Հայերեն   English   Русский  

​Սիմոն Մարտիրոսյան. «Մրցահարթակում հաղթում է ուժեղագույնը»


  
դիտումներ: 3270

Ապրիլի 1-9-ը Խորվաթիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները նշանակալի հաջողություններ ունեցան: Առաջնությունում Հայաստանի հավաքականի համար միակ ոսկե մեդալը նվաճեց երիտասարդ, բայց և փորձառու Սիմոն Մարտիրոսյանը: 105 կգ քաշային կարգի ուժեղագույն 10 ծանրորդների պայքարում 20-ամյա մարզիկն ապացուցեց, որ այս քաշային կարգի ֆավորիտն է: Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 414 կգ արդյունքով իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն:

«Անկախի» հետ զրույցում չեմպիոնը նշեց, որ Խորվաթիա էր մեկնել ոսկե մեդալի համար: Հաղթանակը լրացուցիչ խթան է առաջիկա մրցաշարերում հաջող հանդես գալու համար:

- Մարտական տրամադրվածությամբ էի մեկնել Խորվաթիա, ինչը շատ կարևոր է: Մրցմանը լավ էի նախապատրաստվել: Եթե անկեղծ լինեմ՝ սպասված էր հաղթանակը: Ես կարողացա հաջող հանդես գալ և իմ առջև դրված գլխավոր խնդիրը կատարել: Արդյունքը տեսանելի է: Սա է կարևորը սպորտում:

Եվրոպայի առաջնությունն ինձ համար կարևոր ստուգատես էր աշխարհի առաջնությունից առաջ: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել և լրացուցիչ վստահություն ձեռք բերել:

- Այս մրցաշարում Ձեր մրցակիցների թվում էր նաև Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանը: Կա՞ր մրցակցություն:

- Մրցահարթակում, անկախ ամեն ինչից, հաղթում է ուժեղագույնը: Ես կողմ եմ առողջ մրցակցությանը: Գիտեի, որ Դավիթ Բեջանյանը կարող է մրցակցություն ստեղծել, բայց նա չէր հասցրել մարզավիճակ ձեռք բերել: Մրցահարթակից դուրս մենք ընկեր ու հարազատ ենք, ցավում ենք մեկս մյուսի համար, ուրախանում ձեռքբերումներով ու հաջողություններով: Իսկ պայքարի ժամանակ ամենքս մեր գործն ենք կատարում: Ով ավելի ուժեղ է՝ նա էլ հաղթում է: Մրցակցության առումով ասեմ՝ պայքար կար, պարզապես հակառակորդները ձախողվեցին: Ես էլ չբարձրացրի պոկում վարժության 2 մոտեցումները, միայն առաջինը ստացվեց:

- Շատ հաճախ մարզիկները մրցահարթակում սխալվում են՝ մատնվելով անհաջողության: Ինչպե՞ս եք ազատվում լարվածությունից և զսպում հույզերը:

- Շատ կարևոր է հաղթահարել լարվածությունը, այլապես ամբողջ աշխատանքը կարող է ապարդյուն դառնալ: Ընդամենը մի քանի վայրկյան ժամանակ է տրվում մոտեցումների համար, և մարզիկն այդ կարճ ժամանակահատվածում պետք է կատարի այն, ինչին նախապատրաստվում է ամիսներ ու տարիներ շարունակ: Երբ դուրս եմ գալիս մրցահարթակ՝ մտածում եմ վարժությունը ճիշտ կատարելու մասին: Մրցումներից առաջ էլ հարկավոր է կարողանալ կառավարել հույզերը, այլ բաների մասին մտածել, քանի որ չափից դուրս լարվածությունը կարող է խանգարել: Ես ոչ թե մրցում եմ ինչ-որ մեկի հետ, այլ փորձում եմ կատարել այն, ինչն ինձ հաջողվում է: Գիտեմ, որ այդ պարագայում կկարողանամ լավագույն կերպով ներկայանալ և իմ առջև դրված առաջադրանքը կատարել:

- Չնայած երիտասարդ տարիքին՝ բազմաթիվ մրցաշարերի եք մասնակցել և հաղթող ճանաչվել: Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

- Անչափ կարևոր է հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հարկավոր է լրիվ նվիրվել գործին ու մարզվել: Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակել նույն կերպ աշխատել՝ ավելի բարձր արդյունքներ ցույց տալու համար: Շատ կարևոր է մշտապես լսել մարզչին և քրտնաջան աշխատել: Սա է հաջողության հասնելու ճանապարհը:

- Ձեր եղբայրը՝ Արսեն Մարտիրոսյանը, նույնպես զբաղվում է ծանրամարտով: Ձեր մասնագիտական խորհուրդներով ուղղորդո՞ւմ եք նրան:

- Արսենն ունի բոլոր հնարավորությունները հաջողակ մարզիկ դառնալու համար: Նա է ընտրել այս ուղին և սիրում է մարզաձևը: Ուրախ եմ, որ հաստատուն քայլերով շարժվում է առաջ: Վստահ եմ՝ մոտ ապագայում լուրջ հաջողություններ կունենա մեծահասակների առաջնություններում: Եթե տեսնում եմ որոշ բացթողումներ կամ մասնագիտական այլ խնդիրներ, իմ կարծիքն եմ հայտնում և փորձում օգնել խորհուրդներով:

սիմոն Մարտիրոսյան

- Ամենօրյա մարզումներ, ծանրաբեռնված գրաֆիկ. դժվար չէ՞ ընտրած ճանապարհը:

- Բոլոր ասպարեզներում էլ կան դժվարություններ: Ոչինչ հենց այնպես չի տրվում: Ցանկացած գործում հաջողության հասնելու համար պետք է կամք ունենալ, նպատակասլացություն: Հարկավոր է չվախենալ դժվարություններից և առաջ շարժվել:

Ծանրամարտն ինձ համար կյանք է, ապրուստ և միաժամանակ նախասիրություն: Սիրում եմ իմ գործը, և որևէ այլ բնագավառում ինձ երբևէ չեմ պատկերացրել:

- Տարվա միջազգային մրցումների հաղթական մեկնարկը տրված է: Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:

- Տարին հագեցած է լինելու մրցաշարերով: Երեք կարևոր մրցման եմ մասնակցելու՝ երիտասարդների աշխարհի առաջնության, համաշխարհային ուսանողական խաղերի և մեծահասակների աշխարհի առաջնության: Բնական է, որ այս հաղթանակը լրացուցիչ խթան կլինի մյուս մրցաշարերում հաջողության հասնելու համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: