Հայերեն   English   Русский  

Հովհաննես Բաղրամյան. «Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ ինչ աննպաստ պայմաններում էր կռվում ղարաբաղցիներից կազմավորված 5-րդ հրաձգային գունդը


​ՓԻՐՈՒՄՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 2637

1918 թվականի մայիսն ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր մեր ժողովրդի համար. արևելահայության գլխին կախված էր ֆիզիկական ոչնչացման վտանգը:

Հավաքելով վերջին ուժերը՝ հայերը Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում գոյամարտի ելան ու ջախջախեցին թուրքական զորքերը՝ պատմական հայրենիքի մի անկյունում ապահովելով հայության ապրելու իրավունքը:

Մայիսյան հերոսամարտերից բախտորոշ էր հատկապես Սարդարապատի հերոսամարտը, քանզի Սարդարապատի ուղղությամբ թուրքական բանակը սպառնում էր ուղիղ Արևելահայաստանի սրտին՝ Երևանին:

Պետք է նշել, որ հայ-թուրքական դարավոր կողք-կողքի գոյակցության ժամանակահատվածում Սարդարապատի հերոսամարտն առաջին հանդիպակաց մարտն էր հայկական և թուրքական բանակների միջև: Մինչ այդ հայությունը թուրքերի դեմ մղել էր բազում ֆիդայական մարտեր, բայց որպես հանդիպակաց մարտ՝ սա առաջինն էր:

Վերլուծելով մայիսյան հերոսամարտերին նախորդած մի քանի տարիների իրադարձությունները՝ հայությունը գիտակցում էր, որ դատապարտված է ոչնչացման, և կարծես փրկության, առավել ևս՝ ճակատամարտերում հաղթանակների որևէ հնարավորություն և հույս չպետք է փայփայեր: Բայց հաղթանակները եղան, և այդ հաղթանակներով կերտվեց հայ ժողովրդի ապագան: Ծնվեց Հայաստանի Հանրապետությունը: Պատմական հայրենիքի տարածքում, գրեթե ութհարյուրամյա պետականազուրկ գոյությունից հետո, հայությունը շտկեց իր մեջքն ու պետականություն կերտեց:

Պողոս Բեկ-Փիրումյան

Սարդարապատի հաղթանակը մեծապես կապված է երկու անվան հետ՝ հայկական կորպուսի սպաների, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյան եղբայրների, որոնք, մի արմատից ելնելով՝ պատվով անցան իրենց կյանքի ուղին, հերոսացան ու գրեթե միաժամանակ ողբերգական վախճան ունեցան:

Սարդարապատի ճակատամարտում հայկական բանակի գլխավոր հրամանատարն էր գնդապետ Դանիել Աբիսողոմի Բեկ-Փիրումյանը: Նա ծնվել է 1861 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Խաչեն գավառի (ներկայիս Ասկերանի շրջանի) Նախիջևանիկ գյուղում:

Դանիել Բեկ-Փիրումյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի ծխական դպրոցում, ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը: 20 տարեկանում անցել է զինվորական ծառայության երևանյան 13-րդ լեյբ-գվարդիական գնդում: Այնուհետև նրան գործուղում են Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարան, ուր երկու տարի սովորելուց հետո փոխպրապորշչիկի զինվորական կոչումով տեղափոխվում է Օրանիենբաումի սպայական հրաձգային դպրոց, որն ավարտում է փոխգնդապետի զինվորական կոչումով առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 1913 թվականին:

Դեռ 1888 թ. Դանիել Բեկ-Փիրումյանը ստանում է պորուչիկի, 1900 թ.՝ կապիտանի զինվորական կոչում: Իսկ առաջին աշխարհամարտը Դանիել Բեկ-Փիրումյանը դիմավորեց փոխգնդապետի զինվորական կոչումով և գնդի հրամանատարի պաշտոնով:

Պատերազմի հենց սկզբից Դանիել Բեկ-Փիրումյանը ռուսական բանակի կազմում կռվեց Կովկասյան ռազմաճակատում՝ աչքի ընկնելով բազում մարտական գործողություններում: Ռուսական Գլխավոր շտաբը բարձր է գնահատել փոխգնդապետ Բեկ-Փիրումյանի ծառայություններն ու նրան շքանշաններով պարգևատրել, ինչպես նաև՝ գեորգիևյան անվանական զենքով:

1917 թվականին Դանիել Բեկ-Փիրումյանն արդեն ռուսական բանակի գնդապետ էր:

1918 թվականի մայիսյան օրհասական օրերին հենց Դանիել Բեկ-Փիրումյանը պետք է վճռական հարվածով փրկեր հայության բեկորները: Թուրքական բանակը սպառնում էր Երևանին: Արամ Մանուկյանը, համախմբելով Արարատյան երկրում գտնվող ուժերը, որոշեց հենց Սարդարապատում կանգնեցնել թշնամու առաջխաղացումը: Եվ Սարդարապատի ճակատամարտի հրամանատար նշանակվեց գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը: Նա թուրքական գերակա ուժերի հանդիման իր հրամանի տակ ուներ 9000 կռվող՝ 8500 հայ և 500 եզդի: Հայոց զինուժը կազմված էր Հայկական կորպուսի մարտիկներից և նախկին ռուսական բանակից փախած հայ զինվորականներից: Եվ բարոյազուրկ, պարտվողի հոգեբանությամբ, Արևմտյան Հայաստանից նահանջած այս զորախմբին նախ հարկավոր էր ոգի ու հավատ ներշնչել, ապա և մարտի առաջնորդել, ինչը հրաշալի կատարեց ռազմաճակատի հրամանատարը: Իսկ Սարդարապատի զորախմբի գլխավոր հարվածային ուժը արցախցիներից կազմված մահապարտների 5-րդ գունդն էր, որի հրամանատարն իր եղբայրն էր՝ Պողոս Բեկ-Փիրումյանը:

Դանիել Բեկ-Փիրումյանը մանրազնին մշակեց մարտի ծրագիրն ու իրականացրեց այն: Նրա գլխավորած ուժերը նախ կասեցրին թշնամու առաջխաղացումը, ապա հուժկու հարվածով ջախջախելով նրան՝ փախուստի մատնեցին:

Ճակատամարտի վճռական պահին Դանիել Բեկ-Փիրումյանը, ընդհանուր հրամանատարությունը վստահելով իր տեղակալ, ազգությամբ գերմանացի գնդապետ Ալեքսանդր Շնեուրին, անձամբ նետվեց մարտի՝ ոգևորելով իր զինվորներին և անձնական սխրանքով օրինակ ծառայելով նրանց:

Սարդարապատը վճռեց հայության բախտը: Ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը, և Դանիել Բեկ-Փիրումյանը ծառայության անցավ Հայաստանի Հանրապետության բանակում՝ դառնալով առաջին բրիգադի հրամանատարը: Նրան շնորհվեց գեներալ-մայորի, իսկ 1919 թվականին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Միաժամանակ Դանիել Բեկ-Փիրումյանը նշանակվում է Կարսի զինվորական պարետ:

Սակայն զինվորական կարիերայի ավարտը դրամատիկ էր հերոսի համար: Նախ ավտովթարի հետևանքով կոտրեց ոտքը՝ երկար ժամանակ գամվելով անկողնուն: 1920 թվականի աշնանը սկսվեց թուրք-հայկական պատերազմը: Հայ կոմունիստները, դավաճանելով ազգային պետականությանը, թուրքերի օգտին թիկունքում տարվող աշխատանքներով կազմալուծել էին հայոց բանակն ու նրա ռազմունակությունը, իսկ երկրի դաշնակցական իշխանություններն անկարող էին այլևս տիրապետել իրավիճակին: Չնայած Կարսն ապահովված էր ռազմամթերքով, պարենով, սակայն բարոյալքված հայոց բանակը գրեթե առանց փամփուշտ արձակելու՝ փախուստի դիմեց: Թշնամին գրավեց քաղաքը և Դանիել Բեկ-Փիրումյանը գերի ընկավ:

Թուրքերը խնայեցին իրենց բանակը Սարդարապատում ջախջախած հայ հերոսին, սակայն նրան 1921 թվականին, Ալեքսանդր Մյասնիկյանի միջամտությամբ, Ալեքսանդրապոլում հանձնեցին ռուսական 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությանը:

Եվ Սարդարապատի հերոսը հայ բոլշևիկների ձեռքով 1921 թվականին գնդակահարվեց Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհին:

Դանիել Բեկ-Փիրումյանի զինվորները կարողանում են հերոսի դին գաղտնի տեղափոխել Վաղարշապատ և հողին հանձնել Սուրբ Գայանե եկեղեցու բակում:

Գրեթե նույն ճանապարհն է անցել և նույն ճակատագրին արժանացել Դանիել Բեկ-Փիրումյանի հորեղբորորդին՝ Պողոս Կարամանի Բեկ-Փիրումյանը:

Պողոս Բեկ-Փիրումյանը ծնվել է 1862 թվականին, Արցախի Խաչենի Նախիջևանիկ գյուղում: Սովորել է Շուշիի զինվորական գիմնազիայում, ապա Թիֆլիսի Յունկերական ուսումնարանում:

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը, Պողոս Բեկ-Փիրումյանը, ծառայելով ռուսական բանակում, հասել է գնդի հրամանատարի աստիճանի գնդապետի զինվորական կոչումով: Նա ծառայել է Ալեքսանդրապոլում, ապա Արդահանում տեղակայված զորամասերում, ի վերջո տեղափոխվել Հեռավոր Արևելք: Պողոս Բեկ-Փիրումյանը պատերազմի առաջին տարիներին՝ մինչև 1916 թվականը, կռվեց Արևմտյան ռազմաճակատում: 1916 թվականին տեղափոխվում է Կովկասյան ճակատ և նշանակվում հայկական հինգերորդ հրաձգային գնդի հրամանատար, որի անձնակազմը հիմնականում համալրված էր արցախցիներով: Գունդը ծանր մարտերով 1917 թվականին նահանջեց Մշո դաշտից և հաստատվեց Նոր Բայազետի շրջանում:

Հենց իր հինգերորդ հրաձգային գնդով, որ ստացավ Մահապարտների գունդ անվանումը, Պողոս Բեկ-Փիրումյանը մասնակցեց Սարդարապատի հերոսամարտին: Հենց նրա հարվածային գունդը վճռեց մարտի ելքը: Պողոս Բեկ-Փիրումյանի գլխավորած Մահապարտների գնդի մասին հետագայում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը գրել է. «Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ, թե գլխավոր հարվածի ուղղությամբ ինչ աննպաստ պայմաններում էր կռվում ղարաբաղցիներից կազմավորված 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ Պողոս Բեկ-Փիրումյան)։ Ես մեծ հարգանքով համակվեցի նրանց հանդեպ՝ մարտում դրսևորած խիզախության ու անձնազոհության համար»։

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Պողոս Բեկ-Փիրումյանը գեներալ-մայորի զինվորական կոչումով ծառայության անցավ Հայկական բանակում:

1920 թվականին տապալվեց Հայաստանի Հանրապետությունը: Երկրին բռնությամբ տիրացած բոլշևիկներն ամեն ինչ անում էին հայությանը թուլացնելու և բարոյալքելու համար: Նրանք ձերբակալեցին հայկական բանակի հարյուրավոր սպաների և գնացքով ուղարկեցին Բաքու, ուր նրանց հոշոտեցին:

Պողոս Բեկ-Փիրումյանի կյանքի թելն ընդհատվեց 1921 թվականին, ծառայողական ատրճանակից արձակած անձնասպան կրակոցով: Չդիմանալով բոլշևիկյան ճնշումներին, միայնության մեջ, Դանիել Բեկ-Փիրումյանի սպանությունից օրեր անց, Երևանում Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան եղավ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: