Հայերեն   English   Русский  

​«Ընտրածախսը» հավաքելու ժամանակը


  
դիտումներ: 1585

Այս ընտրությունները ոմանք աննախադեպ համարեցին շրջանառված ընտրակաշառքի չափերի առումով: Բանկային խոսքում մի եզրույթ կա՝ «չաշխատող վարկ», կարելի է ընտրակաշառքի դեպքում էլ մի այդպիսի բառակապակցություն մտածել՝«չաշխատող ընտրակաշառք», քանի որ ընտրակաշառքը ոչ միշտ է նպատակին ծառայում, այսինքն` մարդիկ այն վերցնում և ուրիշին են ընտրում կամ էլ ոչ ոքի չեն ընտրում:

Վերջին օրերին էլ համացանցում բազմաթիվ հրապարակումներ ու տեղեկություններ եղան, որ այս կամ այն համայնքում, այս կամ այն մարդը փորձում է հետ վերցնել «չաշխատած ընտրակաշառքը»: Քվեարկության արդյունքներից դժգոհ թեկնածուներն էլ սկսել են ընտրակաշառքների վերադարձ-հավաքման գործընթացը: Փորձեցինք դրանցից մի քանիսն ի մի բերել ու ստացվեց այս պատկերը:

Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում, օրինակ, մի շարք քաղաքացիներ ահազանգել են, որ համայնքապետի ճնշմամբ իրենցից փորձում են հետ կորզել այն 15-հազարական դրամները, որոնք բաժանվել էին գյուղացիներին թեկնածուների օգտին քվեարկելու համար:

Շիրակի մարզի Բասեն գյուղից ստացած տեղեկությունների համաձայն էլ պատգամավոր չդարձած ՀՀԿ թեկնածուներից մեկը հետ է պահանջում իր տված ընտրակաշառքը: Երբ բնակիչները հրաժարվում են վերադարձնել, թեկնածուի շտաբի աշխատակիցները սպառնում են 10 հազար դրամի դիմաց գույք տանել տնից:

Իսկ Գյումրու Անի թաղամասի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից մեկը, որին չի հաջողվել անցնել Ազգային ժողով, իր շտաբի աշխատակիցների միջոցով հետ է պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամ ընտրակաշառքը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ևս հայտարարեց, որ Գյումրիից, Արտաշատից և հանրապետության այլ մարզերից ահազանգեր են ստանում այն մասին, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածուները բաժանած ընտրակաշառքը քաղաքացիներից հետ են պահանջում:

Միգուցե նման դեպքեր էլի են եղել ու դեռ հավանաբար կլինեն: Բայց կա նաև տված ընտրակաշառքը և ինչո՞ւ միայն ընտրակաշառքը, նաև օրինական ճանապարհով ծախսած գումարները հետ բերելու ավելի քաղաքակիրթ տարբերակներ, որոնք, ըստ երևույթին, ոչ բոլոր նախկին թեկնածուներին են հասու:

Խոսքը, մասնավորապես, ապրանքների, սակագների ու ծառայությունների թանկացման մասին է: Հայաստանում լայն սպառման սննդամթերքի մի զգալի մասի ներմուծումն ու արտադրությունը կենտրոնացած է մի քանի տնտեսվարողների ձեռքին, իսկ որոշ դեպքերում էլ լիակատար մոնոպոլիա է: Փաստորեն այս գործիքը մատչելի է հատկապես օլիգարխ պաշտոնյաներին, որոնք բիզնեսներ ունեն, մանավանդ՝ մենաշնորհային, ինչն էլ ծախսած գումարները հետ վերադարձնելու հիանալի գործիք է. ամեն ապրանք 1-2 կամ մի քանի տասնյակ դրամով թանկացնելով՝ ընդամենը մեկ-երկու ամսում կարելի է վերադարձնել ընտրություններում ծախսած ամբողջ գումարը:

Այստեղ կա նաև լուրջ «վիճակագրական տրամաբանություն»: Օրինակ` մարտ ամսվա գնաճը, ըստ ԱՎԾ հրապարակած պաշտոնական տվյալների, փետրվարի նկատմամբ կազմել է -0.3 տոկոս, այսինքն` դիտարկվել է գնանկում: Սա կարելի է որակել որպես «նախընտրական կուտ»: Բայց ընտրություններից հետո մի շարք, հատկապես լայն սպառման ու առաջին անհրաժեշտության ապրանքներ միանգամից սկսեցին թանկանալ:

Եվ հիմա նայենք պաշտոնական թվերին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով: Իսկ ո՞վ է Հայաստանում շաքարի ներկրման մենաշնորհատերը… «Հայկական ժամանակը» արձանագրել է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում վաճառվող 1 կգ բանանը հնարավոր էր գնել 630 դրամով, հիմա արդեն այդ մրգի գինը հասել է մինչև 750 դրամի: Բանանի շուկայի մենաշնորհը, ինչպես գիտեք, պատկանում է ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Միհրան Պողոսյանին:

Դիտարկենք ոչ պարենային ապրանքների շուկան: 2017 թ. մարտին, փետրվարի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 2.5 և 2.0 տոկոսով, իսկ 2016 թ. դեկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 8.2 և 13.1 տոկոսով: Սրան գումարենք նաև այն, որ արդեն ծխախոտի որոշ տեսակներ սկսել են ավելի թանկ վաճառվել: Ի դեպ, սիգարետի որոշ տեսակների համար վաղուց էինք նկատել, որ տուփի վրա գրված գինն ավելի թանկ է, քան վաճառքի գինը: Օրինակ` Bond compact blue տեսակի ծխախոտի տուփի ներքևում գինն առնվազն մարտի կեսերից (հենց այդ ժամանակ ենք նկատել) գրված էր 350 դրամ, բայց շարունակում էր վաճառվել նախկին` 320 դրամով, իսկ որոշ սուպերմարկետներում` անգամ 310 դրամով: Ստացվում է` չէին ասում, որ նախընտրական շրջանում թանկացման տպավորություն չստեղծվի, տրամադրություններս չընկնի, ճիշտ այն «սև անեկդոտի» պես, երբ հերոսը հարցնում է. «Կարո՞ղ է ես մահացել եմ, բայց չեք ասում, որ տրամադրությունս չընկնի»:

Մի խոսքով, կար ընտրակաշառք բաժանելու ժամանակը, հիմա էլ եկել է բաժանած փողերը հավաքելու ժամանակը: Այնպես որ թանկացումներ են նկատվում տարբեր շուկաներում: Իհարկե, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սպառողական գների թանկացմանը, նշեց, որ կդժվարանա ասել, թե թանկացման պատճառները ընտրություններ էին կամ ընտրակաշառքը, քանի որ պետք է դրա համար վերլուծություն անի: Դե թող վերլուծի: Բայց հիշենք՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն ասում էր, որ ընտրակաշառքը կարելի է նաև ընկալել որպես նվիրատվություն: Լավ, գուցե տիկին պատգամավորը հիմա էլ բարի լինի մեկնաբանել, թե ինչպես կարելի է ընկալել այն երևույթը, երբ տված նվերը փորձում են հետ վերցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: