Հայերեն   English   Русский  

​Ամենավատ բանը վախենալն է


  
դիտումներ: 2834

Հայկական Localz առցանց հարթակում էքսկուրսավարները գրանցվում են, որպեսզի առաջարկեն իրենց ծառայությունները զբոսաշրջիկներին, իսկ վերջիններս գրանցվում են, որպեսզի ընտրեն էքսկուրսավար տվյալ երկրում ճամփորդելու համար: Այս հարթակն օգնում է զբոսաշրջիկներին ընտրելու նախապես կազմված տուրերից որևէ մեկը, ցանկության դեպքում փոփոխել այն, նշել օրը և ժամը, զբոսաշրջիկների թիվը, տուրի ցանկալի լեզուն և ստանալ գնային առաջարկ անհատ զբոսավարների կողմից: Localz հարթակի շնորհիվ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն շփվելու տեղացի անհատ էքսկուրսավարների հետ, որոնք առաջարկում են իրենց վճարովի ծառայությունները:

Ներկայումս համակարգը գործում է Հայաստանում, բայց շուտով, բացի Հայաստանից, Localz-ը կգործի նաև 10-ից ավելի երկրներում՝ Վրաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Եգիպտոսում, մի խոսքով, այն երկրներում, որտեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը: Իր տեսակով Localz հարթակն առաջինն է Հայաստանում:

Նման հարթակ ստեղծելու գաղափարը, ինչպես «Անկախին» պատմում է Localz ընկերության համահիմնադիր, տնօրեն Արտավազդ Սոխիկյանը, ծնվել է մոտ 2 տարի առաջ, երբ հերթական արձակուրդային սեզոնից հետո համահիմնադիրներն իրենց գրասենյակում պատմում էին արձակուրդից ստացած տպավորությունները: Հենց այդ ժամանակ էլ հասկանում են, որ տարբեր վայրերում են հանգստացել, բայց դժգոհություններն ընդհանուր են: Օրինակ՝ մեկի տուրը շատ ավելի թանկ էր եղել, քան պետք է լիներ, մյուսը դժգոհ էր ուղեկցողից, մեկ ուրիշը` ընտրության քանակից ու ձևից և այլն:

«Որպես տեխնոլոգիական ընկերություն՝ սկսեցինք ավելի մանրամասն նայել, թե ինչ կա շուկայում: Հասկացանք, որ եղած լուծումներից և ոչ մեկը մեր բոլորի պահանջները չի բավարարում և որոշեցինք պատրաստել Localz-ը: Այս նախագծի հիմքում դրեցինք մի սկզբունք՝ տուրիստի ցանկությունն ու ժամանակն առաջնային են: Այսինքն` տուրիստը չպետք է կատալոգներում փորփրի, թե ինչեր կան և ով է ազատ, չպետք է այդ ամենի վրա ծախսի բավական երկար ժամանակ: Ուստի մենք հարցին մոտեցանք այսպես. տուրիստն ասում է` ես գալիս եմ այսինչ օրը և ուզում եմ անել այսինչ բանը, ինչքանո՞վ կանեք: Ահա այս մոտեցմամբ պլատֆորմ պատրաստեցինք ու Հայաստանում բավականին արդյունավետ պիլոտ արեցինք. բավականին շատ արձագանքներ ստացանք թե՛ գիդերից, թե՛ տուրիստներից ու արդեն որոշեցինք, թե ինչ փոխենք, ինչպես փոխենք: Մենք սա մշակում էինք որպես գլոբալ, ոչ որպես սոսկ տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագիծ: Եվ տարբեր մրցույթներում, տարբեր միջոցառումների ժամանակ ստացած դրական արձագանքները, մրցանակները մեզ հույս են տալիս, որ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- նշեց ընկերության տնօրեն Արտավազդ Սոխիկյանը:

Localz-ը հաղթել է Գյումրու 85 տոկոսով համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում, որը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ: 2015 թ. Localz-ը հաղթող է ճանաչվել (STEP) «Գաղափարից դեպի շուկա» մրցույթում, Eurasia Mobile Challenge մրցույթի հայաստանյան փուլի 3 հաղթողներից է: Այս ստարտափը նաև հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:

Ծրագիրն ունի iOS, Android, Windows Phone համակարգերով և web տարբերակով աշխատող հավելվածներ, որոնք լինելու են անվճար: Ներկայումս մի քիչ պասիվ վիճակում է նախագիծը, քանի որ պատրաստվում են մեծ քայլերի, բայց անգամ ներկայումս համակարգում 1000-ից ավելի օգտվող է գրանցված և մոտ 300-400 գիդ՝ մոտ 10 երկրներից: Իսկ գումար այս նախգծի հեղինակները նախատեսում են վաստակել գործարքների տոկոսներից: Գումար աշխատելու հնարավորություն է դիտարկվում նաև տուրիստական պրոդուկտ ստեղծողների գովազդը, սակայն ներկա փուլում այս նախագծի հիմնադիրների համար կարևորը ոչ թե գումար աշխատելն է, այլ նախագիծը զարգացնելը, ընդլայնելն ու ճանաչելի դարձնելը:

Localz-ում հիմնական շեշտը դրված է գիդերի վրա, այսինքն՝ սա հարթակ է, որը գիդ գտնելու հնարավորություն է տալիս: Ընդ որում, եթե նախկինում շեշտը դվում էր պրոֆեսիոնալ գիդերի վրա, ապա հիմա մի քիչ ավելի է ընդլայնվում շահառուների շրջանակը, յուրաքանչյուր ոք, որ հպարտ է իր քաղաքով, տեղյակ է ու կարող է գիդ լինել, կարող է գրանցվել ու զբաղվել նաև դրանով: Որոշ դեպքերում, օրինակ, տուրիստն ուզում է գնալ այնպիսի վայրեր, ուր տեղացիներն են գնում, ոչ թե տուրիստական հանրահայտ տեղերը, ուստի հատուկ այդ նպատակով ոչ սովորական գիդ է փնտրում: Localz-ն օգնում է հենց նման մարդկանց իրար հանդիպել:

«Մի հետաքրքիր բան ասեմ, որով շատ տարբերվեց Հայաստանը, և դա շատ ոգևորիչ էր. այն աջակցությունը, օժանդակությունը, որ մենք ստացանք ՏՏ ոլորտի բոլոր մարդկանցից, բառիս բուն իմաստով՝ բոլոր: Դեռ չի եղել մի հարց, որով մենք դիմենք ոլորտի ներկայացուցիչներին ու մեզ չօգնեն: Մեր ներդրած ջանքերն ու ժամանակը և ուրիշների օժանդակությունը, այս երկու հանգամանքն օգնեցին ոտքի կանգնել»,- ասում է Արտավազդ Սոխիկյանը:

Localz առցանց հարթակ

Իհարկե, այդ հանգամանքները կարևոր են, բայց միակը չեն: Առհասարակ հաջողության հասնելու համար, նշում է մեր զրուցակիցը, պետք է իմանաս` ինչ ես ուզում, պետք է կարողանաս լսել հաճախորդներիդ, հետևել ոլորտի մասնագետների ու պարզապես մարդկանց խորհուրդներին: Պետք է սիրես այն, ինչ անում ես, որովհետև ստարտափում ստիպված ես աշխատել շատ-շատ: Եթե մյուսները, ենթադրենք, գործի են գալիս ժամը 10-ին, դու գալիս ես ժամը 8-ից, 7-ից, եթե ուրիշները տուն են գնում ժամը 6-ին, դու՝ կեսգիշերին:

«Պետք է կարդալ, շատ կարդալ, սովորել, պետք է հարցնել մարդկանց ու ինքնազարգացմամբ զբաղվել, անընդհատ կատարելագործվել: Մեզնից ոչ ոք բոլոր ոլորտների մասնագետ չէ, բայց լինել ձեռնարկատեր, նշանակում է բոլոր ոլորտներից գոնե մի քիչ հասկանալ, իսկ դրա միակ եղանակը շատ կարդալն ու անընդհատ ինքնակրթվելն է: Եվ իհարկե ոլորտում հաջողություն ունեցած մարդկանց խորհուրդները լսելը»,- շեշտում է Արտավազդ Սոխակյանը: Իսկ երբ հետաքրքրվում ենք, թե ինչ գրքեր է կարդում, անմիջապես վեր է կենում տեղից, մոտենում հարևանությամբ դրված սեղանին ու պայուսակից հանում է մի քանի գիրք:

«Ստարտափում պետք է նվիրվես 120 տոկոսով: Եթե մեծ ընկերությունում աշխատում ես, ունես ֆիքսված աշխատաժամ, ֆիքսված պարտականություններ ու իրավունքներ, ֆիքսված աշխատավարձ, ապա քո նախագծում պետք է պատրաստ լինես անելու ամեն ինչ` անկախ նրանից` դու հիմնադի՞րն ես, տնօրե՞նը, թե այլ հաստիք ես զբաղեցնում: Հետաքրքրասիրությունից բացի, պետք է նաև չվախենաս նորություններից, նոր քայլերի դիմելուց, ինչպես ասում են` կոմֆորտի գոտուց պետք է կարողանաս դուրս գալ. դա շատ կարևոր է,- ասում է Localz ընկերության համահիմնադիր-տնօրենը:- Բիզնեսմենը չպետք է լինի գոռոզ ու ինքնահավան, պետք է կարողանա լսել ուրիշի կարծիքն ու, որ շատ ավելի դժվար է, պետք է փորձի հասկանալ և օգտագործել մարդկանց տված խորհուրդները: Յուրաքանչյուրից էլ կարելի է ինչ-որ լավ բան սովորել»:

Սոխիկյանի կարծիքով՝ կարևոր է նաև չհանձնվելը, բայց պահեր կան, որոնց դեպքում ուղղակի պետք է հասկանալ, որ իմաստ չունի շարունակել: Դա չի նշանակում հանձնվել. «Իսկ ո՞վ ասաց, որ ամեն ինչը պարտադիր պետք է հաջողվի»,- հռետորական հարց է տալիս նա:

Սոխիկյանը բերում է վիճակագրությունը՝ 10-ից միայն մեկ ստարտափն է, որ գոյատևում է, իսկ գոյատևածներից էլ միայն 18 տոկոսն է, որ եկամտաբեր է դառնում: «Դա չնչին թիվ է ու ցույց է տալիս, որ բոլորը չեն հաջողություն ունենում, և դու պետք է պատրաստ լինես նաև դրան, որ կարող է և չստացվել: Եթե չի ստացվում՝ չպետք է թևաթափ լինել, այլ պետք է գիտակցել, որ այդ ընթացքում արդեն շատ բան ես սովորել: Չհանձնվել ասելով՝ դա նկատի ունեմ. սա չստացվեց, մեկ ուրիշ ծրագիր անպայման կստացվի: Վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ եթե անգամ առաջին ստարտափը չի ստացվում, ապա հավանականությունը շատ մեծ է, որ երկրորդը կստացվի: Իսկ ամենավատ բանը վախենալն է: Պետք է անընդհատ փորձել, տարբեր ձևերով, աշխատել, գործել, ու հաջողությունը մի օր անպայման կգա»:

Քանի որ Արտավազդ Սոխիկյանը, բացի Localz-ից, այլ հաջող նախագծերի համահիմնադիր էլ է, հետաքրքրվում ենք՝ կա՞ արդյոք «հաջողության բանաձև»: Նա միանգամից պատասխանում է՝ թի՛մ, հաջողության բանալին լավ թիմ ունենալն է: Ի դեպ, Localz նախագիծը սկսել են երկու համահիմնադիրով, հիմա նախագծի վրա աշխատում է մոտ 8 հոգի, իսկ արդեն 10 և ավելի երկրներում տարածվելու դեպքում թիմն անհամեմատ կմեծանա: Իսկ որքան մեծանա նախագիծը, այնքան ավելի կշատանան խնդիրները, բայց առանց խնդիրներ հաղթահարելու հաջողություն չի լինում կամ հազվադեպ է լինում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: