Հայերեն   English   Русский  

​Հանձնարարականները կատարմամբ են գեղեցիկ


  
դիտումներ: 1377

Չկա կառավարության գեթե մեկ նիստ, որը չսկսվի վարչապետի հանձնարարականներով:

Ավելին՝ միշտ էլ ուշագրավ են եղել այս կամ այն միջոցառման, հանդիպման, այցի շրջանակներում վարչապետի հայտնած մտքերը, կարծիքները, «ոտքի վրա» տրված հանձնարարականները, որակումներն ու համեմատությունները: Ընդ որում, սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ վարչապետի «դրայվը» նախընտրական նրբերանգներ ունի, սակայն ընտություններից հետո էլ Կարեն Կարապետյանը չի հրաժարվում իր գործելաոճից:

Օրինակ՝ վերջերս, երբ հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ, դժգոհել է, թե «որտեղի՞ց ա սաղիդ մոտ նստած էդ պոլիտբյուրոյի մտածելակերպը»: Այնուհետև, կարևորելով Գյումրու սելեկցիոն կայանի զարգացումն ու գործունեության ընդլայնումը, վարչապետը հանձնարարեց կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ծրագիր: «Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում և դրա դիմաց ինչ ենք կարողանում անել: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: …Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է և՛ սերմերի արտադրությամբ, և՛ վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ էլ, երբ վարչապետին տեղեկացրին, որ մշակվել է ճանապարհային ցանցի զարգացման 5-7 տարվա ծրագիր, որով ճանապարհների պահպանման և շահագործման ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է տարեկան 90 մլրդ ՀՀ դրամ, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Դուք գիտեք, որ մենք այդ 90 մլրդ դրամը չունենք: Ինչպե՞ս պետք է լուծում տանք խնդրին: Պետք է ճանապարհների դասակարգում անել՝ ո՞ր համայնքներում ճանապարհի ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ և քարտեզը գծելուց հետո վերահաշվարկ անել: Ինչքան շատ ռանգավորեք, այնքան շատ ֆինանսական էֆեկտ կունենանք»:

Եվ այսպես վարչապետն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում աչքի է ընկել բազմաթիվ հանձնարարականներով ու խոստումներով, որոնց մի զգալի մասն իսկապես ուշագրավ է: Օրինակ՝ ներմուծման խոչընդոտների վերացման, ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու, հարկային վարչարարության փոփոխության, չաշխատող պետական կապիտալից, իր խոսքով՝ «բալաստից» ազատվելու, շուկայի ազատականացման, Լարսի անցակետին այլընտրանք գտնելու, ներդրողների ակումբ հիմնելու, Հայաստան 3.2 միլիարդ դոլարի ներդրումներ բերելու և այլն: Ու մարդկանց հետ զրույցներում միշտ մի հարց է կարմիր թելի պես անցնում՝ որքանո՞վ է անկեղծ Կարեն Կարապետյանը, որքանո՞վ է հետևողական իր հանձնարարականների կատարմանը:

Այս հարցին միանշանակ պատասխան տալ, իհարկե, հնարավոր չէ: Բայց կարելի է դիտարկել արված հանձնարարականները ու հասկանալ՝ ինչքանով կամ ինչպես են կատարվել, որպեսզի որոշակի պատկերացում կարողանանք կազմել նաև, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ ներկա ու ապագա հանձնարարականներից:

Այս տարվա հունվարի 28-ին կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ վարչապետի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, խոսելով տրված հանձնարարականների կատարողականների մասին, նա նշում էր. «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար»:

Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, ապրիլի 6-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության ծրագրին, և քանի որ կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է և առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն, հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ ներկայացրեց հաշվետվություն կառավարության նիստերի ընթացքում տրված հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: «Սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը ՀՀ կառավարության նիստերում հնչել են բազմաթիվ հանձնարարականներ, և դրանց հիմնական մասը վերաբերել է քաղաքականության իրականացմանը: Այս համատեքստում նախարարությունները պետք է մշակեին համապատասխան իրավական ակտեր: Զեկուցում եմ, որ այս ընթացքում մշակվել է ընդհանուր առմամբ 101 իրավական ակտ, որից 51-ն արդեն ընդունվել է: Այդ ակտերի թվին են պատկանում օրենքների նախագծեր, կառավարության և վարչապետի որոշումներ, որոշ դեպքերում՝ նաև նախարարների հրամաններ»,- զեկուցեց Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ կառավարության աշխատակազմին կհանձնարարեն պատրաստել հաշվետվություն, որը պարբերաբար կթարմացվի կառավարության համացանցային էջում, և հանրությունը հնարավորություն կստանա տեսնելու, թե ինչպես են կատարվում վարչապետի հանձնարարականները: Իսկ Կարեն Կարապետյանը, դիմելով կառավարության նիստի մասնակիցներին, նշեց, որ կառավարությունը պարբերաբար հաշվետվություն է տալու հանձնարարականների կատարման վերաբերյալ: «Խնդրանք բոլոր ոլորտների, գերատեսչությունների, նախարարությունների ղեկավարներին հսկողություն սահմանել, որովհետև շատ դեպքերում ունենում ենք հանձնարարականի կատարման ուշացում կամ ոչ որակյալ, ոչ ֆունկցիոնալ կատարում»,- ասաց վարչապետը:

Այս առումով՝ բերենք մի օրինակ: Վարչապետը Վերին Լարսի անցակետով Հայաստանը Ռուսաստանին կապող խնդրահարույց ճանապարհին այլընտրանք գտնելու հանձնարարական էր տվել, և այդ «այլընտրանքը», պարզվեց, Հարավկովկասյան երկաթուղիների միջոցով դեպի Բաթումի, Փոթի նավահանգիստներ բեռները հասցնելն ու այնտեղից լաստանավերով ՌԴ տարածք տեղափոխելն է: Հիմա սա պատկերացնենք Հայաստանից Ռուսաստան ամենաշատ արտահանվող ապրանքներից հայկական կոնյակի օրինակով: Ենթադրենք՝ մի գործարար իր մեկ կոնտեյներ կոնյակը պետք է հասցնի, օրինակ, Մոսկվա: Կա՛մ նա պետք է դա կազմակերպի բեռնատարով, այսինքն՝ գործարանում բեռնատար բարձի իր ապրանքը, Լարսի ճնապարհով հասցնի Մոսկվա ու այնտեղ բեռնաթափի, կա՛մ կառավարության առաջարկած այլընտրանքով: Ստացվում է, որ գործարարը նախ պետք է այդ կոնյակը բարձի բեռնատար ու գործարանից հասցնի երկաթուղային կայարան, այնուհետև բեռնատարից այդ կոնտեյները տեղափոխի գնացք, այնուհետև գնացքը, բեռնատարից ավելի դանդաղ, կհասնի Բաթումի կամ Փոթի, որտեղ կոնտեյները գնացքից պետք է բեռնաթափի, հետո սպասի լաստանավին, հետո բարձի լաստանավ, հասցնի Նովոռոսիյսկ, ուր կոնտեյները պետք է նորից բեռնաթափվի, այնուհետև նորից բարձվի մեկ այլ բեռնատար ու հասցվի Մոսկվա: Իհարկե, եթե այդքան բարձել-բեռնաթափելուց հետո այդ կոնյակից ինչ-որ բան մնա: Թե սա որքան նյարդեր, որքան ռիսկեր, որքան լրացուցիչ ծախսեր է պահանջում՝ դեռ մի կողմ դնենք, սա ժամանակ է խլում, որը յուրաքանչյուր գործարարի համար ամենից կարևորն է: Բայց դե ֆորմալ առումով վարչապետը հանձնարարել էր գտնել այլընտրանք, մարդիկ էլ գտել են ու հանգիստ խղճով կարող են հանձնարարականի դիմաց «պտիչկա» դնել…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: