Հայերեն   English   Русский  

​Ջերմոցային տնտեսվարողները դժգոհում են. ծախսերը շատ են, շահութաբերությունը՝ քիչ


  
դիտումներ: 2353

ՀՀ մարզերից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` 2016 թ. հանրապետության տարածքում շահագործվել է 1220,8 հա տարածությամբ ջերմատուն: 101 հեկտարը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հիմնականում տեղադրված են Արարատի, Արագածոտնի, Արամավիրի և Կոտայքի մարզերում: 2016 թ. արտադրվել է շուրջ 162 հազ. տոննա բանջարեղեն (լոլիկ, վարունգ, լոբի, դդմիկ, սմբուկ, տաքդեղ և այլն):

Ջերմոցային տնտեսությունների արտադրության ընդհանուր ներուժը օպերատիվ տվյալներով կազմում է շուրջ 200 հազ. տոննա: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներում բանջարեղենի (լոլիկ, վարունգ) 1 քմ տարածքից ստացվում է 45-50 կգ, իսկ սովորական ջերմատներից` 8-12 կգ բերք (նոր տեսակների ներդրման դեպքում կարող է հասնել մինչև 20 կգ): Որպեսզի ջերմոցներն աշխատեն իրենց ամբողջ ներուժով, պետք է նվազեցվի ինքնարժեքը և ոլորտում շղթայական բարեփոխումներ իրականացվեն: Շատ ֆերմերներ շարունակ դժգոհում են, որ գազի սակագինը թույլ չի տալիս ոլորտում մեծ շահույթ ապահովել:

«Անկախն» այս խնդիրների շուրջ զրույց է ունեցել ՀՀ գյուղփոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ:

- Մի շարք տնտեսվարողներ դժգոհում են, որ շուրջտարին քրտնաջան աշխատելու դիմաց չեն կարողանում ապահովել բավարար շահութաբերություն անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

- Ջերմոցային տնտեսությունները պետք է ներդնեն ինտենսիվ տեխնոլոգիաներ, որպեսզի արդյունավետ լինի իրենց տնտեսությունը: Այս պահին քննարկվում է կաթիլային համակարգի ներդրման ծրագիր, այն պատրաստ լինելուն պես կներկայացվի կառավարություն:

- Գազի սակագինը ևս հանգեցնում է բերքի ինքնարժեքի բարձրացման՝ստեղծելով անհավասար մրցակցություն: Ձմռան ամիսներին հանրապետություն ներկրված բանջարեղենի ինքնարժեքն ավելի ցածր է հայրենական արտադրության բանջարեղենի ինքնարժեքից, ինչի հետևանքով տեղական արտադրության բանջարեղենը ներքին շուկայում դառնում է անմրցունակ՝ ներկրվածի համեմատ: Այս պարագայում գազի սակագնի նվազեցումը ի՞նչ նոր հնարավորություններ կստեղծի:

- Գազի սակագնի նվազեցումը հնարավորություն կստեղծի փոքր և միջին չջեռուցվող ջերմատներում արտադրությունը կազմակերպելու ջեռուցման պայմաններում, որի արդյունքում բերքն ավելի վաղ ժամկետում կհասունանա, զգալիորեն կավելանա բերքատվությունը և կնվազի ինքնարժեքը, տեղական արտադրանքը կլինի ավելի մրցունակ:

- Գյուղնախարարը կարևորել է պետության կողմից աջակցության ցուցաբերումը: Խոսքն ի՞նչ աջակցության մասին է, ի՞նչ հնարավորություններ են ստեղծվելու ջերմոցային տնտեսությունների համար:

- 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում, ընդհանուր առմամբ, իրականացվելու են շուրջ 120 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրեր: Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը,կոնյակի արտադրության վերազինմանը և այլ ոլորտների:

- Հանրապետությունում ջերմոցային կոնստրուկցիաների և ջերմատնային տնտեսություններում օգտագործվող մի շարք նյութերի ներմուծումն ազատվա՞ծ է ավելացված արժեքի հարկից:

- Ջերմատնային տնտեսություններ հիմնող տնտեսվարողներն օգտվում են ՀՀ կառավարության 2011 թ. օգոստոսի 4-ի «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից:

Հարցազրույցը՝ Լ. Նազարյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: