Հայերեն   English   Русский  

​Մարտի են գնում միայն մատնիչները


  
դիտումներ: 581

Ցանկացած խելամիտ իշխանություն լավ գիտի, որ երբ խարխլում է ընդդիմադիր դաշտը և ընդդիմությանը զրկում կենսագործունեությունից, ստեղծում է քաղաքական ճգնաժամ և պարարտ հող պատրաստում իր իսկ քայքայման համար: Երբ իշխանությունը դաշտում մնում է մենակ՝ առաջանում է քաղաքական կոնֆլիկտ հենց իշխանության ներսում, քանի որ իշխանության մեջ արդեն առաջանում է ազդեցության լծակների վերաբաշխման խնդիրը, և միևնույն քաղաքական ուժի ներքին խմբավորումները (կլանները, թայֆաները) մտնում են պետական կերակրատաշտից ավելի շատ օգտվելու, ավելի մեծ ու ազդեցիկ լծակներ ձեռք գցելու պայքարի մեջ: Իսկ սա միշտ ունենում է մի հետևանք` տվյալ քաղաքական ուժը կորցնում է նախ միասնականությունը, հետո` դիմադրողականությունը, քանի որ երբեմնի թիմակիցներն արդեն դառնում են ախոյաններ: Փաստորեն, տվյալ քաղաքական ուժը քայքայվում է:

Հիմա նայենք մեր իրականությանը: Վերջին առնվան 4-5 համապետական ընտրություններում (սահմանադրական հանրաքվեն էլ վրադիր) մեր երկրի իշխանությունները հետևողականորեն «ստերջացրին» ընդդիմությանը: Ու հետևանքները երկար չսպասեցրին: Այսօր արդեն բազմաթիվ իրողություններ կան, որոնք հուշում են ՀՀԿ-ում սկսված ներքին անզիջում «պատերազմի» մասին, թեև ՀՀԿ-ականները փորձում են խնամքով թաքցնել դա:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այս կապակցությամբ նշում է, որ ընտրություններից հետո ամենալուրջ քաղաքական պայքարը տեղի է ունենում ՀՀԿ-ի տարբեր թևերի միջև, ուստի իշխանության տարբեր ճյուղերի միջին և բարձր օղակներում կունենանք որոշակի փոփոխություններ, քանի որ ՀՀԿ-ի միջին ու երիտասարդ գվարդիայի դերն ավելացել է: Բնական է՝ նրանք փորձելու են հին գվարդիային հնարավորինս դուրս մղել խաղադաշտից:

Իսկ այդ կատաղի պատերազմում (հատկապես ՀՀԿ-ի պես կլուբ-կուսակցության դեպքում, որտեղ հավաքվածների մեծ մասին ո՛չ քաղաքական հայացքներն են հետաքրքիր, ո՛չ գաղափարական հենքը, ո՛չ կուսակցական սկզբունքները, այլ միայն սեփական շահն ու իշխանության քաղցր հյութը մի քիչ էլ վայելելու մղումը) ամենևին խորթ չեն նաև գոտկատեղից ներքև հարվածները, որոնց ձայնը մենք այսպես թե այնպես լսում ենք: Ուստի առկա իրողություններին նայենք կոնկրետ օրինակներով:

Օրերս մեծ աղմուկ հանեց «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որը հրապարակվեց Hayastan24.com կայքում: Լսեցինք, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկն աշխատակիցներին հորդորելով, ստիպելով, վախեցնելով ու սպառնալով ուղղորդում աշխատել Արտակ Սարգսյանի՝ Սասի Արտակի օգտին: Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ նման ժողովները, գոնե վեջին 20 տարում, մշտապես եղել են ընտրությունների անբաժան ուղեկիցները: Այդպիսի ժողովներ են տեղի ունենում տարբեր ձեռնարկություններում, հայկական ուրիշ ոչ պակաս հայտնի ցանցերի աշխատակիցների հետ: Ուստի հարց է ծագում՝ ինչո՞ւ հրապարակ նետվեց հենց այս ձայնագրությունը:

Հրապարակումից անմիջապես հետո, ի դեպ, շրջանառության մեջ մտան որոշ խոսակցություններ, թե «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ. այն ոստիկանության օպերատիվ ու տեխնիկական միջոցների օգնությամբ է կատարվել՝ կոմպրոմատ ձեռք բերելու նպատակով, որ կախված ընտրությունների արդյունքներից՝ կրող էր օգտագործվել, կամ ոչ: Անշուշտ, անհնար է պնդել այս խոսակցությունների արժանահավատությունը, այնուամենայնիվ, ակնհայտ տրամաբանություն կա. աները փորձել է ասպարեզից հեռացնել իր փեսայի մրցակցին, քանի որ փեսան իր արդյունքներով երրորդն է եղել և ԱԺ կանցնի միայն այն դեպքում, եթե «ճամփեն բացվի»: Ի դեպ, հիշենք նաև, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ական մեկ այլ առաջատարի՝ ԱԺ գործող նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մասին նույնպես քիչ չէին քրեաբնույթ հրապարակումներն ու միջադեպերը:

Մի խոսքով՝ «կոմպրոմատների» վարկածը պնդել չենք կարող, բայց չենք կարող նաև բացառել:

Այս իրարանցմանը նայենք մեկ այլ կողմից: Դատելով ԿԸՀ արձանագրած թվերից՝ ՀՀԿ-ի ռեյտինգային բոլոր թեկնածուները միասին ստացել են 739.000 ձայն, մինչդեռ կուսակցության ընդհանուր ձայները 771.000 էին: Այսինքն՝ ձայների առյուծի բաժինն այդ թեկնածուներն են բերել: Իսկ դա նշանակում է, որ ներկուսակցական կատաղի պայքարում հենց այդ ռեյտինգային թեկնածուների լեզուն է երկար, քանի որ նրանք կարող են ասել, որ իրենց շնորհիվ է ՀՀԿ-ն իշխանության մնացել: Իսկ եթե գործընկերներն իրենց են պարտական իշխանության մնալու համար, ապա ինչո՞ւ ավելի հեռուն չգնալ և իրենց կամքը չթելադրել… Բնականաբար, նման դեպքում պետք է առաջանա «վերևների» հակաքայլը, ու մի ցայտուն օրինակը լիովին բավարար է բոլորին ասելու՝ գիտենք, թե ինչպես եք «թիվ խփել», այնպես որ՝ ձեզ խելոք պահեք, կարող են նաև քրեական պատասխանատվության հարցեր առաջանալ: Դա լիովին բավարար է մյուսներին հասկացնելու, որ որոշ սահման չի կարելի անցնել:

Սակայն չսևեռվենք միայն ՍԱՍ-ի ձայնագրությունների վրա, բազմաթիվ հրապարակումներ եղան նաև, որ ՀՀԿ-ում նոր կռիվ է ընկել ԱԺ անցնելու, անցնելուց հետո կառավարությունում պաշտոն ստանալու համար: Եվ ելնելով այն հանգամանքից, թե ում ականջներն են երևում այդ հրապարակումների ու լրատվամիջոցների հետևում, կարող ենք վստահ լինել, որ առավել ճարպիկներն արդեն հաղթանակ են տոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: