Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի գործնական փուլը


  
դիտումներ: 421

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել է ծրագրի մեկնարկային հաշվետվությունը։ Աշխատանքային խմբում ներգրավված են համայնքային և պետական կառույցների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը նշել է, որ կատարվել է հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգի օպտիմալացման հնարավորությունների և իրագործելիության գնահատում։ Օպտիմալացումը ենթադրում է նոր երթուղային ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում և կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։

«Այս հանդիպում-քննարկումն անչափ սպասված էր Երևան քաղաքի բնակիչների և մեր բոլորի կողմից, քանի որ հասարակական տրանսպորտի հիմնախնդրի լուծումը կենսական կարևորություն ունեցող հարց է: Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի հիմնախնդրի շուրջ մենք տարբեր ժամանակներում կազմել ենք աշխատանքային խմբեր, փորձել ենք հարցին մասնավոր լուծումներ տալ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ տեղային խնդիրներ լուծելով՝ մենք հաջողության չենք կարող հասնել. ոլորտի համակարգային բարեփոխումն այլընտրանք չունի։ Այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա։ Կարծում եմ՝ ոլորտը կարգավորելու համար մենք պետք է ստեղծենք կառավարման հստակ մեխանիզմ և սահմանենք մասնագիտական չափորոշիչներ։ Փոխլրացման սկզբունքով միասնական կառավարման համակարգ պետք է ներդրվի, որը բարձր տեխնիկական պահանջներ կունենա թե՛ ավտոպարկի և թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաև այն, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար», - նիստի բացման խոսքում նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման նախնական փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրներն արձանագրող հետազոտական ու վիճակագրական բոլոր հասանելի նյութերը՝ ներառյալ հանրային կարծիքի ուսումնասիրության և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորահոսքերի հետազոտության վերլուծությունները։ Ներկայացված ծավալուն զեկույցի շուրջ մասնագիտական աշխատանքային խմբի անդամները մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Դրանց հիման վրա խորհրդատու կազմակերպության կողմից կմշակվի բարեփոխումների նախագիծ, որն էլ կներկայացվի հանրային քննարկման։ Հանրային քննարկումներին շահագրգիռ բոլոր խմբերի և անհատների մասնակցությունն ու ներկայացվածությունն ապահովելու համար կստեղծվեն նաև հատուկ էլեկտրոնային հարթակներ։

Նշենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։

«Մեր առջև խնդիր է դրված ամբողջական համակարգային փոփոխության ենթարկել հանրային տրանսպորտի ոլորտը և Երևանի բնակիչների համար ստեղծել քաղաքում տեղաշարժվելու համար արժանապատիվ պայմաններ: Պետք է նշեմ նաև, որ գործընթացի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում սայլակավոր անձանձ տեղաշարժի համար համապատասխան պայմանների ապահովմանը», - եզրափակել է Վահե Նիկոյանը:

Հանդիպման շրջանակում կազմակերպված հարցուպատասխանի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ներկայացված հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:

Միջազգային խորհրդատու կազմակերպության և մասնագիտական աշխատանքային խմբի համագործակցության արդյունքում ձևավորված առաջարկը հանրության կողմից հավանության արժանանալու դեպքում Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի կկոչվի։ Հնարավոր առաջարկի կենսունակությունն ապահովելու համար կներգրավվեն տեղական և միջազգային ներդրողներ։ Բացի այդ, արդեն իսկ բանակցություններ են ընթանում Եվրոպական ներդրումային բանկի և մի շարք այլ դոնոր կազմակերպությունների հետ՝ ծրագրի հնարավոր ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: