Հայերեն   English   Русский  

​Բազմաբնակարան շենքեր (մաս 2)


  
դիտումներ: 843

Նախորդ համարում ներկայացրինք ընդհանուր տեղեկություններ բազմաբնակարան շենքերի մասին: Մասնավորապես բացահայտեցինք բազմաբնակարան շենքի սահմանումը, տվեցինք բնակարանի և ոչ բնակելի տարածքի տարանջատումը, ինչպես նաև հասկացանք, թե ոնց է որոշվում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը շենքի ընդհանուր բաժնային սեփականությունում:

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի հետ կապված թերևս ամենակարևոր հարցերը վերաբերում են շենքի կառավարմանը և պարտադիր նորմերի կատարմանը: Պարտադիր նորմերը ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջների և պարտադիր միջոցառումների ու աշխատանքների համալիրն են, որոնք չիրականացնելը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին: Օրինակ՝ վերելակի տեխնիկական վիճակը պետք է անվտանգ լինի մարդկանց կյանքի համար, ուստի դրա համար իրականացվող ընթացիկ կամ կապիտալ վերանորոգումը կհամարվի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված միջոցառում կամ աշխատանք: Շենքի կառավարման և պարտադիր նորմերի իրականացման նպատակով հնարավոր է օգտագործել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը, որից ստացված միջոցները պետք է ուղղվեն նշված նպատակների իրականացմանը:

Շինության սեփականատերն իրավունք չունի առանձին օտարելու ընդհանուր սեփականության իր բաժինը կամ կատարելու շինության նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշին օտարման հանգեցնող այլ գործողություններ: Օրինակ՝ սեփականատերը չի կարող նկուղի՝ իրեն պատկանող բաժնեմասի չափով ինչ-որ հատված որոշել և վաճառել որևէ մեկին:

Շինության սեփականատերերը կրում են շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման և օրենքով սահմանված կարգով շահագործման պարտականություն: Շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից ելնելով՝ կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները: Այսինքն՝ մեր կողմից հիշատակված պարտադիր նորմերի կատարումը նախ և առաջ սեփականատերերի պարտականությունն է: Ընդհանուր բաժնային սեփականության յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման և շահագործման այլ ծախսերին: Պարտադիր նորմերի մեջ մտնում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: