Հայերեն   English   Русский  

Ակցիզային դրոշմանիշեր ստանալու հայտը հնարավոր է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով


  
դիտումներ: 196

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, մի շարք հանձնարարականներ է տվել:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի սահմանած պահանջներն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից երկուսում: Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով հարկ վճարողները թղթային կրիչով՝ առձեռն, մաքսային, հարկային մարմիներ էին ներկայացնում դիմում: Օրենքով սահմանվել է, որ 2017թ. հունվարի 1-ից հարկ վճարողներն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար համապատասխան մարմիններին կարող են հայտ ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Գործադիրը հաստատել է հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինների կողմից վերահաշվարկված հասույթի մեծությանը համապատասխան հաշվարկված ռոյալթիի վճարման ժամանակացույցի կարգը: Առաջարկվել է սահմանել, որ կողմերի համաձայնությամբ լրացուցիչ ռոյալթիների վճարումը կարող է լինել հաստատուն կամ ճկուն ժամանակացույցով։ Հաստատուն ժամանակացույցի դեպքում վճարման ժամկետ կսահմանվի 24 ամիսը։ Վճարումները կկատարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Ճկուն ժամանակացույցի դեպքում ավելի շատ վճարումներ կկատարվեն մետաղների բարձր գների դեպքում և ավելի քիչ՝ շուկայական պայմանների վատացման դեպքում։ Համապատասխանաբար, հաշվի առնելով, որ առանձին կազմակերպությունների համար այդպիսի գնային փոփոխություններն ունեցել են համեմատաբար մեծ չափով դրական ազդեցություն, քան՝ մյուսների դեպքում, նախատեսվում է, որ գների բարձրացման արդյունքում կազմակերպությունների ստացած լրացուցիչ եկամուտների 25 - 50 տոկոսը կարող է սահմանվել որպես յուրաքանչյուր եռամսյակի համար վճարման ենթակա գումար։ Ըստ նախնական գնահատականների, եթե հետագայում պահպանվի պղնձի միջազգային գների ներկա մակարդակը, ապա առանձին կազմակերպությունների համար 2012-2016թթ. վերաբերվող լրացուցիչ ռոյալթիների վճարման համար կպահանջվի 1-3 տարի։ Գների բարձրացման դեպքում այդ ժամկետը կարող է համապատասխանաբար կրճատվել, իսկ նվազման դեպքում՝ երկարել։ Լրացուցիչ ռոյալթիների գումարի հաշվարկը կկատարի ռոյալթի վճարողը և կհամաձայնեցնի հարկային մարմնի հետ՝ յուրաքանյուր եռամսյակին հաջորդող 20 օրացուցային օրերի ընթացքում։ Վճարումը կկատարվի համաձայնեցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Ֆինանսական տարվա ավարտից հետո հաշվարկների ճշտությունը ենթակա կլինի հաստատման անկախ աուդիտորական եզրակացությամբ։ Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «2012-2016 թվականներին կուտակված ռոյալթիները ծանր բեռ են մեր գործարարների համար և որոշմամբ այն կհետաձգվի: Չնայած հարկային բեռը ռեգուլյար ավելացնում ենք, իսկ բազան՝ պակասեցնում, բայց պետք է կատարեք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: