իրենց ձայների առնվազն 7 տոկոսը: Սա Արևմուտքում, իսկ Հայաստանո՞ւմ:

Ասենք, որ Հայաստանում մեծ հաշվով կուսակցությունը փոխում են ոչ թե գաղափարների, աշխարհայացքի փոփոխման կամ լճանալուց խուսափելու, այլ վտանգ զգալու դեպքում, այն էլ ոչ թե հանրային շահի, այլ խորհրդարանական մանդատի կամ պաշտոնի համար:

Հիշենք, թե Հայաստանում ովքեր են հայտնի իրենց քաղաքական օրիենտացիան փոխելով:

կուսակցություն փոխողներ








Արտակ Սարգսյան (ՍԱՍ-ի Արտակ)

ՍԱՍ-ի Արտակ

2017 թ. ապրիլի 2-ին Արտակ Սարգսյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրվեց պատգամավոր: Սակայն միշտ չէ, որ նա ՀՀԿ-ին է հարել: Մինչև 2006 թ. նա եղել է ՕԵԿ-ական: 2006-ին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխանական կոալիցիայի կազմից, Արտակ Սարգսյանը հեռացվեց ՕԵԿ-ի շարքերից, քանի որ կողմ էր քվեարկել կառավարության ծրագրին՝ հակառակ Արթուր Բաղդասարյանի դիրքորոշման: 2006 թ. նա դարձավ ՀՀԿ անդամ, իսկ 2007 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցեց Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» ցուցակով, սակայն այդ կուսակցությունը անցողիկ շեմը չհաղթահարեց: Արտակ Սարգսյանին բախտը ժպտաց միայն 2012-ին, երբ ընտրվեց մեծամասնական ընտրակարգով:

Սամվել Բալասանյան

Սամվել Բալասանյան

2015 թ. փետրվարյան հայտնի դեպքերից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքողների թվում էր նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մինչ այդ նա եղել էր նաև «Օրինաց երկիր» կուսակցության անդամ: 2017 թ. խորհրդարանական ընտրություններում Բալասանյանը որևէ ցուցակում ընդգրկված չէր: Նրա ներկայացուցիչները ասում են՝ Բալասանյանը որևէ կուսակցության անդամակցելու ցանկություն չունի, սակայն նրա հետ են կապում Գյումրիում նոր ստեղծված «Գյումրեցու ոգի» կուսակցությունը:

Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2006 թվականից ՀՀԿ անդամ էր, սակայն 2017-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցեց «Ծառուկյան» դաշինքով և անցավ խորհրդարան:

Նա պնդում է, որ 5 տարի առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից և ընդհանրապես երբեք հոգեպես կուսակցական չի եղել: Ինչպես ինքն է ասում՝ «ՀՀԿ-ն ա ինձնից հեռացել»:

Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադի)

Արկադի Համբարձումյան

Արկադի Համբարձումյանը, որ ապրիլի 2-ին Լոռիից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրվեց պատգամավոր, նախկինում եղել է ՕԵԿ-ական: Արտակ Սարգսյանի պես 2006-ին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից, Արկադի Համբարձումյանը լքեց խորտակվող ՕԵԿ-ի նավը: Ի դեպ, նա «Սնիկերսի», «Մարսի», «M&M»-ի և մի քանի այլ կոնֆետների ներկրողն է Հայաստանում:

Վահան Բաբայան

Վահան Բաբայան

Վահան Բաբայանը հասցրել է 5-6 կուսակցություն փոխել. Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, հետո՝ «Հանրապետություն», ապա՝ Երիտասարդական կուսակցություն և ՄԻԱԿ: Իսկ 2012 թ. ԱԺ պատգամավոր ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, սակայն 2016 թ. նա դուրս եկավ ԲՀԿ-ից և ստեղծեց իր «Ռեֆորմիստական» կուսակցությունը՝ բացահայտ աջակցություն հայտնելով ՀՀԿ-ին և նրա ղեկավար Սերժ Սարգսյանին: 2017-ի ԱԺ ընտրություններում նա այդպես էլ չհայտնվեց որևէ ուժի ընտրական ցուցակում:

Ռուբեն Գևորգյան (Ծաղիկ Ռուբո)

Ռուբեն Գևորգյան

Ռուբեն Գևորգյանը ԱԺ պատգամավոր էր դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով: Սակայն 2017 թ. փետրվարին նա դուրս եկավ ԲՀԿ-ից՝ իր քայլը պատճառաբանելով այդ քաղաքական ուժի՝ դաշինքով հանդես գալու որոշմամբ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ «Երդվյալ ազատամարտիկներ» միությունը, որի հիմնադիրն է Ռուբեն Գևորգյանը, աջակցություն հայտնեց ՀՀԿ-ին, սակայն նա կուսակցություններից և ոչ մեկի ցուցակում չհայտնվեց:

Ի դեպ, շատերն էլ կուսակցություն փոխեցին 2015-ի փետրվարին՝ Ծառուկյանի հետ «հաշվեհարդարի» հետևանքով:

Նրանցից էին Մարտուն Գրիգորյանը, Արագած Ախոյանը, Մուշեղ Պետոյանը, Բազմասեր Առաքելյանը: Նրանք դուրս եկան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և 2017-ին ընդգրկվեցին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակներում, սակայն խորհրդարան մտնել նրանց չհաջողվեց:

Նրանցից մի քանիսն էլ «պատժվեցին» և ընդհանրապես տեղ չգտան որևէ ցուցակում, ինչպես օրինակ՝ Ռուստամ Գասպարյանը, Մուրադ Գուլոյանը (Ծառուկյանի խնամին), Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) և այլք: Ցուցակը կարելի է շարունակել ներկայի և անցյալի բազմաթիվ գործիչներով:

Այսպիսով, կուսակցություններ փոխած այն անձինք, որոնք առանձին տարածքներում հեղինակություն ունեն, կարողացել են տեղ գտնել քաղաքական դաշտում, իսկ վտանգի պահին սեփական կուսակցությունը լքած մյուս գործիչների ապագան մշուշոտ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: