Հայերեն   English   Русский  

​«Կարծում եմ՝ զավեշտը դեռևս առջևում է». փաստաբանը «Սասնա ծռերի» գործով մեղադրանքների խստացման մասին


  
դիտումներ: 6640

«Սասնա ծռերի» գործով 18 մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները խստացվել են: Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՊՊԾ գնդի գրավման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը: Եվ, ըստ այդմ, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

Այսպես, 18 մեղադրյալներին էլ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի «պատանդ վերցնելը» հոդվածի հատկանիշներով: Ըստ այդմ՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով:

Բոլորին առաջադրված մյուս հոդվածը՝ 235-րդը, 3-8 տարի ժամկետով պատիժ է նախատեսում կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին, Հովհաննես Վարդանյանին, Տիգրան Մանուկյանին, Արթուր Սողոմոնյանին և Գառնիկ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել նաև գողության հատկանիշներով: Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին, Արամ Հակոբյանին, Մանվել Աթոյանին, Վարդգես Գևորգյանին, Արթուր Մելքոնյանին և Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել նաև 219-րդ հոդվածով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, պատժվում են ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով:

Ինը հոգու մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու համար: Կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով իրականացված այս արարքը ենթադրում է 8-12 տարի ազատազրկում գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Գառնիկ Հովակիմյանը մեղադրվում են նաև ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համ վնասելու մեջ, ինչն առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառել: Այս արարքի համար քրեական օրենսգիրքը նապատեսում է պատիժ 2-6 տարի ազատազրկմամբ:

Վարդգես Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև 268-րդ և 365-րդ հոդվածներով, այն է՝ թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի և մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: Այս հոդվածներից առաջինը նախատեսում է պատիժ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Մեղադրյալներից Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ մեղադրանքներն անհիմն են ծանրացվել: «Քրեական դատավարությամբ սահմանված է՝ եթե գործով հանգամանքներ են բացահայտվում, կարող է մեղադրանքը խստացվել, բայց այն, ինչ հիմա է արվում, այդ դեպքը չէ»,- ասում է Սարգսյանը:

Փաստաբանը նշում է, որ ի սկզբանե ԱԱԾ-ում գործի նախաքննությունը շատ խճճված է սկսվել: «Նույնիսկ այն անձանց են շենք շինություններ գրավելու հոդվածով մեղադրանք առաջադրել, որոնք այդ օրերին անգամ չեն էլ եղել այդտեղ»,- ասում է նա՝ հավելելով, որ սխալներն ի սկզբանե շատ են եղել:

Հայարփի Սարգսյան

Սարգսյանը կարծում է, որ առաջադրված մեղադրանքները խստացնելը ոչ թե քննիչների ջանասեր աշխատանքի և նոր բացահայտումների արդյունք է, այլ «ցանկանում են բոլորին նույն հոդվածներով մեղադրանք առաջադրել և այդ առումով բոլորի համար հավասարություն ստեղծել»:

«Դեռևս 42 հատոր նյութ ունենք ուսումնասիրելու, կարծում եմ՝ զավեշտը դեռևս առջևում է»,- ասում է Սարգսյանը:

Անդրադառնալով նախորդ ամռանը իրավապահների կողմից հնչեցված, բայց դեռևս չիրագործված խոստումներին, թե կամավոր հանձնվելու դեպքում քրեական պատասխանատվությունից կազատվեն, Սարգսյանը նշում է. «Դա իրենց կողմից պատրաստակամություն չէր, այլ ընդամենն օրենքի պահանջ էր՝ ամրագրված ՀՀ քրեական օրենսգրքում»:

Քրեական օրենսգրքի 218, 219 և 235-րդ հոդվածները, որոնց հատկանիշներով են հիմնականում մեղադրանքներն առաջադրված, սահմանում են, որ կամովին պահանջներից հրաժարված, պատանդներին ազատած և զավթածը հանձնած անձինք ազատվում են պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: