Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 737

Ապրիլի 21-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա «Սովորական օր» տրագիկոմեդիայի պրեմիերան:

Հեղինակներ՝ Դարիո Ֆո, Ֆրանքա Ռամե: Բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան: Նկարիչ՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան: Դերասան՝ Տաթև Ղազարյան: Մեկ օր մի կնոջ կյանքից, որը ինքնասպանություն կատարելու եզրին է։ Տարօրինակ, երբեմն զավեշտալի հանգամանքները հաջորդում են միմյանց՝ անընդմեջ խանգարելով կնոջ մտադրության իրականացմանը։

Ապրիլի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Ադանի «Ժիզել» բալետը: Բեմադրող բալետմայստեր՝ Մ. Մնացականյան: Ներկայացումը վերականգնող բալետմայստեր՝ Վ. Գալստյան: Դիրիժոր՝ Ռ. Ասատրյան: Նկարիչ՝ Ա. Բարսեղյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

Ապրիլի 22-ին Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանում տեղի կունենա «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ձեռնարկի շնորհանդեսը: Հեղինակները՝ Կարին Գրիգորյանն ու Վահե Բուդումյանը, կներկայացնեն աշխատանքի նախապատմությունը, կառուցվածքն ու բովանդակությունը:

Ապրիլի 23-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կներկայացվի «Մեծ լռություն» դրաման: Բեմադրության հեղինակ` Արմեն Խանդիկյան: Դերերում՝ Գուժ Մանուկյան, Արթուր Ութմազյան, Գոհար Իգիթյան, Ռոբերտ Հարությունյան և ուրիշներ:

Ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հանդես կգան երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և նրա ղեկավարած երգչախումբը, «Փարոս» երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովիկ Սահակյան), «Նժդեհ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան), ինչպես նաև կցուցադրվի Գարեգին Աղաբեկյանի լուսանկարների ցուցահանդեսը: Մուտքն ազատ է:

Ապրիլի 25-ին Երևանի պետական կամերային թատրոնում կցուցադրվի Հասմիկ Տեր-Կարապետյանի «Ժամանակի վարագույրը» մոնոներկայացումը: Բեմադրիչ՝ Գառնիկ Սեյրանյան: Այն պատմում է հայ դերասանուհի Արուսյակ Փափազյանի վերելքի, հաղթանակի ու ողբերգության մասին: 165 տարի առաջ հայկական բեմն ու հանդիսատեսն առաջին անգամ լսեց Արուսյակ Փափազյանի անունը: Կին, որ ապրեց հարուստ ստեղծագործական կյանք՝ արժանանալով անլռելի ծափահարությունների բեմի վրա, իսկ կյանքի վերջում` աղքատության և մոռացության:

Ապրիլի 26-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր, դերասան, սցենարիստ Իվան Պերեստիանիի «Անուշ» ֆիլմի ցուցադրությունը: «Անուշ» ֆիլմը Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի էկրանավորումն է, որը նկարահանվել է 1931 թվականին: Սցենարի հեղինակ` Իվան Պերեստիանի: Բեմադրող ռեժիսոր` Իվան Պերեստիանի: Բեմադրող օպերատորներ` Ալբերտ Կյուն, Կոնստանտին Ռոդենդորֆ: Բեմադրող նկարիչ` Եվգենի Լանսերե, Մարտիրոս Սարյան: Գլխավոր ադմինիստրատոր` Կ. Տեր-Մարտիրոսյան: Մուտքն ազատ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: