Հայերեն   English   Русский  

Նորայր Նորիկյան.​Իրավական պարզաբանում. «ՍԱՍ» գրուպում նախընտրական հանդիպման վարող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության


ՖԲ գրառում


  
դիտումներ: 3637

«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովների ձայնագրության ուսումասիրությունը հնարավորություն է տալիս հանգելու այն հետևությանը, որ առևերևույթ խախտվել են ՀՀ օրենսդրության ստորև բերված իրավանորմերի պահանջները.

ՀՀ սահմանադրության 26-րդ հոդված. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ հոդված. Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:

ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդված. Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդված. Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը.
1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,
2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝
6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված. Քվեարկության գաղտնիությունը խախտելը.
Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդված. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը.

Բացի այդ, կոպտորեն խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված աշխատանքային օրենսդրության սկզբունքները, գործատու-աշխատող աշխատանքային հարաբերությունները, գործատուի կողմից խախտվել են աշխատանքային կարգապահության իր առջև դրված պարտականությունները և այլն:

Վերը նշվածը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ նշված հանդիպումը վարող անձի գործողություններում առերևույթ առկա են վերը նշված իրավանորմերի խախտման հատկանիշներ, որպիսի պայմաններում նրա արարքը ենթակա է քրեաիրավական գնահատման, ասել է, թե՝ նշված անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե օբյեկտիվ քննությամբ հաստատվի, որ նա կատարել է վերը նշված գործողությունները:

Հ.Գ. Բոլոր դեպքերում պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: