Հայերեն   English   Русский  

​Բազա-բնակավայրերի ստեղծում. ի՞նչ է քննարկել Հանրային խորհուրդը ՊՆ ներկայացուցչի հետ


  
դիտումներ: 937

Օրերս Հանրային խորհրդում քննարկվել է մի շատ կարևոր հարց` կապված սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրների հետ: Հարցը հրատապ է հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ականատես եղանք, թե ինչպես Թալիշում հակառակորդը գազանաբար հաշվեհարդար տեսավ խաղաղ բնակչության հետ: Սակայն սահմանամերձ գյուղերի անվտանգության ու զարգացման հարցը շատ ավելի խորքային ու ռազմավարական նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից և առանձին դեպքերում: Դա մեր զինված ուժերի անմիջական թիկունքում գտնվող պաշտպանական գոտին է, որի ամրությունը, հզորությունն ու կազմակերպվածությունը նույնքան կարևոր ու առաջնային են, որքան բանակի դեպքում:

Ի՞նչ է քննարկվել Հանրային խորհրդում և ովքե՞ր են մասնակցել այդ կարևոր քննարկմանը: «Շիրակ տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանն իր հեղինակած սահմանամերձ գոտիները (և Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգը մեկ անգամ չէ, որ ուղարկել է պետության ղեկավարներին: Ամեն անգամ նրա դիմումը վերահասցեագրել են ՀՀ պաշտպանության նախարարություն, և հարցն այդպես էլ ընթացք չի ստացել: Սակայն նա կարծում է, որ հարցը ոչ թե ՊՆ-ն պետք է քննարկի, այլ ՀՀ կառավարությունը:

Ահա Հրայր Մելքոնյանը իր հայեցակարգը ներկայացրել է Հանրային խորհրդում, իսկ քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը: ՊՆ ներկայացուցիչն էլ իր հերթին է ներկայացրել, թե կառավարությունն ինչ քայլեր է նախատեսում իրականացնել:

Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանամերձ համայնքների համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով: Բալասանյանը, որ նաև միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավարն է, Հանրային խորհրդում որոշ մանրամասներ է ներկայացրել սահմանամերձ համայնքների պաշտպանական, սոցիալական և ենթակառուցվածքային հարցերի լուծման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` շատ փակագծեր, սակայն, չբացելով: Նա նշել է, որ մոտ ապագայում տեղի է ունենալու միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, և պաշտպանության նախարարը, որ հանձնաժողովի նախագահն է, անձամբ կներկայացնի բոլոր անելիքները:

Պետության քայլերը ողջունելի են, սակայն դրանք նաև ուշացած կարելի է համարել, քանի որ սահմանամերձ համայնքներում լուրջ անելիքներ կան վաղուց: Այնուամենայնիվ լավ է, որ հիմա գոնե սայլը տեղից շարժվում է. լավ է ուշ, քան երբեք: Հրայր Մելքոնյանը, որ այդ հարցի մասին բարձրաձայնում է տարիներ ի վեր, առաջ է քաշում սահմանամերձ համայնքներին առանձին կարգավիճակ շնորհելու և բազա-բնակավայրեր ստեղծելու գաղափարը:

«Սահմանամերձ տարածքները կարելի է համարել պատերազմական գոտի: Ճիշտ է, հայտարարված պատերազմական գործողություններ չեն ընթանում, սակայն հակառակորդի դիպուկահարների մշտական ակտիվությունը, տարբեր մարտական գործողությունների իրականացումը, դիվերսիոն խմբերի ներխուժման մշտական վտանգն այդ տարածքների բնակչությանը պահում են մշտական լարվածության մեջ,- ասում է նա,- դրա հետևանքով այդ տարածքներում բնակչությունը շարունակաբար նոսրանում է, բնակավայրերը դատարկվում են»:

Որպեսզի դա տեղի չունենա, նա առաջարկում է ստեղծել անվտանգության և սոցիալական այնպիսի համակարգ, որի պարագայում բնակիչն իրեն կհամարի պաշտպանված, իսկ այդ բնակավայրերը կդառնան գրավիչ ապրելու և գործունեություն իրականացնելու համար: Նա առաջարկում է ստեղծել բազա-բնակավայրերի շղթա:

Բազա-բնակավայրը համայնք է, որտեղ բնակիչը, բացի իր առօրեական խնդիրները կատարելուց, մասնակցում է նաև անվտանգության միջոցառումներին (հերթապահում է բազայի դիտակետերում, պահանջված դեպքում մասնակցում է ինքնապաշտպանական գործողություններին և այլն): Բազա-բնակավայրի ղեկավարումն իրականացնում է համայնքապետը, որին նշանակում է բազայի պատասխանատու կազմակերպությունը: Համայնքապետը միաժամանակ հանդիսանում է բազայի պարետ և իրականացնում բազայի անվտանգության ապահովման միջոցառումները: Բազա-բնակավայրը պետք է ունենա տրանսպորտ և ինքնապաշտպանության համար անհրաժեշտ հաշվառված ռազմական միջոցներ: Բազա-բնակավայրում պետք է նախատեսվի և ապահովվի բնակիչների 100%-անոց զբաղվածություն: «Օրինակ՝ դա կարող է ապահովվել պաշտպանության նախարարության, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարիքների բավարարման հետ կապված աշխատանքներն այդ բազաներում իրականացնելու միջոցով»,- նշում է հեղինակը:

Բազա-բնակավայրերի բնակիչները և նրանց ընտանիքների անդամները պետք է ստանան անվճար բժշկական ապահովագրություն, բազայում ապրած տարիները պետք է համարվեն աշխատանքային ստաժ, իսկ բազայում ապրած 1 տարին պետք է հավասարեցվի սովորական բնակավայրերի 1,5 տարվա հետ: Բազա-բնակավայրի բնակիչները պետք է ազատված լինեն գույքահարկից, ջրի հարկից, հողի հարկից: Բազա-բնակավայրերում բնակվելու ցանկություն հայտնող քաղաքացիներին անհատույց պետք է հատկացվի բնակարան և հողատարածք: Բազա-բնակավայրերին անհատույց պետք է տրվեն հողատարածքներ և հատկացվեն խոշոր և մանր եղջերավոր անասուններ որպես համայնքային սեփականություն: Բազա-բնակավայրերը պետք է լինեն ԱԱՀ-ից ազատված, ազատ առևտրի և բիզնեսի գոտիներ: Տնտեսվարող սուբյեկտների համար պետք է նախատեսվի 5-10% շահութահարկ: Բոլոր բազա-բնակավայրերում պետք է կազմակերպվեն կարի և կոշիկի ֆաբրիկաներ ու գյուղատնտեսական մթերքների գնման բազաներ, իսկ հարակից բնակավայրերի բնակիչներին պետք է աշխատատեղեր առաջարկվեն այդ ֆաբրիկաներում, որոնք պետք է ապահովեն ՊՆ, ոստիկանության և ԱԱԾ կարիքների համար օգտագործվող սպիտակեղենի, ներքնաշորերի, հագուստի, կոշկեղենի ամբողջ պահանջարկը: Բազա-բնակավայրի և դրա հետ կապված հարակից բնակավայրերի բնակիչների արտադրած գյուղմթերքներն ամբողջ քանակով և շուկայական գներով պետք է մթերվեն գնման բազաներում և օգտագործվեն ՊՆ, ոստիկանության և ԱԱԾ կարիքների համար, և այլն:

Հրայր Մելքոնյան

Հրայր Մելքոնյանի խոսքով՝ այդպիսի համակարգի ստեղծումը չի կարող իրականացվել միանգամից, այլ պետք է իրականացվի փուլերով` դառնալով համապետական գործընթաց: Իսկ հաջողության միակ գրավականն այն է, որ դրանում պետք է ներգրավվի ողջ հասարակությունը: «Արդյունքում կապահովվի սահմանամերձ գոտու անվտանգությունը, կնվազի արտագաղթը, կստեղծվեն ներգաղթի պայմաններ և հնարավոր կլինի բնակեցնել սահմանամերձ տարածքները»,- թվարկում է հեղինակը:

Նա նաև նշում է, որ այսպիսի բնակավայրերի ցանցի ստեղծումը նորություն չէ, սրա նախատիպերից են հայկական բդեշխությունները, ռուսական կազակական ստանիցաները, իսրայելական կիբուցները և այլն:

«Հայկական բդեշխությունները նույնպես ստեղծվել են սահմանային գոտիները պաշտպանելու համար: Ամբողջ բնակչությունը համարվել է աշխարհազոր, իսկ բդեշխները ավագության կարգով թագավորից հետո եղել են երկրորդը»,- ասում է նա:

Հետաքրքիր է նաև իսրայելական փորձը. իսրայելական կիբուցները համայնական տնտեսություններ են, որոնցում նախատեսված են թե՛ սոցիալական արտոնություններ, թե՛ բիզնես գործունեություն իրականացնելու գրավիչ պայմաններ: 2001 թ. տվյալներով Իսրայելում արդեն ստեղծվել էր 267 կիբուց` 115 000 բնակչությամբ: Կիբուցների չափահաս բնակչությունը համարվում է իսրայելական պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մաս, իսկ բնակիչների մի զգալի մաս ներգրավված է պաշտպանական բանակի հրամանատարական կազմում:

Ինչևէ, գաղափարը իրոք գրավիչ է, և հեղինակը հույս ունի, որ գոնե հիմա՝ այսքան տարիներ բարձրաձայնելուց հետո, իշխանություններն այն հաշվի կառնեն, մանավանդ որ կառավարությունը նույնպես սկսել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Սակայն պետական ծրագրում Մելքոնյանը չի տեսնում ամենագլխավորը` համակարգային մոտեցումը, ինչը, ըստ նրա, ամենակարևորն է, քանի որ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք, այլ պետք է մշակվեն և իրականացվեն իբրև կայուն, ամբողջական համակարգ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: