Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը 30մլն եվրո է տրամադել ԵԽԽՎ-ում կաշառք բաժանելու համար. The Guardian


  
դիտումներ: 649

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդում նրա անդամներին կաշառելու ու Ալիևին քննադատող զեկույցները տապալելու մասին պնդումներին,հաղորդում է Պանորաման։

Ինչպես գրում է The Guardian-ը, Եվրոպայի ամենահին իրավապաշտպան կառույցից պահանջում են ստեղծել հակակոռուպցիոն մարմին՝ հաշվի առնելով կեղծարարության թարմ պնդումները։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բարձր փորձառություն ունեցող 2 անձինք The Guardian-ին ասել են, որ իրենք հավատում են, որ իրենց անդամներին ձայների դիմաց կաշառք է առաջարկվել Ադրբեջանի կողմից։ 324 անդամ ունեցող ԵԽԽՎ-ն կազմվում է ազգային խորհրդարանների պատվիրակների կողմից ու Ստրասբուրգում տարին 4 անգամ անցկացնում նստաշրջաններ։

Ադրբեջանի նախկին դեսպան, այժմ արդեն այլախոհ դարձած Արիֆ Մամադովը պնդում է, որ Եվրոպայի խորհրդում նավթով հարուստ երկրի պատվիրակությունն ունի 30մլն եվրո, որը ծախսվում է կազմակերպություններում, այդ թվում նաև ԵԽԽՎ-ում լոբինգի համար։

«Ադրբեջանի պատվիրակության յուրաքանչյուր անդամ լսել է այս թվերի մասին, սակայն այն երբեք չի գրվել։ Նշվում էր, որ այս գումարներն անհրաժեշտ են ԵԽԽՎ պատվիրակություններին ու ԵԽԽՎ-ին, ընդհանուր առմամբ, կաշառելու համար»,- ասել է Մամադովը։

ԵԽԽՎ-ում շվեդ պատվիրակ ու նախկին արդարադատության նախարար Թոբիաս Բիլսթրոմը ասել է, որ ԵԽԽՎ «շատ վստահելի անդամներ» իրեն ասել են, որ իրենց առաջարկվել է կաշառք՝ որոշակի ձևով քվեարկության համար։ Բիլսթրոմն այն 64 անդամներից է, ով ստորագրել է անկախ հետաքննության մեխանիզմների ստեղծման նախաձեռնության տակ։

ԵԽԽՎ-ում «Խավիարային դիվանագիտության» պնդումները շարունակվում են տարիներ։ Առաջին անգամ այս պնդումները նշվեցին «Եվրոպական կայունություն նախաձեռնության» կողմից 2012թ․-ին, սակայն այն մեծ թափ հավաքեց, երբ Միլանի դատախազությունը սկսեց ուսումնասիրել ԵԽԽՎ նախկին անդամ, խմբի ղեկավար Լուկա Վոլոնտեի գործը, ով մեղադրվում է Ադրբեջանից մոտ 2,4մլն եվրո կաշառք վերցնելու մեջ՝ ԵԽ-ում նրա կառավարությանն աջակցելու դիմաց։
Չնայած ԵԽԽՎ պատգամավորներից 5-ից 1-ը կոչ է անում հրատապ քննություն անցկացնել, վեհաժողովի ղեկավարները չկարողացան որոշում կայացնել նախորդ ամիս։ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի վրա ճնշումներ է գործադրվում, որ նա ստեղծի հետաքնության մարմին այս ամիս՝ ԵԽԽՎ նստաշրջանում։

Ագրամունտը, ինչպես գրում է կայքը, արդեն իսկ քննադատության թիրախում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպելու համար։ Նրա այցը Սիրիա կազմակերպել էր ՌԴ կառավարությունը։

Վեհաժողովի անդամները կարծում են, որ Ագրամունտի այցը, որը տեղի ունեցավ Իդլիբում քիմիական հարձակումից 2 շաբաթ առաջ, կարող է արատավորել Եվրոպայի խորհրդի նկատմամբ արժանահավատությունը։

Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է վեհաժողովը՝ նրա ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևին լեգետիմության քող հաղորդելու համար, ով ղեկավարում է 2003թ․-ից։
ԵԽԽՎ աղմկահարույց ոշումներից մեկը կապված է 2013թ․-ին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին Քրիստոֆ Շտրասերի զեկույցի տապալմանը, որում, ըստ հաղորդումների, վճռական դեր է կատարել Լուկա Վոլոնտեն։ Շտրասերն ասել է, որ գիտեր, որ Ադրբեջանը գումար է բաժանում, բայց ձայների գնման ոչ մի ապացույց չուներ։

«Եթե կա որևէ կասկած, որ կարող է կոռուպցիա լինել այս կառույցում ու այն անտեսվի, ապա դա կարող է լինել Եվրոպայի խորհրդի վերջը»,-ասել է Շտրասերը։

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս Ագրամունտին ուղղված նամակում կոչ էր արել անձամբ ապահովել «արտաքին անկախ հետաքննության մարմնի ստեղծումը՝ առանց հապաղելու», որն աննախադեպ կոչ է ԵԽ ամենաբարձրաստիճան ընտրված ղեկավարի կողմից։
Թոբիաս Բիլսթրոմը կոչ է անում վեհաժողովին սատարել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեկ Սավիցկու «շատ լավ» առաջարկին՝ սահմանելու անկախ հետաքննություն իրականացնելու պայմանները։

Ագրամունտի մամլո խոսնակն ասել է, որ Սավիցկու զեկույցի վերանայված տարբերակը նախապատրաստվում է ԵԽԽՎ 5 քաղաքական խմբերի կողմից ու նշել, որ ներկայիս տարբերակով զեկույցն կիրառելի չէ։

Մամլո խոսնակը նաև ասել է, թե Ագրամունտը չի մասնակցում խորհրդակցություններին ու չի միջամտելու խմբերի աշխատանքին՝ ավելացնելով, որ վեհաժողովը ոչ մի իրավական իրավասություն չունի նման հետաքննություն իրականացնելու համար։

«Պարոն Ագրամունտը չի հանդուրժի անընդունելի ճնշումներ պատգամավորների աշխատանքի նկատմամբ, որ գալիս է ՀԿ-ներից, լոբբիստներից, ԶԼՄ-ներից ու շահագրգիռ խմբերից»,-ասել է Ագրամունտի մամլո խոսնակը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: