Հայերեն   English   Русский  

​Հայոց ցեղասպանության ճանաչումը և քաղաքական, և համամարդկային, և կրոնական խնդիր է. Արման Նավասարդյան


  
դիտումներ: 242

Անցած կես դարի ընթացքում հայոց ցեղասպանության ճանաչման մեռյալ կետից մենք հասել ենք մի իրավիճակի, որ այս հարցը դարձել է միջազգային օրակարգի հարց:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Դիվանագետի խոսքով` ուրախալի է այն փաստը, որ ավելի քան քսան պետություն ճանաչել են հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է այն մասին, որ այս հարցը պտտվում է մեծ պետությունների քաղաքական օրակարգում, իսկ դա խոսում է այն մասին, որ հայկական դիվանագիտութունը որոշակի նվաճումներ ունի և մեծ ճանապարհ է անցել:

«Արտգործնախարարի տեղակալ եղած ժամանակ, երբ կազմավորվում էր մեր դիվանագիտական դպրոցը, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգային չէր: Հետո այն աստիճանաբար դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներից մեկը, և դրա գագաթնակետը եղավ, իհարկե, ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որը, իմ կարծիքով, հայկական դիվանագիտության բոլոր վրիպումների կողքին, որոնք շատ են եղել, նվաճում էր»,- ասաց Արման Նավասարդյանը:

Ըստ նրա` հայոց ցեղասպանության ճանաչումը ազգային խնդիր չէ, այլ համամարդկային խնդիր է: Եթե մենք դա համամարդկային խնդիր չդարձնենք, ապա չենք կարողանա աշխարհին հասկացնել, որ 1915 թվականին սկսված գործընթացը առ այսօր շարունակվում է քրիստոնյա ամենամեծ ազգի` հայերի նկատմամբ, սա և քաղաքական, և համամարդկային, և կրոնական խնդիր է:

Խոսելով գործելակերպի մասին`դիվանագետը նկատեց, որ, եթե մենք արտաքին քաղաքական այս խնդիրը միայն ներառենք մեր ներքին դիվանագիտության օրակարգում, ոչ կի արդյունքի չենք հասնի: Ամեն մեկը պետք է լծվի այս հարցին, ամեն մի հայ իր նպատակը պետք է համարի ոչ թե ցեղասպանության ճանաչումը, այլ պահանջատիրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: