Հայերեն   English   Русский  

Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել ոչ թե որպես բեռ մեր ուսերին, այլ որպես հնարավորություն՝ ճանաչմամբ դառնալու հզոր երկիր. Արա Պապյան


  
դիտումներ: 232

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է լինի ինքնանպատակ, այդ դեպքում ճանաչումն անիմաստ կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Նրա խոսքով` անընդհատ խոսվում է հատուցման մասին, բայց այդ ուղղությամբ դեռևս քայլեր չեն ձեռնարկվել:

«2015 թվականի հունվարին եղավ հռչակագիր, բայց դրա ուղղությամբ ոչ մի քայլ մինչ օրս չի ձեռնարկվել:Ավելին, այն աշխատանքները, որոնք տարվել են մինչև այդ, դա էլ դադարեց: Մեր պետությունը հատուցման մասին չի խոսում, որպեսզի պահանջատիրական քաղաքականություն չդրսևորվի, բայց ակնհայտ է, որ ցեղասպանության ճանաչումը Թուրքիան ընկալում է որպես պահանջատիրություն, և նրանք բազմաթիվ անգամ են դրա մասին հայտարարել: Մեր քայլերի մեջ հակասություններ կան. մի կողմից մենք պահանջատիրական քայլեր ենք անում, մյուս կողմից՝ կիսատ ենք թողնում այդ քայլերը` մտածելով, որ թուրքերը դա չեն ընկալի: Նպատակների հստակեցում պետք է լինի»,- ասաց Արա Պապյանը:

Նրա խոսքով` ցեղասպանության ճանաչումը սկսվեց 1965-ից, հիմնական պահանջը եղել է հողերի վերադարձը, այսինքն, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հստակորեն շաղկապված է հողային և գույքային պահանջատիրության հետ:

«Հատուցումների մասին խոսելիս` դրանք պետք է բաժանել երեք մակարդակի. Առաջինը` անհատական հատուցումներն են, երկրորդը` ազգային կամ համայնքային սեփականության հատուցումները` եկեղեցիներ, դպրոցներ և այլն, և երրորդը`պետության գույքի կամ սեփականության փոխհատուցումները`հողերի հատուցման հարցը: Ես կողմ եմ, որ այդ մարդիկ, համայնքները ստանան իրենց փոխհատուցումները, բայց դա ազգային առումով ոչ մի հարց չի լուծի: Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել ոչ թե որպես բեռ մեր ուսերին, այլ որպես հնարավորություն այդ ճանաչմամբ դառնալու հզոր երկիր»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ կարելի է շատ քաղաքակիրթ և խաղաղ միջոցներով ելքեր գտնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: