Հայերեն   English   Русский  

​Ծանրորդներն արդարացրին սպասելիքները


  
դիտումներ: 511

Ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունում հայ ծանրորդները նշանակալի հաջողություններ գրանցեցին և հիմնականում կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:

Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի առաջնությունում միակ ոսկե մեդալը նվաճեց Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Նա Խորվաթիա էր մեկնել ոսկե մեդալի համար:

105 կգ քաշային կարգի ուժեղագույն 10 ծանրորդների պայքարում 20-ամյա Սիմոն Մատիրոսյանն ապացուցեց, որ զուր չի համարվում այս քաշային կարգի ֆավորիտը: Հայ մարզիկը լավագույնը ճանաչվեց թե՛ պոկում (184կգ), թե՛ հրում վարժություններում (230կգ) և երկամարտի 414 կգ ցուցանիշով իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հռչակվեց տղամարդկանց Եվրոպայի չեմպիոն:

Գերծանր՝+105 կգ քաշային կարգի ուժեղագույնների պայքարին մասնակցում էին Հայաստանի լավագույն ծանրորդներից երկուսը՝ 2016 թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:

Երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր: Ռուբեն Ալեքսանյանը 434 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Առայժմ գերծանր քաշային կարգի անպարտելի առաջատարը շարունակում է մնալ վրացի Լաշա Տալախաձեն:

Կանանց հավաքականի անդամներ Սոնա Պողոսյանն (75 կգ) ու Տաթև Հակոբյանը (90 կգ) դարձան բրոնզե մեդալակիր՝ նվաճելով իրենց առաջին մրցանակները մեծահասակների առաջնությունում: Հուսանք, որ այս մեդալները ինքնավստահություն կհաղորդեն աղջիկներին՝ հաջողությունները զարգացնելու և նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին:

Ուրախալի է, որ արմունկի ծանր վնասվածքի վերականգնումից հետո մրցահարթակ վերադարձավ առաջատար ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ): 2016 թ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրն այս անգամ հանգամանքների բերումով ստիպված էր հանդես գալ իր համար անսովոր՝ «B» խմբում, 85 կգ քաշային կարգում: 325 կգ ընդհանուր արդյունքով Անդրանիկը զբաղեցրեց 5-րդ տեղը: Կարևորն այն է, որ հայ մարզիկը վերադարձավ մեծ սպորտ և անգամ մեկ աստիճան բարձր քաշային կարգում բավական հաջող հանդես եկավ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: