Հայերեն   English   Русский  

​Կապե՛լ ամրագոտիները, «Արմենիա» ինքնաթիռներով արդեն Բեյրութ էլ կարող ենք թռչել


  
դիտումներ: 2142

«Արմենիա ավիաընկերության» անունից անձնակազմը ողջունում է ձեզ Բոինգ 737 օդանավում, որն իրականացնում է Երևան-Բեյրութ չվերթը: Օդանավի հրամանատարը պարոն Խաչատրյանն է, թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 10 րոպե»,- ապրիլի 10-ին բարձրախոսով հայտարարում է «Արմենիա» ավիաընկերության օդանավի ավագ բորտ-ուղեկցորդուհին: Այդպես «Արմենիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն առաջին անգամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղղություն է վերցնում դեպի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Մոտ երկուսուկես ժամից, հրշեջ մեքենաների ջրի շիթերով ցողելով օդանավը, Բեյրութի օդանավակայանը ողջունում է հայկական «Արմենիա» գրառմամբ առաջին ինքնաթիռի ժամանումը:

Այդպես ահա «Արմենիա ավիաընկերությունը» «Թալինա թրեվլ» ընկերության հետ համատեղ գործարկեց Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթը, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Բեյրութում: Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էր եկել բավականին հոծ ու ներկայացուցչական պատվիրակություն՝ Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանի և Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի գլխավորությամբ:

«Արդեն 8 ամիս էր, ինչ «Արմենիա» ավիաընկերությունը և իր գործընկեր «Թալինա թրեվլ» ընկերությունը համատեղ աշխատում էին Երևան-Բեյրութ-Երևան չվուղի բացելու ուղղությամբ: Եվ այսօր, ահա, այդ օրն է, երբ իրականացվեց Երևան-Բեյրութ-Երևան ուղղության առաջին չվերթը 80 ուղևորներով: Օդանավը Երևան կվերադառնա 90 ուղևորներով: Դա վկայում է, որ այս ուղղությամբ պոտենցիալ կա, հոսք կա, և մենք մեր գործընկերոջ հետ ամեն ինչ կանենք ուղևորների համար հարմարավետության ավելի լավ պայմաններ ստեղծելու և Երևան ու Բեյրութ ավելի մատչելի սակագներով ուղևորվելու համար»,- Բեյրութի օդանավակայանում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանից Լիբանան ուղևորված պատվիրակության ղեկավար, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:

Լիբանանում «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Թալինա թրեվլ» ընկերության գործադիր տնօրեն Նուբար Շակերյանն էլ հավաստիացնում է՝ Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ չվերթի առկայության պայմաններում իրենք փորձելու են ավելի մեծաթիվ զբոսաշրջիկների բերել Հայաստան:

Ավելի քան 150- հազարանոց հայ համայնք ունեցող Բեյրութի համար հայկական ինքնաթիռի ժամանումն ու Երևան-Բեյրութ ուղիղ կապի հաստատումը խիստ կարևոր է, սպասված, օգտակար ու խոստումնալից: Առհասարակ Բեյրութի օդանավակայանի «VIP» սրահում միջավայրը հայկական է. հայերեն է խոսում ներկաների ճնշող մեծամասնությունը՝ Լիբանանի տուրիզմի նախարարը, անգամ նրա թիկնապահը, որ փորձում է հնարավոր ամեն կերպ օգնել լրագրողներին, հայերեն են խոսում Լիբանանի խորհրդարանի ներկա պատգամավորները, գործարարները, համայնքի ներկայացուցիչները, «հայերեն» է պարում Բեյրութ թռչող «Արմենիա» ավիաընկերության առաջին օդանավով Լիբանան ժամանած «Մուշ» պարի անսամբլը, իսկ լիբանանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները զարմացած, բայց անկեղծ հետաքրքրության ժպիտներով ուղեկցում են բոլորին: Նրանք արաբերենով են իրար հետ շփվում: Քիչ ուշ՝ արդեն հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը հայկական ավիաընկերության մուտքը Լիբանան որակեց հայ-լիբանանյան առևտրատնտեսական, մշակութային և քաղաքական հարաբերությունների առաջընթացի ևս մեկ կարևոր քայլ:

Բեյրութ

«Այս նախաձեռնությամբ, բացի զբոսաշրջության ոլորտից, կամրապնդվի նաև մեր երկու երկրների համագործակցությունը տնտեսական այլ ոլորտներում: Նախարար լինելուց առաջ էլ էինք այստեղի հայերին հորդորում Հայաստանում իրենց հանգիստն անցկացնել, բայց նախարար դառնալուց հետո, երբ զանազան երկրների հետ փորձեցինք զբոսաշրջային փաթեթներ, ծրագրեր կազմակերպել, ուրիշ երկրների կողքին անպայման Հայաստանը դրեցինք և Հայաստանը դասեցինք մեզ համար կարևորագույնների կարգը: Բնականաբար, իբրև հայ նախարար, փորձում եմ տարբեր ոլորտներում Լիբանան-Հայաստան հարաբերություններն ամրապնդել ու զարգացնել, նաև այստեղ փորձում ենք Լիբանանի առևտրականներին, գործարար, հարուստ մարդկանց տանել Հայաստան ու այնտեղ փորձել մեծ նախաձեռնություններում ներդրում ունենալ, քանի որ վստահ ենք, որ որքան տարբեր ոլորտներում մեր երկրների հարաբերությունները զարգացնենք, այնքան մեր երկու երկրների ընդհանուր հարաբերությունները կհիմնավորվեն: Հարաբերությունների խորացման առումով, անշուշտ, օդային հաղորդակցությունը խիստ կարևոր է, քանի որ երբ փորձում ես որևէ երկու երկրների հարաբերությունները խորացնել ու զարգացնել, պետք է այդ երկրների միջև հաղորդակցության միջոցը գտնել: Ձեզ ասեմ, որ լիբանանահայերը նախկինում էլ էին զանազան միջոցներով հասնում Երևան Դուբայով, Մոսկվայով կամ որևէ այլ ձևով: Դա խոչընդոտ չէր, բայց հիմա է՛լ ավելի առաջ կգնանք»,- նշեց Ավետիս Կիտանյանը:

Լիբանանի Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Բագրատունին էլ շեշտեց, որ իրենց համար այս ուղիղ օդային հաղորդակցությունը շատ կարևոր է, որպեսզի Լիբանանի հայությունը կարողանա այս չվերթով ավելի հաճախ Հայաստան այցելել, բայց ավելի կարևոր է, որ լիբանանցի քաղաքացին, լինի հայ թե օտարազգի, դեպի Հայաստան զբոսաշրջային ուղևորություն կատարի:

Ավետիս Կիտանյան

Ինչ վերաբերում է չվերթներին, ապա «Արմենիա ավիաընկերության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը նշեց, որ հիմա ավիաընկերությունն իրականացնում է շաբաթական մեկ չվերթ, իսկ ամռան ամիսներին չվերթների հաճախականությունը կհասնի մինչև շաբաթական 4 չվերթի: Այս չվուղին կգործի մշտական հիմունքներով: Ավիաընկերությունում ակնկալում են, որ շաբաթական մոտավորապես 200-250 ուղևոր կտեղափոխեն դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լիբանան: Բայց «Արմենիա ավիաընկերության» չվերթի առանձնահատկությունը, ընդգծեց Ռոբերտ Օգանեսյանը, մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար երկու ուղղությամբ՝ ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր անգամ էկոնոմ դասում: Չվերթներն էլ իրականացվելու են բարձրակարգ Բոինգ 737-500 և 737-700 օդանավերով, որոնցով թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 25 րոպե:

Ի դեպ, տոմսերի գների վերաբերյալ ուշագրավ դիտարկում արեց հենց Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանը. «Եթե որևէ հայաստանցի ցանկանա այցելել Լիբանան, կարող է 450 դոլար վճարելով, իր ճամփորդական տոմսը գնել, հյուրանոցում 3 գիշեր կեցությունը, նախաճաշն ու օդանավակայանից հյուրանոց և հյուրանոցից օդանավակայան տեղափոխումն ապահովել, ինչը բավականին լավ առաջարկ է, քանի որ առաջ մենք «Արմենիա» ավիաընկերության չվերթներից միայն օդանավի տոմսի համար մոտ 500 դոլար գումար էինք վճարում: Եվ մենք այսօր պետք է փորձենք «Արմենիա» ավիաընկերության հետ էլ ավելի մատչելի դարձնել գները, ավելի մատչելի ու ընդգրկուն փաթեթներ կազմել ու ներկայացնել»:

Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ ավիահաղորդակցության համար մեծ ջանքեր է ներդրել նաև Լիբանանում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի: Դեսպանը հավաստիացրեց՝ ընթացքում էլ դեսպանատունը կաջակցի թռիչքների իրականացմանն ու ավիաընկերության գործունեությանը, եթե անհրաժեշտություն առաջանա:

«Այս թռիչքը կարևոր է կոնկրետ ինձ համար նաև նրանով, որ «Արմենիա» անվանմամբ օդանավը պիտի շաբաթական մի քանի վայրէջք կատարի Բեյրութի օդանավակայանում, և իմ ցանկությունն է, որ այդ անվանումով օդանավերը հնարավորինս տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնեն, քանի որ դա շատ կարևոր է ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունը: Դեսպանատունը նպաստելու է և աշխատում է այդ ուղղությամբ, որ Լիբանանի և Հայաստանի միջև զարգացնի զբոսաշրջությունը, հնարավորինս ներգրավի լիբանանյան կապիտալ ներդրումներ Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով, քանի որ Լիբանանը բավականին զարգացած զբոսաշրջություն և այդ ոլորտում հարուստ փորձ ունի»,- նշեց Սամվել Մկրտչյանը:

Երեկոյան «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռն արդեն վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ իր հետ բերելով 90 ուղևոր և խոստումնալից հեռանկարների հույսեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: