Հայերեն   English   Русский  

Իրանի նախագահի պաշտոնի համար կմրցի 6 թեկնածու.Պանորամա


Հեղինակ` Արմեն Իսրայելյան, իրանագետ


  
դիտումներ: 510

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը շուրջ 1400 առաջադրված թեկնածուներից միայն վեցի թեկնածությունն է հաստատել, մնացյալ թեկնածուների՝ այդ թվում նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նրա տեղակալ Համիդ Բաղայիի թեկնածությունը մերժվել է:

Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հավանության արժանացած թեկնածուներն են՝

ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին
Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Էբրահիմ Ռայիսին
Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին
Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Սեյյեդ Մոսթաֆա Միր Սալիմը
ԻԻՀ արդյունաբերության նախկին նախարար Սեյյեդ Մոսթաֆա Հաշեմի Թաբան:

Գործող նախագահ Հասան Ռոհանիի մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է. Նա նախագահական ընտրություններին արդեն երրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը: Մինչ քաղաքապետ ընտրվելը՝ Ղալիբաֆը բարձր զինվորական պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, ոստիկանությունում:

Հաջորդ թեկնածուն՝ պահպանողականների կողմից առաջադրված Էբրահիմ Ռայիսին, աշխատել է դատաիրավական համակարգում, զբաղեցրել է Թեհրանի դատախազի պաշտոնները, ԻԻՀ գլխավոր քննչական ծառայությունը: 2015թ. ԻԻՀ հոգևոր առաջնորդի հրամանագրով նշանակվել է ԻԻՀ հոգևոր-մշակութային կարևորագույն կենտրոններից մեկի՝ Մաշհադում գտնվող «Ասթան-է Ղոդս-է Ռազավի» կենտրոնի ղեկավարը:

Իրանի փորձագիտական շրջանակների գնահատականների համաձայն՝ պահպանողականներն ակնկալում են, որ Ղալիբաֆը քարոզչության ընթացքում պետք է իր ընտրազանգվածին ուղղորդի դեպի Ռայիսին, մի բան, որն ընտրություններում երկու անգամ պարտություն կրած Ղալիբաֆի համար դժվար որոշում կլինի:

Մյուս կողմից էլ Իրանում անցկացված սոցհարցումների համաձայն՝ Թեհրանի քաղաքապետն ավելի մեծ ճանաչում ունի, քան Էբրահիմ Ռայիսին:

Այսպիսով ենթադրվում է, որ հիմնական ընտրապայքարը կընթանա Հասան Ռոհանիի, Էբրահիմ Ռայիսիի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև, իսկ մնացյալ երեք թեկնածուներն ամենայն հավանականությամբ ընտրապայքարի վերջնական փուլում կհանեն իրենց թեկնածությունները:

Ի տարբերություն նախորդ՝ 2009 և 2013 թթ. Իրանի նախագահական ընտրություններին՝ այս տարի ուղիղ եթերով բանավեճ չի կազմակերպվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: