Հայերեն   English   Русский  

​Հրթիռակոծությունը Վաշինգտոնի վերադարձն էր սիրիական հակամարտություն. արաբագետ


  
դիտումներ: 1891

Սիրիայում ընթացող զարգացումների մասին «Անկախը» զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, կարո՞ղ ենք ասել, որ Սիրիայում ականատեսն ենք փոքր համաշխարհային պատերազմի՝ տեղայնացված տարբերակով:

- Ոչ թե համաշխարհային պատերազմի, այլ գլոբալ հակամարտության: Կարծում եմ, որ ավելի ճիշտ բնորոշումը դա է: Երբ ասում ենք համաշխարհային պատերազմ, նկատի ենք ունենում առաջին երկու աշխարհամարտերը՝ տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ դերակատարների ուղղակի բախումն ահռելի հետևանքներով: Իսկ այս պարագայում գործ ունենք անուղղակի առճակատմամբ միջազգային գլոբալ հակամարտության հետ: Ի դեպ, սա անգամ սառը պատերազմի ժամանակաշրջանում տեղի ունեցած հակամարտություններից է տարբերվում: Այս հակամարտությունն իր բնույթով բազմաշերտ է, խայտաբղետ, ներգրավված են տարբեր դերակատարներ և հակոտնյա շահեր, հակամարտում են տարածաշրջանային կարևորագույն խաղացողները և մրցակցում են աշխարհի գերտերությունները, ինչը շատ կարևոր է ու աննախադեպ, միջազգային ահաբեկչական կառույցները, բնականաբար նաև ներսիրիական դերակատարները: Նորագույն պատմության համար սա աննախադեպ հակամարտություն է՝ մասնակիցների բավական մեծ թվով և իրարամերժ շահերով:

- Ասացիք, որ հակամարտությունը գլոբալ է և աննախադեպ: Իսկ ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ աշխարհի համար:

- Ամենաբացասական և ամենաողբերգական, բայց դեռևս գուցե ոչ այդքան իրատեսական հետևանքը կարող է լինել այն, որ այս հակամարտությունը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի, այսինքն՝ նշածս բոլոր դերակատարների ուղղակի բախման:

Իսկ բացասական հետևանքների արդեն ականատես եղել ենք նախորդ 6 տարիների ընթացքում և ամեն օր ենք ականատես լինում. հարյուրհազարավոր զոհեր, ավելի քան 10 մլն փախստականներ և ներքին տեղահանվածներ, նորագույն ժամանակների մարդասիրական մեծագույն աղետը, միջազգային ահաբեկչության աննախադեպ և ահռելի սպառնալիքը, միջազգային լարված հարաբերությունները թե՛ գերտերությունների, թե՛ տարածաշրջանային դերակատարների միջև: Այսինքն՝ ունենք պայթյունավտանգ իրավիճակ, որը ցանկացած պահի դերակատարներից որևէ մեկի արկածախնդրության հետևանքով կարող է շատ ավելի մեծ և ողբերգական զարգացումների հանգեցնել:

- ԱՄՆ-ն նախորդ 6 տարիներին սահմանափակվել էր Ասադի վարչակարգի դեմ պայքարող ուժերին սատարելով: Ի՞նչը պատճառ դարձավ, որ անմիջապես ներգրավվի ու հրթիռակոծություն իրականացնի: Եվ ո՞րն էր այդ քայլի նպատակը:

- Մի քանի պատճառաբանություն կա: Նախ այն, որ արդեն շուրջ 3 ամիս աշխարհը սպասում էր ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշմանը, սիրիական հակամարտության հետ կապված նրա քաղաքական ուղեգծի հստակեցմանը: Մինչ այս պարզաբանում էին, որ զբաղված են մարտավարության, քաղաքականության մշակմամբ: Իսկ այս գործողությունն առաջին կոնկրետ քայլն էր, որը նաև ունեցավ մի քանի կարևոր առանձնահատկություններ: Նախ այն, որ այս գործողությունը փաստացի հակասեց սիրիական հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնի՝ մինչ այս հնչեցրած դիրքորոշմանն առ այն, որ սիրիական ռազմադաշտում իրենց թիվ մեկ հակառակորդը ահաբեկչական կառույցներն են, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորումը: Իսկ նման ռազմական միջամտությամբ, փաստորեն, Սպիտակ տունը վերահաստատեց, ավելին՝ առավել կոշտացրեց այն նույն դիքորոշումը, որ կար Բարաք Օբամայի օրոք և որն էականորեն մեղմվել էր Օբամայի վարչակազմի կառավարման վերջին շրջանում:

Քայլը տարբերվեց նախորդ վարչակազմի գործողություններից հստակ թիրախավորված հրթիռակոծությամբ սիրիական կառավարական ուժերին: Սա առաջին և հիմնական տարբերությունն էր, որը գալիս է փաստելու, որ Միացյալ Նահանգների այս վարչակազմը շատ ավելի կոշտ և ոչ փոխզիջումային մոտեցում է ցուցաբերելու սիրիական հակամարտության հարցում: Բնականաբար, այստեղ պետք է հաշվի առնել նաև հանրապետականների ավանդական քաղաքականությունը՝ կապված տարբեր միջազգային հիմնախնդիրների հետ, ինչպես նաև՝ Թրամփի և նրա մերձավոր շրջապատի քաղաքական համոզմունքները և դրանց առարկայացմանը միտված գործելաոճը: Եթե Օբամայի օրոք համեմատաբար փոխզիջումային քաղաքականություն էր իրականացվում, որոշումների ընդունման մեխանիզմները հիմնականում կոլեգիալ հարթությունում էին, ապա Թրամփի պարագայում այդպես չէ. գերակայում է նախագահի և նրա մերձավոր շրջապատի տեսակետը՝ անգամ հակասելով ԱՄՆ-ի ներպետական օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին:

- Այս օրերին շարունակ քննարկվում է, որ հնարավոր է՝ ավիահարվածը Պուտինի և Թրամփի միջև պայմանավորված քայլ էր: Որքանո՞վ է այս վարկածն իրատեսական:

- Չեմ կարծում: Ըստ էության՝ Թրամփի գործողությունը՝ այս ռազմական պատասխանը ցայժմ չբացահայտված քիմիական գրոհին որոշակիորեն հարված էր նաև Ռուսաստանի հեղինակությանը: Չեմ կարծում, որ Ռուսաստանը նման պայմանավորվածության կգնար Միացյալ Նահանգների վարչակազմի հետ՝ վնասելով սեփական վարկը: Իսկ եթե անգամ գնացել են նման պայմանավորվածության, ապա զիջումները միակողմանի լինել չէին կարող, հետևաբար, Թրամփն ի՞նչ է տալու Պուտինին, դեռևս չի երևում որևէ գործընթաց, որի շրջանակներում կարող ենք նկատել ամերիկյան կողմի զիջումները:

- Ռուսական ՀՕՊ ուժերը չգործեցին այս պարագայում: Պատճառաբանեցին, թե ամերիկյան հարվածները կասեցնելու իրավասություն չունեին, ահաբեկիչներից պաշտպանելուն են կոչված: Բայց նաև հայտնի է, որ ահաբեկիչները դեռևս ավիացիա չունեն: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ, սիրական երկինքը պաշտպանելու խոստումն ուղղակի մի՞ֆ էր:

- Պարզապես քաղաքական որոշում էր կայացվել իրավիճակը չսրելու և չպատասխանելու թե՛ Սիրիայի կառավարական ուժերի, թե՛ ռուսական ՕՏՈՒ-ի կողմից, քանի որ երկուսն էլ ունեն ՀՕՊ համակարգ: Բացի այդ, ռուսական ՀՕՊ համակարգերը չեն գործել ոչ միայն այս պարագայում, այլև բազմիցս, ավելի վաղ: Օրինակ՝ Իսրայելը նախորդ մեկուկես տարվա ընթացքում շուրջ 20 անգամ ներխուժել կամ տարաբնույթ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում տարբեր թիրախների, և ռուսական ՀՕՊ համակարգերը դարձյալ չեն գործել, իսկ պատճառը Մոսկվայի և Թել Ավիվի միջև կայացած քաղաքական պայմանավորվածություններն են:

- ԱՄՆ հարվածից ի վերջո ո՞վ շահեց: Եվ այս զարգացումների ֆոնին ի՞նչ հնարավոր ընթացք կարող են ունենալ Սիրիայի հարցով հետագա բանակցությունները:

- Այս հարվածից միանշանակ շահեցին այն բոլոր դերակատարները, որոնք առնվազն վերջին 5-6 ամիսների ընթացքում դուրս էին մնացել ներսիրիական գործընթացներից: Նշածս ժամանակաշրջանում հիմնականում առարկայական դերակատարում ունեին երեքը՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Այս հարվածն իրավիճակ փոխեց, ինչը հիմք ստեղծեց խաղից դուրս մնացած դերակատարների համար վերադառնալու սիրիական հակամարտություն: Ի դեպ, Միացյալ Նահանգների այս գործողությունը ևս կարելի է բնութագրել որպես Վաշինգտոնի վերադարձ Սիրիական հակամարտություն:

Կշահեն հակակառավարական այն խմբավորումները, որոնք արտաքին հովանավորների աջակցության պակասի պատճառով զիջում էին դիրքերը: Ներկայում ստեղծված իրավիճակը նրանց ձեռնտու է, քանի որ կվերագործարկվեն աջակցության նախկին մեխանիզմները, հնարավորություն կստանան վերազինվելու, վերախմբավորվելու և ավելի բարելավելու էականորեն զիջած դիրքերը:

Անշուշտ, կօգտվեն նաև ահաբեկչական կառույցները: Եթե մինչ այս բոլոր հիմնական արտաքին դերակատարների ուշադրությունը կենտրոնացած էր հակաահաբեկչական պայքարի վրա, ապա այժմ գերակա խնդիրը կարծես փոխվում է՝ գերլարված փոխադարձ հարաբերություններ, սկզբունքային մրցակցություն:

Այս գործողությամբ և սիրիական հակամարտության շրջանակներում ստեղծված նոր իրավիճակով կարելի է փաստել՝ վտանգվում է հիմնախնդրի կարգավորմանը նվիրված նախկին՝ Աստանայի, Ժնևի քաղաքական ձևաչափերի կենսունակությունը: Բայց միաժամանակ կարելի է կանխատեսել նոր գործընթացի մեկնարկի հնարավորությունը:

- Պարոն Պետրոսյան, իսկ հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն դառնա Ասադի դեմ գործողությունների անմիջական մասնակիցը:

- ԱՄՆ-ն մինչ այս էլ ակտիվ դերակատարություն ուներ Սիրիայի տարածքում ընթացող հակաահաբեկչական պայքարում, անգամ ցամաքային որոշ ստորաբաժանումներ Քրդական ինքնապաշտպանական ջոկատների հետ համատեղ պատրաստվում էին Սիրիայում ԻՊ կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկայի ազատագրմանը, օդուժն ակտիվ ռազմական գործողություններ էր իրականացնում: Ներկայում հիմնական խնդիրն այն է, թե արդյոք հակաահաբեկչական պայքարից բացի, ԱՄՆ-ն կներգրավվի՞ նաև սիրիական քաղաքացիական պատերազմում: Բավականին դժվար է կանխատեսելը: Շատ ավելի հավանական է այնպիսի լոկալ թիրախային հարվածների մարտավարությունը, որը կիրառվեց Հոմսի աշ-Շայրաթ ավիաբազայի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: