Հայերեն   English   Русский  

​Դավիթ Խիթարյան. «Կարևոր է հաղթողի տրամադրությամբ մոտենալ մրցաշարերին»


  
դիտումներ: 2657

Ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացավ ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին Հայաստանի հավաքականից մասնակցեցին Սոսե Բալասանյանը (52 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (73 կգ) և Գոռ Մկրտչյանը (60 կգ): Սոսե Բալասանյանը դարձավ արծաթե, իսկ Ֆերդինանտ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն ամփոփում է մրցաշարի արդյունքները՝ հույս հայտնելով, որ Եվրոպայի առաջնությունում էլ հայ մարզիկները հնարավորություն կունենան պայքարելու մեդալների համար:

- Ուրախալի է, որ մեր մարզիկները Եվրոպայի գավաթի խաղարկությունում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին և մեդալների արժանացան: Սոսե Բալասանյանին հաջողվեց եզրափակիչ մտնել: Սոսեն իսկական մարտիկ է և օժտված է մարզիկին հատուկ բոլոր հատկանիշներով: Նրան պակասում է միջազգային մրցաշարերի փորձը:

Ֆերդինանտ Կարապետյանը մրցավարական անարդարության պատճառով հանդես չեկավ եզրափակչում և արժանացավ բրոնզե մեդալի: Ոչ մի մարզիկ ապահովագրված չէ մրցավարների կողմնակալ որոշումներից: Պարզապես հարկավոր է լավ պատրաստվել հնարավոր անարդարություններից խուսափելու համար:

Եվրոպայի գավաթի խաղարկություններն օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ տալիս են, բայց կան ավելի կարևոր ստուգատեսներ: Այս առումով մեր մարզիկների մասնակցությունը մրցաշարին համարում եմ բավարար: Գնահատականս ավելի բարձր կլինի, երբ նրանք կայուն և շարունակական արդյունքներ գրանցեն:

- Կարծեմ Եվրոպայի առաջնության նախապատրաստության շրջանակներում Հայաստանի հավաքականը Սոչիում մասնակցում է ուսումնամարզական հավաքի:

- Այո, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ հավաքականը մասնակցում է տասնօրյա ուսումնամարզական հավաքի: Այնտեղից էլ անմիջապես կուղևորվեն Լեհաստան:

Ամեն քայլ ձեռնարկվում է, որ մեր մարզիկները լավագույն կերպով ներկայանան Եվրոպայի առաջնությանը: Բացթողումները, որոնք նկատվել են մրցաշարերի ժամանակ, փորձելու ենք շտկել:

Ամեն ինչ ճիշտ կազմակերպելու դեպքում ձյուդոյիստները հնարավորություն կունենան միջամտելու պայքարին: Հիմնական խնդիրն է բարձրացնել մարզիկների տեխնիկատակտիկական որակները: Նրանցից յուրաքանչյուրը կոնկրետ առաջադրանքներով գոտեմարտեր կանցկացնի:

- Եվրոպայի առաջնությանը ի՞նչ կազմով է ներկայանալու ձյուդոյի հավաքականը: Ի՞նչ սպասելիքներ կան մեր մարզիկներից:

- Թիմը մեծ չէ, բայց ունենք փորձառու մարզիկներ: Մարզիչը ներկայացրել է այն կազմը, որոնք կպայքարեն մեդալների համար:

Ապրիլի 20-23-ը Վարշավայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացնելու են Հովհաննես Դավթյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (73 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ):

Թիմը մեկնում է Եվրոպայի առաջնության որոշակի հաջողություններ գրանցած: Հոգեբանական առումով կարևոր է հաղթողի, ոչ թե պարտվողի տրամադրությամբ մասնակցել մրցաշարերին: Ունենք մարզիկներ, որոնք առաջին անգամ են մասնակցելու մեծահասակների առաջնությանը:

- Պարոն Խիթարյան, Եվրոպայի առաջնությունում ընդգրկվել եք մրցաշարը սպասարկող մրցավարների կազմում: Մրցականոններում որոշակի փոփոխություններ կան: Որքանո՞վ են դրանք անդրադառնում մարզիկների ելույթների վրա:

- Հունվարին Բաքվում անցկացվեց միջազգային ֆեդերացիայի մարզիչների և մրցավարների սեմինար, որին մենք չմասնակցեցինք: Սեմինարի ժամանակ հրապարակվեցին մրցականոններում տեղ գտած վերջին փոփոխությունները:

Մարտին Հռոմում հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի հետ մասնակցեցինք մրցավարական սեմինարի, որտեղ հնարավորություն ունեցանք ծանոթանալու մրցականոնների փոփոխություններին: Բավական օգտակար սեմինար էր փորձի և կարծիքների փոխանակման առումով: Կարևոր է, որ սեմինարներին հրավիրվում են ոչ միայն մրցավարները, այլև հավաքական թիմերի ավագ մարզիչները: Պետք է մարզիչն անմիջապես տեղեկանա փոփոխություններին և դրանք ներկայացնի մարզիկներին:

Ցանկալի չէ, որ կանոնները հաճախակի փոփոխվեն, քանի որ պրոֆեսիոնալ մարզիկներն արդեն իսկ ձևավորված տակտիկական ձեռագիր ունեն, իսկ փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջացնում: Մյուս կողմից էլ՝ այդ փոփոխությունները բոլորին են վերաբերում: Այն մարզիկները, որոնք ավելի արագ կհարմարվեն փոփոխություններին, նրանք էլ, անկասկած, առավելություն կունենան գոտեմարտի ժամանակ: Մարզիչի խնդիրն է, որ մարզիկները հնարավորինս արագ հարմարվեն նոր կանոններին: Սակայն էական փոփոխություններ հիմնականում գրեթե չկան. միավորների բաշխումն է փոքր-ինչ այլ կերպ կատարվում: Գցումներ կան, որոնց այժմ միավորներ չեն տրվում, և հակառակը: Խրախուսվում են հարձակվողական գոտեմարտերը: Այս խնդիրների վրա պետք է մարզիչներն աշխատեն, որպեսզի մարզիկները ճիշտ տակտիկական պայքար մղեն:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: