Հայերեն   English   Русский  

​Հաղթահարենք դեպրեսիան միասին


  
դիտումներ: 917

Դեպրեսիան կամ այլ կերպ ասած՝ ընկճախտը այն հաճախ հանդիպող հիվանդություններից է, որից աշխարհում տառապում է շուրջ 350 մլն մարդ: Այս հիվանդության ախտանշաններից են հուսահատությունը, անտարբերությունը, ինքնամեկուսացումը, անքնությունը, ախորժակի անկումը և այլն:

Ինչպիսի՞ն է վիճակագրությունը Հայաստանում։ Ըստ առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2016 թ. զեկույցի՝ Հայաստանի բնակչության 40 տոկոսը թեթև դեպրեսիվ վիճակում է, 2,9 տոկոսը՝ միջին, իսկ ծանր դեպրեսիայի տարածվածությունը կազմում է 0,1 տոկոս։

Այս տարի ապրիլի 7-ին նշվող Առողջապահության համաշխարհային օրը նվիրվել էր դեպրեսիայի հաղթահարմանը:

Ըստ ՀՀ գլխավոր հուգեբույժ Սամվել Թորոսյանի՝ ընկճախտը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, կյանքի ցանկացած փուլում։ Այն ավելի շատ բնորոշ է կանանց, քան տղամարդկանց: Ըստ կանխատեսումների՝ ընկճախտը 2020 թ. կներառվի հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների երկրորդ հորիզոնականում։

Վերջին 10 տարվա ընթացքում 18 տոկոսով աճել է դեպրեսիայով հիվանդների թիվը։ Նպաստող գործոններից են մարդու կենսակերպը, սոցիալական և հոգեբանական վիճակը, սթրեսը: Դեպրեսիան երեք փուլով է ընթանում՝ թեթև, միջին ու ծանր։ Դրանք ունեն հոգեկան և ֆիզիոլոգիական դրսևորումներ և կարող են հանգեցնել տխրության, քնկոտության, մարսողական խանգարումների, սեռական պահանջի նվազման, ցավերի մարմնի տարբեր հատվածներում, մտածողության դանդաղման, ապագայի մռայլ և բացասական մտքերի գերակայության և այլն։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն կարծում է, որ դեպրեսիան կախված չէ երկրի զարգացման մակարդակից, այն կարելի է հաջողությամբ բուժել և կանխել մասնագետների հետ հաղորդակցվելու, խնդիրների մասին խոսելու շնորհիվ։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևի կարծիքով էլ ընկճախտը համընդհանուր խնդիր է աշխարհի բնակչության համար։ Այն խաթարում է բնականոն ապրելու ընթացքը և բացասաբար ազդում առողջության ու կենսունակության վրա։ Այս առողջապահական խնդրի հետևանքով տնտեսական կորուստներ են կրում պետությունները։ Նա ասում է նաև, որ դեպրեսիան, մեկուսացնելով քաղաքացուն արտաքին աշխարհից, հանգեցնում է անկումային տրամադրության՝ երբեմն ավարտվելով ինքնասպանությամբ։ Դեպրեսիան կարող է առաջանալ մարդու կյանքի ցանկացած փուլում, ուստի որպեսզի այն չզարգանա և ժամանակին կանխվի, Զայցևն առաջարկում է այս թեմայի շուրջ բաց երկխոսության գնալ, քանի որ դեպրեսիայից տառապող մարդկանց 75 տոկոսը անհրաժեշտ բուժում չի ստանում՝ մնալով ստվերում, չբացահայտված։ ԱՀԿ քարոզարշավը՝ «Եկ խոսենք» կարգախոսով, ուղղված է հանրության լայն զանգվածների իրազեկության բարձրացմանը, դեպրեսիայի հետևանքների, դրա դեմ պայքարի միջոցների, ինչպես նաև դեպրեսիայից տառապող մարդկանց օգնելու ձևերի վերաբերյալ։ «Հնարավոր է, որ ձեզ տանջող խնդրի մասին խոսելով՝ անմիջապես ձերբազատվեք դրանից, և այս մասին խոսելը ձեր առաջին քայլն է»,- ասում է ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչը։

Դեպրեսիան առողջության կորստի հանգեցնող երկրորդ՝ առավել տարածված գործոնն է, ինչի հետևանքով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում տարեկան մինչև 128 հազար մարդ ինքնասպան է լինում:

Մասնագետները մտահոգված են. նույնիսկ երբ անհրաժեշտ ծառայությունները հասանելի են, շատերը խուսափում են բուժումից կամ հետաձգում են այն՝ վախենալով շրջապատի վերաբերմունքից։ Դեպրեսիայից տառապողների միայն փոքր մասն է ստանում անհրաժեշտ բուժում։

Իմաստությունը ասում է. «Վհատ հոգին չորացնում է ոսկորները»: Ամերիկյան մասնագետները հայտարարում են, որ դեպրեսիան կարող է հանգեցնել օստեօպորոզի (ոսկորների փխրունության): Դեպրեսիան դրսևորվում է ոչ միայն թորշոմածության ու քնի խանգարման, ախորժակի կորստի նշաններով ու երևույթներով, այլև ոսկորների աստիճանական քայքայմամբ: Ուժեղ սթրեսի տևական շարունակման դեպքում բարձրանում է արյան ճնշումը, զարկերակը հաճախանում է, ուղեղն արտադրում է չափից ավելի հորմոններ: Այդ դեպքում առաջանում է անհավասարակշռություն, որը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի քայքայման:

Պատահական չի նկատել Սողոմոն իմաստունը. «Կոտրած սիրտը ոսկորները կչորացնի, ուրախ սիրտն օգտակար է ինչպես դեղ»:

Ի՞նչ է արվում Հայաստանում ընկճախտով մարդկանց հոգեկան վիճակը բարելավելու համար, և ինքանո՞վ են նման ծառայությունները հասանելի:

ՀՀ ԱՆ բուժօգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը տեղեկացրեց, որ ազգաբնակչության շրջանում դեպրեսիայով հիվանդների բուժման, վաղ հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ Հայաստանում մշակվել և ընդունվել է 2014-2015 թթ. ռազմավարական ծրագիրը, որի նպատակն է ապահովել հոգեկան առողջության մատչելիությունը, հոգեկան առողջության որակի և ծառայությունների տրամադրումը, մշակել և իրականացնել վերականգնողական ծրագրեր և ծառայություններ, ինչպես նաև ապահովել հոգեկան առողջության ծառայութուններից օգտվող անձանց իրավունքների լիարժեք և պատշաճ իրականացումը։

Հավելենք, որ ըստ առողջապահության նախարարության ներկայացուցչի՝ հոգեբանական ծառայությունները սահմանամերձ հատվածներում ևս հասանելի են բնակչությանը, բոլոր մարզերի բուժկենտրոնները հագեցած են անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով ու նեղ մասնագետներով:

Լ. Նազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: