Հայերեն   English   Русский  

​Նպատակը շահույթ ստանալն է, ոչ թե հուշարձանը պահպանելը. քարանձավագետ


  
դիտումներ: 2083

«Լրջորեն մտահոգված ենք այդ հուշարձանների ապագայի հարցով: Վտանգ կա, որ հուշարձանները պահպանելու համար չի արվել վարձակալության մրցույթի հայտարարությունը: Ամեն ինչ այնպես են ձևակերպել, որ միայն կոնկրետ մարդիկ կարողանան մասնակցել մրցույթին, արհեստական կերպով մենաշնորհային վիճակ են ստեղծում»,- ասում է քարանձավագետ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարարության կողմից 5 քարանձավ վարձակալության տալու մտադրությանը:

Օրերս մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարել 4 քարանձավ և մեկ քարանձավախումբ վարձակալության տալու համար: Վարձակալության նախնական ժամկետը 5 տարի է, սակայն վարձակալը կարող է ևս 20 տարով առանց մրցույթի երկարաձգել պայմանագիրը, եթե լավ կատարի պայմանագրի պահանջները:

Վարձակալության տրվող քարանձավներն են Վայոց ձորի Գնիշիկ համայնքի տարածքում գտնվող Մագելանի քարանձավը, որը խոշորագույններից է Հայաստանում, Արենի համայնքում գտնվող Թռչունների քարանձավը, որտեղ հայտնաբերվել է աշխարհին մինչ օրս հայտնի ամենահին կաշվե կոշիկը, Արջի քարանձավը նույն մարզի Արփի համայնքում, որը ևս Հայաստանի խոշորագույն քարանձավներից է, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված հարավային պայտաքիթ կոչվող չղջիկների բնակատեղին է, Մոզրովի քարանձավը, որ նույնպես Արփի համայնքի տարածքում է, ունի բացառիկ հարուստ կարստային հարդարանք, Քարե դռներ քարայր կացարանները, որոնք գտնվում են Արագածոտնի մարզի Աղձք համայնքում և մինչև XX դարը բնակեցված են եղել աշխարհիկ կյանքից մեկուսացած անձանցով:

Բոլորն ունեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կարգավիճակ:

Նախարարության նախաձեռնությունը թե՛ հանրության, թե՛ մասնագետների կողմից բացասական արձագանք է ստացել: Քարանձավագետ Սամվել Շահինյանը կարծում է, որ այո, քարանձավներն անպայման պետք է օգտագործվեն, բայց ոչ այնպես, ինչպես նախարարությունն է պլանավորել:

«Պետությունը, կառավարությունն իր լծակներով ի զորու չէ ոչ միայն քարանձավները, այլև ընդհանրապես պատմության և բնության հուշարձանները պահպանել: Դրա օրինակները բազմաթիվ են»,- ասում է Շահինյանը և մատնանշում Առինջի միջնադարյան գերեզմանոցը, որտեղ հինը ջարդվում է, տեղը նոր գերեզմաններ են ավելանում:- Հանցագործին գտնելը որևէ խնդիր չի ներկայացնում՝ հանգուցյալը կա, տերերը կան: Բայց ոչինչ չի արվում: Այս մի փաստը բավարար է ապացուցելու, որ պետական հսկողությամբ հնարավոր չէ պահպանել քարանձավները»:

Նա նաև հիշեցնում է Աղձքի դամբարանից ոչ հեռու գտնվող քարանձավների մասին: «Քարանձավում հազվագյուտ մշակութային շերտ կար, որի ոչնչացման ականատեսը եղանք տարիներ շարունակ: Բազմիցս ահազանգեցինք: Բայց միևնույն է, այն իսպառ ավերվեց»,- ասում է Շահինյանը և հավելում, որ այդ իսկ պատճառով էլ քարանձավների և մշակութային հուշարձանների պահպանությամբ մտահոգ մասնագետներն առաջ են քաշել քարանձավները տուրիստական երթուղիների մեջ ներառելու գաղափարը, ինչն էլ դրանք խնամելու և պահպանելու նախադրյալ պետք է դառնար:

Մասնագետների խումբը մասնակցել է մշակույթի նախարարությունում տեղի ունեցած քննարկումներին, առաջարկներ ներկայացրել: Շահինյանի խոսքով, սակայն, վարձակալության հայտարարության մեջ իրենց խորհուրդներից և առաջարկներից ոչ մեկը հաշվի չի առնվել:

«Հայտարարության մեջ չեք գտնի գոնե մեկ խոսք հուշարձանի պահպանության մասին: Հուշարձանի պահպանության համար օգտագործման ձևով շրջանառության մեջ դնելու գաղափարը վերածել են շահագործելու և եկամուտ ստանալու նպատակով վարձակալության տալու հայտարարության»,- ասում է նա:

Շահինյանը վստահ է՝ հուշարձանները պահպանելով և դրանց գիտաճանաչողական, էսթետիկական արժեքը զբոսաշրջիկներին մատուցելով՝ հնարավոր կլիներ հետ ստանալ պահպանության ծախսերը: Մինչդեռ ներկայիս առաջարկության առաջնային նպատակը շահույթ ստանալն է, ոչ թե հուշարձանը պահպանելը:

«Վեր է ածվել բիզնես առաջարկի: Մինչդեռ մենք բիզնես առաջարկ չենք ուզել, ուզել ենք հուշարձանները փրկելու ծրագիր: Ավելին, իրենց այս առաջարկության մեջ շատ ավելի անգրագետ էկոլոգիական պնդումներ են մտցված: Այս ամենը նախկին նախարարի ձեռագիրն են հիշեցնում, ոչ մի նոր բան չկա»,- ասում է Շահինյանը՝ նշելով, որ նախարարությունն իրենց՝ մասնագետների անունն է օգտագործում նախաձեռնությունն արդարացնելու համար:

Հնագետ Բորիս Գասպարյանը ևս կարծում է, որ նախաձեռնությունը չպետք է բիզնեսի վերածել և շահույթ հետապնդել, վաստակված գումարները պետք է ուղղվեն քարանձավների պահպանությանը: Գասպարյանը, որը ղեկավարում է Թռչունների քարանձավում իրականացվող պեղումները, հարց է բարձրացնում նաև, թե ինչպես են շարունակելու հնագիտական աշխատանքները, եթե հայտարարված մրցույթով որևէ կազմակերպություն վերցնի քարանձավը:

Թռչունների քարանձավի հետագա ճակատագրով մտահոգված է նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: News.am-ի հետ զրույցում Ավետիսյանը հայտարարել է, որ վարձակալության տալու որոշումն անլուրջ է. «Եթե մյուս քարանձավների դեպքում կարելի է զբոսաշրջիկներին թույլ տալ այցելել, քանի որ այնտեղ պեղումներ չեն տարվել, շերտեր չեն բացվել, ապա «Արենի 1»-ում դա անթույլատրելի է։ Քարանձավում պեղումներ են տեղի ունեցել, այստեղ շերտեր են բացվել, և քարանձավը լուրջ գիտական աշխատանքի շարունակության կարիք ունի։ Զբոսաշրջիկներն այստեղ կարող են տեսնել ընդհանուր ծրագրի միայն մի փոքր մասը։ Իսկ նրա ներկայիս տեսքի դեպքում նախարարության նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, ուղղված է դրա ոչնչացմանը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: