Հայերեն   English   Русский  

​ՌՈՒՍԱՍՏԱՆ


  
դիտումներ: 1371

Ռուսական գործոնը` որպես քաղաքական, տնտեսական և ռազմական խաղաքարտ, ցավոք, ամենացայտունը Հայաստանում է դրսևորվում: Եվ մենք` հայերս, կարծես դատապարտված ենք լինելու ռուս ժողովրդի «բնական դաշնակիցն ու բարեկամը»՝ որպես կանոն դաս չառնելով պատմությունից ու քաղելով այդ «բարեկամության» ամենադառն պտուղները:

Ինչպիսի՞ն էին հայ-ռուսական առնչությունները դարեր առաջ և այսօր:

Սլավոնները արևելաեվրոպական ցեղեր են: VII-VIII դարերում սլավոնական ցեղերը միավորվեցին Դնեպր գետի միջին հոսանքներում, և ձևավորվեց առաջին ռուսական պետությունը՝ Կիևյան Ռուսիան: Պետությունն ի սկզբանե հայտնի էր Կիևի իշխանություն անվանումով: Ռուսիա հունական անվանումն առաջին անգամ X դարում իր աշխատություններում օգտագործել է Բյուզանդիայի հայազգի Կոստանդին Է Ծիրանածին կայսրը:

X դարում Կիևյան Ռուսիան արդեն հզոր ու մեծ պետություն էր և երբեմն սպառնալիքներ էր ստեղծում նաև Բյուզանդական կայսրության համար: 988 թ. Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի երկարատև պատերազմն ավարտվեց խաղաղության դաշնագրով, որի համաձայն՝ ռուսները քրիստոնեություն ընդունեցին: Փաստորեն, Ռուսաստանի քրիստոնեացումը սկսվեց հայերի ձեռքով, քանզի Կիևյան Ռուսիայի Մեծ իշխանի հետ ամուսնանալով՝ այդ գործին ձեռնամուխ եղավ Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանի դուստր Աննան, որ ռուսների մոտ հայտնի դարձավ Կնքամայր պատվանունով:

Ի դեպ, ռուսները Բյուզանդիայից ժառանգեցին նաև հայ Արշակունիների թագավորության զինանշանը՝ երկգլխանի արծիվը: Երբ Վասիլ Առաջինը դարձավ Բյուզանդիայի կայսր, իրեն Արշակունի հռչակեց՝ անգամ թագ խնդրելով հայոց Աշոտ Ա Բագրատունի արքայից (867-890), ինչպես կարգն էր հայոց Արշակունիների թագավորությունում, երբ Արշակունի արքային թագադրում էր Բագրատունի թագադիր ասպետը: Եվ նա իր պետության զինանշանը հաստատեց հայ Արշակունիների զինանշան արծիվները, ինչը ռուսները Բյուզանդիայից ժառանգեցին Կնքամայր Աննայի միջոցով և գործածում են մինչ օրս:

XII-XIV դարերը ամենամռայլ ժամանակաշրջանն էին Ռուսաստանի համար: Ռուսաստանը տրոհվեց, պառակտվեց; Առաջացան առանձին իշխանություններ՝ Գալիցիա-Վոլինյան իշխանությունը, Վլադիմիր-Սուզդալյան իշխանությունը, Ռյազանի, Նովգորոդի այլ առանձին իշխանություններ:

Հայ-ռուսական առնչությունները տվյալ ժամանակաշրջանում հիմնականում սահմանափակվում են առևտրական հարաբերություններով: Բայց կա մի դիպված: Վլադիմիրի իշխանազուն Գեորգին ամուսնացել էր վրաց Թամարա թագուհու հետ: Ամուսնությունը շուտով լուծարվեց Զաքարյան իշխանների գործուն միջամտությամբ: Ռուս իշխանին դուր էր եկել վրաց գահը, և նա թագուհու ամուսինը լինելուց զատ ցանկանում էր նաև թագավորել, ինչը բնավ ձեռնտու չէր Զաքարյաններին:

XIII դարում մոնղոլները գրավեցին Ռուսաստանի տարածքը: Շատ չանցած՝ ձևավորվեց Ոսկե Հորդա պետությունը, որի տարածքների մեջ էր նաև ժամանակակից Ռուսաստանը: Ոսկե Հորդայի, նաև Լենկ-Թեմուրի տիրակալության ժամանակ հայերն ազատ տեղաշարժվում և առևտուր էին անում Ռուսաստանի տարածքում:

Մոնղոլական արշավանքները XIII դարում միակ դժբախտությունը չէին Ռուսաստանի համար: Երկրին Արևմուտքից սպառնում էին նաև շվեդները, գերմանացիները: Ալեքսանդր Նևսկին չեզոքացրեց գերմանացիների սպառնալիքները, սակայն մոնղոլական լուծը ռուսներին, միևնույն է, ստրկացրած վիճակում էր պահում:

Ռուսաստանի վերելքը սկսվեց XIV դարում, երբ ձևավորվեց Մոսկվայի իշխանությունը: Մոսկվան, աստիճանաբար հզորանալով, առաջատար դարձավ ռուսական առանձին պետական կազմավորումների մեջ:

Մոսկվայի մեծ իշխան Դմիտրի Դոնսկոյը 1380 թ. Կուլիկովոյի ճակատամարտում ջախջախեց մոնղոլական զորքերը և Ռուսաստանի կենտրոնական շրջաններն ազատեց մոնղոլական տիրակալությունից:

Մոսկվայի շուրջ աստիճանաբար միավորվեցին ռուսական հողերը, և XV-XVI դարերում ռուսները վերջնականապես թոթափեցին մոնղոլական լուծը, ձևավորվեց հզոր ու լայնարձակ ռուսական պետությունը:

Ռուսական պետության սրընթաց վերելքը սկսվեց առաջին ցարի՝ Իվան Դ Ահեղի կառավարման տարիներին՝ XVI դարում: Իվան Ահեղը թաթարական խանությունների զորությունները խորտակելով՝ իր տերությունն ընդարձակեց արևելյան ուղղությամբ՝ դեպի Ուրալ և Սիբիր:

Սակայն XVII դարում Ռուսաստանի դեմ նոր թշնամիներ հանդես եկան՝ լեհերը՝ Ռեչ Պոսպոլիտան և Շվեդիան: Նրանք գրավեցին ռուսական հողերի արևմտյան հատվածները և կարողացան կարճ ժամանակով գրավել անգամ Մոսկվան: Բայց Ռուսաստանում բռնկված ժողովրդական ապստամբությունն ազատագրեց Մոսկվան ու վերականգնեց Ռուսաստանի անկախությունը:

1613 թ. ռուսական գահին հաստատվեցին Ռոմանովները: Դա նոր փուլ էր ռուսական պատմության մեջ:

Ռուսական կայսրությունը հզորացավ հատկապես Պետրոս Ա Մեծի (1682-1725) և Եկատերինա Բ Մեծի (1762-1796) կառավարման տարիներին: Ռուսաստանը հաստատվեց Բալթիկ, Ազովի և Սև ծովերի ափերին՝ դառնալով աշխարհի հզոր տերություններից մեկը:

Պետրոս Մեծից հետո ռուսական գահին բազմեցին ծագումով գերմանացի կայսրեր ու կայսրուհիներ, քանզի Պետրոսը գահի արու ժառանգ չուներ:

XIX դարում Ռուսաստանի համար լուրջ սպառնալիք դարձավ Ֆրանսիան: Ֆրանսիական բանակն անգամ 1812 թ. գրավեց Մոսկվան: Սակայն ռուսական բանակը կարողացավ համախմբվել ու հակահարված հասցնելով՝ նպաստեց Նապոլեոնի կայսրության կործանմանը:

XVII դարում հայ-ռուսական տնտեսական և առևտրական հարաբերություններն ակտիվացան: 1660 թ. Նոր Ջուղայի հայ վաճառականները Ալեքսեյ Միխայլովիչ ցարին նվիրեցին ալմաստե գահը` ի նշան ռուսական արքունիքի կողմից հայ վաճառականությանը տրված արտոնությունների: Հայերը կարող էին ազատ ելումուտ անել Ռուսաստանի տարածքով, առանց մաքսատուրք վճարելու` պարսկական մետաքսը Եվրոպա արտահանել Ռուսաստանով:

XVIII դարից սկսած՝ ակտիվացան նաև հայ-ռուսական քաղաքական, ռազմական առնչությունները: 1722 թ. Պետրոս Մեծը ձեռնարկեց Կասպիական արշավանքը: Նա գրավեց Բաքուն: Հայ-վրացական զինուժը պատրաստակամ հավաքվեց՝ դիմավորելու ռուսաց կայսրին, որ Կովկաս էր եկել քրիստոնյաներին ազատագրելու առաքելությամբ: Բայց, ինչպես միշտ պատահում է ռուսական քաղաքական էթիկայում, այդ ազատագրումը դարձավ դավաճանություն: Պետրոսը թուրքերի հետ հաշտություն կնքեց՝ պարտավորվելով այլևս չօգնել հայությանը:

Սա առաջին դասն ու ապտակն էր հյուսիսային քրիստոնյա հարևանի կողմից, որից, ցավոք, հայությունը հետևություն չարեց մինչ այսօր: XVIII-XX դարերում Ռուսաստանը բազմիցս պատերազմի բռնվեց Թուրքիայի և Իրանի դեմ, և հայությունը միշտ պաշտպանեց իր հյուսիսային քրիստոնյա հարևանի շահերը:

Մասնավորապես 1804-1812 և 1826-1828 թթ. ռուս - պարսկական պատերազմների ընթացքում նաև հայության գործուն աջակցությամբ Ռուսաստանը, գրավելով Արևելյան Հայաստանը, հաստատվեց Կովկասում: Ռուսները հայաթափեցին Պարսկահայքը: Մինչ այդ իրենց մեծապետական շահերի համար ռուսները հայաթափեցին Ղրիմը՝ գաղթեցնելով հայերին դրախտային այդ երկրից հարավի ռուսական տափաստաններ:

Նույնը կատարվեց 1828-1829, 1853, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Հայությունը, լծվելով ռուսական ռազմակառքին, ներսից քայքայիչ աշխատանքներ ծավալեց Օսմանյան Թուրքիայում, երբեմն էլ ապստամբական դրոշ բարձրացրեց: Ցավալին այն էր, որ հայությունը դա արեց ոչ թե ազգային անկախության հասնելու, ազգային պետականություն կերտելու, այլ թուրքական լուծը ռուսականով փոխարինելու համար:

Եվ ամեն անգամ ռուսական բանակը, գրավելով Հայաստանի զգալի մասը, պատերազմի ավարտից հետո այն դարձյալ թուրքերին հանձնեց՝ փոխարենը նրանցից զիջումներ ստանալով Բալկաններում… Քանի- քանի անգամ այսպիսով ռուսները խաբեցին հայերին, դավաճանեցին իրենց «բնական դաշնակիցներին»՝ կիրառելով ցարական կառավարության «Հայաստանն առանց հայերի» դիվային ծրագիրը:

Նույն իրավիճակն էր Առաջին աշխարհամարտի տարիներին: Ռուսաստանը ոչ միայն նպաստեց թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրագործմանը, այլև շատ դեպքերում իր ձեռքով հայաթափեց Հայաստանը: 1920 թ. Ռուսաստանը խեղդեց Հայաստանի անկախությունը՝ զինելով Թուրքիային և հրահրելով թուրք-հայկական պատերազմը: 1921 թ. Խորհրդային Ռուսաստանը մասնատեց Հայաստանը՝ հայոց հողերը բաժանելով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայությունն ամեն ինչ ներդրեց հանուն խորհրդային ընդհանուր պետության: Խորհրդային Հայաստանի բնակչության մեկ երրորդը մեկնեց ռազմաճակատ: Շուրջ 350 հազար հայ զոհվեց ռազմաճակատում: Ամբողջ հայոց պատմության ընթացքում երբեք ոչ մի պատերազմում հայն այդքան զոհ չի տվել հանուն Հայաստանի, երբեք ոչ մի պատերազմում հայը 650 հազար զինվոր մարտադաշտ չի հանել: Բայց հայը դա արեց Երկրորդ աշխարհամարտում հանուն խորհրդային պետության, հանուն Ռուսաստանի:

Այդ պատերազմում շահող դուրս եկան ռուսական պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան (Մալոռուսիա): Իսկ հայերս կորցրինք պատմական արդարության վերականգնման վերջին հույսը: Մոսկվան չցանկացավ օգտագործել հարմար առիթը և իրականացնել հայության իղձը:

Այսօրվա Ռուսաստանը շատ բանով է պարտական հայ գործիչներին, որոնք կերտեցին Ռուսաստանի փառքը: Հայությունը Ռուսաստանին հարյուրավոր գեներալներ է տվել, հարյուրավոր գիտնականներ, արվեստի գործիչներ, մտավորականներ, շինարարներ. ավելի շատ, քան հայրենիքին:

Հայերը Ռուսաստանում հինգ քաղաք են հիմնել՝ Դոնի Ռոստովը, Արմավիրը, Բուդյոնովսկը, Գրիգորուպոլիսը, Մոզդոկը:

Այսօր էլ հայությունը Ռուսաստանը համարում է իր բարեկամն ու ռազմավարական դաշնակիցը: Իսկ ռո՞ւսը:

Պատմությունից դասեր քաղել չգիտե՛նք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: