Հայերեն   English   Русский  

Դեսպան Ապիտոնյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահին


  
դիտումներ: 786

Նոյեմբերի 13-ին Ֆինլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արտակ Ապիտոնյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Ապիտոնյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Նիինիստյոյի հետ: Շնորհավորելով դեսպանին՝ Ֆինլանդիայի նախագահը համոզմունք հայտնեց, որ առկա են բոլոր նախադրյալները երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության հետագա զարգացման և ամրապնդման համար։

Դեսպան Ապիտոնյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքը, որպես ՀՀ դեսպան, ջանք չի խնայի երկու երկրների միջև բազմաոլորտ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար։

Դեսպանը նախագահ Նիինիստյոյին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արձանագրված վերջին զարգացումները, մասնավորապես շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված վերջին սադրիչ գործողությունը: Դեսպանն ընդգծեց, որ նման արկածախնդրությամբ Ադրբեջանը վտանգում է հարաբերական կայությունը տարածաշրջանում և բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Նախագահ Նիինիստյոն իր մտահոգությունը հայտնեց տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ` ընդգծելով, որ Ֆինլանդիան սատարում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

Անդրադարձ կատարվեց հայ-ֆիննական հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: