Հայերեն   English   Русский  

Պիրոգովի անվան բժշկական համալսարանի ուսանողները տպավորված են Հայաստանով


  
դիտումներ: 3761

Իմաստության ատամի հեռացում, իմպլանտի տեղադրում. Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանից Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան փորձի փոխանակման նպատակով ժամանած կլինիկական օրդինատորներ Անտոն Մակոնինը և Մարիաննա Կոկովան արդեն իսկ մասնակցում են գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ ստոմատոլոգիական այլ բարդ գործընթացների:

Միջհամալսարանական գործակցության շրջանակում երկամսյա կրթական ծրագրով Երևանի բժշկական համալսարան ժամանել է 2, Պիրոգովի անվան համալսարան Հայաստանից մեկնել են ևս 2 կլինիկական օրդինատոր:

Շարունակական փոխանակման ծրագրերի նպատակն առաջին հերթին ապագա բժիշկների որակավորման բարձրացումն է:

Ամենօրյա հագեցած գործնական դասապրոցեսն Անտոնն ընդհատում է մեզ հետ զրուցելու նպատակով: Երիտասարդի խոսքով՝ ոչ միայն ընդհանուր բժշկության մեջ, այլև ստոմատոլոգիայում կարևոր է բոլոր առարկաների մասին ամբողջական պատկերացում կազմելը, որովհետև բոլորն առարկաներն էլ կարևոր են և անհրաժեշտ, գործնականում կիրառելի:

Դասընկերոջը լրացնելով՝ Մարիաննան ասում է, որ Երևանի իրենց բոլոր դասախոսներից սովորելու և օրինակ վերցնելու շատ բան ունեն:

«Ուրախալի է, որ թե այստեղ, թե Ռուսաստանում մենք հնարավորություն ունենք ստանալ եվրոպական չափանիշներին համապատասխանող կրթություն»,- ասում է Անտոնը:

Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության կուրսի դոցենտ Թորգոմ Դաշտոյանի գնահատմամբ՝ ռուսաստանցի օրդինատորները շատ պատրաստված են, կարողանում են պատասխանել նույնիսկ ամենաբարդ հարցադրումներին:

Մասնագետը նշում է, որ այսօր ստոմատոլոգիան այնքան է զարգացել, որ համընթաց քայլելու համար պետք է ձգտել տիրապետել ոլորտի նորարարություններին, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին:

Պիրոգովի անվան բժշկական համալսարանի ուսանողները խոստովանում են, որ կարճ ժամանակահատվածում ոչ միայն տպավորված են ԵՊԲՀ-ի մասնագիտացման հնարավորություններով, այլև Հայաստանով:

Անտոնը չի թաքցնում, որ սիրահարվել է Հայաստանին և այս ամռանը՝ արձակուրդին, ծրագրում է սեփական մեքենայով գալ Երևան: Երիտասարդները տպավորված են հայկական հյուրասիրությամբ, ջերմությամբ, հայ հասակակիցների հետ շփումներով, մայրաքաղաքի ճարտարապետական տեսքով, հայաստանյան հարուստ խոհանոցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: