Հայերեն   English   Русский  

​Սա այն հաղթանակը չէր, որին ձգտում էր Էրդողանը. թուրքագետ


  
դիտումներ: 1156

Թուրքիայի երրորդ Հանրապետությունն այլևս պատմություն է. ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով ամրագրվեց Թուրքիայի չորրորդ` էրդողանական հանրապետությունը, որի սկիզբը դրվել էր դեռ նախորդ տարվա հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Այսպիսին էր բազմաթիվ մասնագետների արձագանքը սահմանադրական հանրաքվեին: Փոփոխված սահմանադրությամբ Թուրքիան դառնում է նախագահական երկիր, իսկ Էրդողանը հնարավորություն է ստանում մինչև 2029 թվականը մնալու երկրի մեծ լիազորություններով ղեկավարի պաշտոնում:

Հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխություններին հավանություն է տվել 51.37 տոկոսը:

«Չնայած սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, սա այն հաղթանակը չէր, որին ձգտում էր Էրդողանը,- ասում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը` մատնանշելով այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են ընդամենը 2.7 տոկոս առավելությամբ:- Սա ցույց է տալիս, որ հասարակության գրեթե կեսը դեմ է Էրդողանի հավակնություններին ու սահմանադրական փոփոխություններին: Սրանով հասարակության բևեռացումըը, որ մշտապես կար Թուրքիայում, էլ ավելի խորացավ»:

Թուրքագետի կարծիքով` այս հանգամանքը կարևոր դեր է ունենալու հետագա ներքաղաքական գործընթացներում:

«Այսպիսով Թուրքիան ճանապարհ է հարթում դեպի ավտորիտար համակարգի խորացում և ուժի առավել մեծ կենտրոնացում Էրդողանի ձեռքում: Բայց մյուս կողմից չափազանց կարևոր է հաշվի առնել, որ հասարակության մի ստվար զանգվածը` գրեթե կեսը, դեմ է արտահայտվել այս ամենին: Սա որոշակի ռիսկեր է ստեղծում»,- ասում է Հովսեփյանը:

Լևոն Հովսեփյան

Թուրքագետը, մատնանշելով հանրաքվեին դեմ արտահայտվածների թվաքանակը և քրդական գործոնը, հետագա ներքաղաքական գործընթացներում լուրջ վտանգներ է տեսնում: Նա նաև կարծում է, որ Էրդողանը չի կարողանա ապահովել կայուն Թուրքիա, ինչը վերջին տարիներին խոստանում է իրեն սատարողներին:

Իսկ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիայում լարված կլինեն առաջիկա 2 տարիները. այդ ընթացքում մոտ 6-7 հազար օրենք պետք է փոխվի կամ համապատասխանեցվի նոր սահմանադրությանը, ինչն էլ լարված պայքար կառաջացնի խորհրդարանում և հասարակության ակտիվ շերտերում:

Ուշագրավ է, որ Թուրքիայում հանրաքվեին դեմ են արտահայտվել բոլոր խոշոր քաղաքները:

«Ակնհայտ է, որ բնակչության այն հատվածը, որը բարձր կրթական ցենզ ունի, զարգացած պայմաններում է ապրում, դեմ է նոր սահմանադրությանը: Կողմ են քվեարկել ժամանակակից աշխարհի միտումներից հետ մնացած անձինք»,- ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով «այո»-ի և «ոչ»-ի բաշխվածությունը:

Սահմանադրական փոփոխություններին դեմ են արտահայտվել նաև քրդաբնակ բնակավայրերը, ինչպես նաև գնչուներով ու ալևի զազաներով բնակեցված շրջանները:

Քվեարկության հետաքրքիր պատկեր է գրանցվել թուրքիայի արտերկրյա համայնքներում: Եվրոպայում բնակվող թուրքերը հիմնականում կողմ են քվեարկել, օրինակ՝ Գերմանիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, իսկ Միացյալ Էմիրություններում, Ալժիրում, Իրաքում, Իրանում, Քուվեյթում, Ադրբեջանում, Սաուդյան Արաբիայում, Օմանում՝առավելապես դեմ: Անդրադառնալով քվեարկության նման պատկերին` Լևոն Հովսեփյանն ասում է, որ այս արդյունքները պետք է դիտարկել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Հիշեցնելով քարոզարշավի ընթացքում Թուրքիայի հարաբերությունների սրումը եվրոպական մի շարք երկրների հետ` Հովսեփյանը նշում է, որ Էրդողանն այդ մարտավարական քայլով կարողացավ ստանալ եվրոպաբնակ թուրքերի աջակցությունը: «Պետք է նշել, որ Եվրոպայի թուրքերը մեծ մասամբ մարգինալացված վիճակում են, չեն ինտեգրվում եվրոպական միջավայրում, որտեղ բնակվում ու աշխատում են: Եվ էրդողանը կարողացավ ազգայնամոլական հռետորաբանությունն ամրապնդել և քարոզչությունը կառուցել Թուրքիայի դեմ Եվրոպայի դավադրությունների համատեքստում, ինչն էլ սպասված արդյունքը տվեց»,- ասում է նա:

Ռուբեն Սաֆրաստյանը ևս արձանագրում է` արևմտյան որոշ երկրների հետ հարաբերությունները փչացնելու գնով Էրդողանը կարողացավ հաղթել Եվրոպայում բնակվող թուրքերի քվեների համար պայքարում:

Թուրքական հանրաքվեի մեկ այլ ուշագրավ հանգամանք են զանգվածային ընտրակեղծիքների մասին հաղորդումները: Ընդդիմությունը պատրաստվում է պահանջել քվեների կեսից ավելիի վերահաշվարկ: Ըստ հրապարակումների` քվեատուփերում մեծ թիվ են կազմել նաև որևէ կնիք չպարունակող քվեաթերթիկները, որոնք իշխանությունները վավեր են հայտարարել:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընտրակեղծիքները նախկինում բնորոշ են եղել թուրքական ընտրություններին, Հովսեփյանն ասում է, որ մշտապես նման գործընթացներ եղել են, սակայն այս անգամ առավել ցայտուն են դրսևորվել:

«Իշխանությունները ցույց տվեցին, որ ամեն կերպ փորձում են հասնել հանրաքվեի դրական ելքի ապահովմանը: Կարող ենք ասել, որ տեղ գտած ընտրակեղծիքները որոշակիորեն կարող էին ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա»,- ասում է նա:

Հարցին՝ ընդդիմության գործողությունները հանրաքվեի արդյունքների վերանայման կհանգեցնեն, թե ոչ, Հովսեփյանը պատասխանում է. «Չեմ կարծում, որ այս իրավիճակում ընդդիմության գործողությունները` բողոքարկումը կամ վերահաշվարկի պահանջը որևէ արդյունք կտան արդյունքները վերանայելու առումով: Այդուհանդերձ, եթե հաշվի առնենք նաև միջազգային ճնշումները, հատկապես՝ Եվրոպայի կողմից, և եթե հաշվի առնենք ներքաղաքական բևեռացումները, կարող ենք ասել, որ այն դեր կխաղա Թուրքիայի հետագա քաղաքական օրակարգում` ժամանակ առ ժամանակ հանգեցնելով տարբեր անկայուն իրավիճակների»:

Նշենք, որ սա Թուրքիայում տեղի ունեցած 7-րդ սահմանադրական հանրաքվեն էր: Մինչ այս Թուրքիայում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների 6 հանրաքվե, և միակձախողվածը եղել է 1988 թ. սահմանադրական հանրաքվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: