Հայերեն   English   Русский  

​Կանայք, որ ուժեղ են իրենց հերոս որդիներով…


  
դիտումներ: 12773

Թանաքն ու արցունքները միաձուլվում են իրար, բառերը համառորեն չեն շարադրվում. աչքիս առաջ Արցախի հյուսիսային դիրքերի պաշտպաններ Արարատ Խանոյանի և Ազատ Ասոյանի մայրերի` Անահիտ Վարդանյանի և Մանուշակ Բալյանի անհուն թախիծով լեցուն հայացքներն են, իսկ ականջներումս` նրանց` օրեցօր ահագնացող կարոտով լեցուն ձայնի ելևէջները…

զինվորի մայր

«Ես գնալու եմ առաջին գիծ, թուրք խփեմ ու գամ, մամ ջան», «Գնում եմ հայրենիքիս սահմանը պաշտպանելու, լավ մնացեք»: Սրանք 2014-ի հուլիսի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելիս հերոսաբար զոհված Արարատի ու Ազատի մարգարեական խոսքերն են, որ դաջվել են նրանց մայրերի սրտերում և անհուն տխրության հետ համակել նաև հպարտության զգացումով, որ օգնում է որոշակիորեն հաղթահարելու կորստի ցավը:

զինվորի մայր

զինվորի մայր

Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին ընդառաջ՝ զրուցել ենք այս հավերժ երիտասարդ մնացած հերոս տղաների հերոս մայրերի հետ: Կանայք, որ անսահման նվիրված են եղել իրենց ընտանիքին և այսօր էլ շարունակում են մնալ այդպիսին` հասկանալով, որ իրենց ուսերին է ծանրացած և՛ որդու կորստին դիմանալու անասելի ցավը, և՛ ընտանիքը կրկին ոտքի հանելու բարդ ու պատասխանատու գործը:

զինվորի մայր

Այն հարցին, թե ինչպիսին պիտի լինի հայ կինը, Մանուշակ Բալյանը պատասխանում է կարճ, բայց համոզված` տան հիմքը պիտի լինի, իսկ Անահիտ Վարդանյանը հավելում է. «Հայ կինը պետք է լավ դաստիարակություն ունենա, որ ճիշտ դաստիարակի նաև իր զավակներին` տալով նրանց մեծի ու փոքրի հանդեպ հարգանք ունենալու կարևոր դասերից մեկը»: Ըստ տիկին Մանուշակի` հայ մայրերի ամենաուժեղ կողմը հոգատարությունն ու նվիրվածությունն է ընտանիքին, ինչի շնորհիվ էլ կարողանում է կայացնել իր երեխաներին` տալով նրանց լավ մարդ դառնալու սեփական օրինակը: Անահիտն էլ կարծում է, որ հայ մայրը պիտի շատ արու զավակներ ունենա և իր նման չբավարարվի մեկով…

Երկու արծիվների մայրերն էլ համոզված են, որ իրենց փոխանցած հայրենասիրական դաստիարակությունն է հենց որդիներին մղել հերոսացման: Հետաքրքիր է, որ թե՛ Ազատը, թե՛ Արարատը հպարտացել են իրենց անուններով, որ դրվել են մայրերի կամքով` դրանց մեջ մեծ խորհուրդ տեսնելով: Ազատը հպարտ էր իր հոգու և երկրի ազատությամբ, իսկ Արարատը հաճախ ասում էր. «Ես Արարատ լեռն եմ, ճիշտ է, հիմա թուրքի ձեռքում եմ, բայց շուտով կազատվեմ այդ ճիրաններից»: Մինչդեռ մեզ ազատեցին թշնամու ճիրաններից` գնալով իրենց հոգու ազատության հետևից, իսկ մայրերին թողեցին մի անհուն դատարկություն, կոտրված հույսեր, կորցրած հավատ, ապրելու ցանկության բացակայություն: Մանուշակը խոստովանում է, որ սկզբում նեղացել, խռովել է Աստծուց և միայն հիմա է, որ աստիճանաբար վերագտնում է հավատը: Նույն հոգեվիճակում է եղել նաև Անահիտը` մեղադրելով տիրոջը, թե ինչու չպաշտպանեց իր որդուն, իսկ հիմա Մարիամ Աստվածածնին ուղղված իր ամենօրյա աղոթքներում խնդրում է, որ Արարատի և մյուս նահատակ տղաների հոգիները լուսավորության մեջ լինեն:

Մայրերը նկատում են, որ իրենց մյուս երեխաներն էլ շատ են օգնել` ոտքի կանգնելու համար: Անահիտը, որ Արարատի մասին խոսում է ներկայով, խոստովանում է, որ աղջիկը` Ժաննա Խանոյանը, չնայած իր նուրբ ու քնքուշ էությանը և երիտասարդ տարիքին, ստիպեց իրեն չընկճվել, վերագտնել հավատը սեփական ուժերի նկատմամբ, շուրջը նայել ու տեսնել այն մայրերին, որոնք նույնպես կորուստներ ունեն, պետք է ուժեղ ու միասնական լինել` թեկուզ նրանց ցավը ինչ-որ կերպ թեթևացնելու համար, հասկացնելու, որ որդիները կենդանի են, ապրում են և իրենց հետ են ամեն քայլափոխի:

զինվորի մայր

Եվ ինչքան էլ պայքարն անհնարին է թվում որդու կորստի մեծագույն ողբերգության դիմաց, կյանքը շարունակելու ելքեր միշտ էլ գտնվում են… Եվ լսվում է տիկին Մանուշակի պատասխանը, որ մթության մեջ վառվող լույսի խորհուրդն ունի կարծես. «Շրջան կար, որ ընդհանրապես չէի ուզում ապրել, բայց հետո, երբ մի փոքր սթափվեցի, նայեցի Սարոյի (Ազատի միջնեկ եղբայրը), ամուսնուս աչքերին և հասկացա, որ նրանք, ինձ տեսնելով այդ վիճակում, ավելի են թուլանում, հենց դա էլ ինձ ուժեղացրեց, հասկանո՞ւմ եք, ցավը հզորացրեց: Այսինքն` իմ վիճակը վնասում էր իմ ընտանիքին, իսկ մենք չորսով շատ կենսախինդ ենք եղել և մի տեսակ շղթայված իրար: Ես այդպես դատարկ չէի կարող ապրել և դատարկությունը լրացրեցի Նարեկով… Նա հիմա իմ ապրելու ուժն ու ցանկությունն է, այն, որ ես ձգտեցի, շատ դժվար օրեր անցկացրի արցունքոտ, կիսախելագար վիճակում, որ նա ծնվի, ամեն կերպ փորձեցի ապրել, որ ընտանիքս ապրի»:

զինվորի մայր

Երկամյա գանգրահեր Նարեկը, որ մեր զրույցի ժամանակ հանգիստ խաղում էր տան ամենալուսավոր անկյունում` հերոս եղբոր ժպտացող նկարի առջև, հայ մոր լավագույն սխրանքի ամենահզոր օրինակն է, որ ուրիշ ոչնչով հնարավոր չի լինի գերազանցել: Նա Մանուշակի` Ազատին տված խոստման իրականացումն է, այն խոստման, որ մայրը տվել էր որդուն վերջին հրաժեշտի ժամանակ, որ Ազատը պիտի շարունակվի, պիտի վերադառնա… Մանուշակը նաև խոստովանում է, որ անկախ Նարեկի հանդեպ ունեցած կապվածությունից` շարունակում է մնալ խիստ ծնող և չի պատրաստվում երես տալ փոքրիկին, որ թեև իր էներգիայով սպառում է իրեն, բայց և սովորեցնում է նորովի ապրել ու վերաիմաստավորել կյանքը ոչ միայն իրենով, այլև Ազատով ու Սարոյով:

զինվորի մայր

Այսքանից հետո մեր զրուցակիցները նաև իրենց ոգեպնդիչ խոսքն ուղղեցին այն հայ մայրերին, որոնք սահմանին կանգնած որդիներ ունեն: Անահիտը կոչ արեց նրանց ուժ գտնել ոչ միայն հանգիստ խղճով որդիներին բանակ ճանապարհելու, այլև հասկանալու, որ հայրենիքը պաշտպանելու համար պիտի բոլորը պայքարեն: Եվ որքան էլ անսպասելի է հնչում, նա պատրաստ է պատերազմի դեպքում, իհարկե Աստված չանի, ինքն էլ մեկնի ճակատ` առանց մի վայրկյան մտածելու, որ ունի դուստր, որն այստեղ իր կարիքն ունի, բայց հողն էլ է կանչում, այն հողը, որի վրա որդու և մեր բոլոր երիտասարդ նահատակների արյունն է թափված, և ամեն ինչ պիտի անել այդ հողերը չկորցնելու համար: Ինչպես հավելում է Մանուշակը, ինքը դարձավ ցմահ զինվորի մայր, զինվորական հագուստի հանդեպ անտարբեր չէ, զինվորների կողքով չի կարողանում սառնասիրտ անցնել, սահմանից եկող լուրերով ինքնըստինքյան հետաքրքրվում է, և այդպես ամեն օր: Նրա ցանկությունն է, որ բոլոր մայրերն իրենց որդիներին բարով ճանապարհեն բանակ և բարով ընդունեն: Այն որդիներին, որ այսօրվա մեր իրականության պարծանքն են` հայրենասեր ու նպատակասլաց: Մանուշակը նրանց մասին պատկերացում է կազմում նաև այն անանուն նամակ-շարադրությունների միջոցով, որ ամեն անգամ գտնում է որդու շիրիմի մոտ: Կարդում է դրանք և ոգեպնդվում: Անահիտն էլ մեր երիտասարդներին մաղթում է առողջություն, անկոտրում ուժ, հաստատուն կամք, որ սահմանը պաշտպանելիս վստահ լինեն` հասկանալով, որ իրենց մայրերին, քույրերին, իրենց ժողովրդին են տալիս խաղաղ պայմաններում ապրելու հնարավորություն, և երբևէ չմտածեն հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունից խուսափելու մասին:

Մայրիկները չմոռացան նաև իրենց մաղթանքն ուղղել Ավետման տոնի առթիվ: Մանուշակը ցանկացավ, որ հայ կանայք չկորցնեն առաջին հերթին իրենց հայեցիությունը, որ նրանց զարդարող ամենակենսական ուժն է, և լինեն առողջ, երջանիկ, պարուրված սիրով ու ժպիտներով: Իսկ Անահիտը շեշտեց, որ իր մեծագույն ցանկությունն է, որ ոչ մի մայր այլևս սև զգեստ չհագնի և չապրի այն ցավը, որ իրենք են տեսել. «Այն, որ ես հիմա Արարատ Խանոյանի մայրիկն եմ, ինձ ապրելու ուժ է տալիս, և մեծ հույսեր ունեմ, որ եթե Աստված կամենա ու ես մայրանամ կրկին, ապա էլի Արարատ լույս աշխարհ կբերեմ, որ նա կարողանա շարունակել եղբոր կիսատ թողած գործը: Ես նրան նույն ոգով կդաստիարակեմ, ինչպես Արարատին, և էլի կուղարկեմ բանակ` հայրենիքը պաշտպանելու: Ես պատրաստ եմ տասը Արարատ ունենալ, որ թուրքը ոտք չդնի այս սրբազան հողի վրա»:

Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: