Հայերեն   English   Русский  

«Ազգ-բանակ» հայեցակարգի կենսունակության ամենավառ օրինակը Իսրայելն է. արաբագետ


  
դիտումներ: 530

«Ազգ-բանակ» հայեցակարգի կենսունակության ամենավառ օրինակը Մերձավոր Արևելքում իսրայելական «Ազգ-բանակի» գործոնն է: Այս մասին այսօր «Ազգ բանակ» համաժողովի ժամանակ «Անկախ-ի» հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Իսրայելը, շրջապատված լինելով թշնամական պետություններով, մարտահրավերներով՝ հիմնադրման պահից սկսած կարողացել է զարգանալ, հասնել նման մակարդակի նաև շնորհիվ այդ կոնցեպցիայի:

« Հայաստանի դեպքում գրեթե նույնն է: Մի կողմից՝ թշնամական, մյուս կողմից՝ գոնե ոչ բարեկամական երկրներին ենք սահմանակից, և այսօր, բավականին մոտ գտնվելով թեժ տարածաշրջանին, «Ազգ բանակը» ոչ միայն մեր պաշտպանության և անվտանգության երաշխիքն է, այլև ինչու ոչ՝ մեր պետության զարգացման կարևորագույն գրավականը»,-ասաց Պետրոսյանը:

Արաբագետը նման հայեցակարգերի անհրաժեշտությունը բացատրեց հենց այդ նմանությամբ:

«Եվ՛ հայ ժողովուրդը, և՛ հրեա ժողովուրդը վերապրել է Ցեղասպանության արհավիրքը, բացի այդ երկուսն էլ շրջապատված են եղել թշնամական պետություններով: Առնվազն այդ երկու գործոնները բավարար են, որպեսզի արդարացնեն նման կոնցեպցիաների ներդրումն ու զարգացումը»,-ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում այսօր՝ ապրիլի 20-ին մեկնարկել է «Ազգ-բանակ» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Մարզահամերգային համալիրի տարածքում գործում է նաև ցուցահանդես, ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, արդյունաբերական համալիրի արտադրատեսակներ: Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին և 23-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: