Հայերեն   English   Русский  

Լրագրողների նկատմամբ բռնություններն ունեցել են նրանց պատժելու նպատակ հուլիսյան դեպքերի ժամանակ. Ա. Թաթոյան


  
դիտումներ: 4299

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրեց հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցը:

Դրանում հատուկ գլխով անդրադարձ է կատարվում լրագրողների օրինակա գործունեության ժամանակ կատարված խախտումներին իրավապահների կողմից:

Լրագրողների նկատմամբ բռնությունները սկսվեցին արձանագրվել հուլիսի 19-ից՝ թե՛ Խորենացիում, թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Սարի թաղում:

ՄԻՊ-ն ընդգծեց՝ լրագրողներն առանձնացվել են ցուցարարներից՝ որպես թիրախային խումբ, ինչը խտրականության հարց է առաջացնում:

« Հուլիսի 24-ին հատկապես անթույլատրելի էր այն, որ լրագրող բերման ենթարկվեց և ներգրավվեց որպես վկա: Ընդ որում՝ պատճառաբանությունն այն է, որ լրագրողները ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանները խախտումներ անում և նկարահանել էին ինչ-որ միջադեպ ու հիմա պետք է հարցաքննվեին: Հայտարարում եմ՝ լրագրողը չպետք է ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների կապակցությամբ, որոնք լուսաբանում է: Լրագրողը լիարժեք իրավունք ունի տեսանկարահանել, լուսանկարահանել հանրային վայրում գործառույթ կատարող ոստիկանիգործողությունները: Լրագրողը կատարում է հանրային բնույթի աշխատանք և հասարակության հսկող խմբի դերն է կատարում՝ Եվրոպական դատարանի տերմինաբանությամբ արտահայտված: Պետք է խիստ պատասխանատվության միջոցներ կիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք արել են այդ բռնությունները, պետք է բացառել լրագրողի բերման ենթարկելը: Ես մշտապես լրագրողի կողքին եմ կանգնած լինելու այս հարցում, որովհետև լրագրողի աշխատանքը հստակ ցույց է տալիս ռազմավարական այն ուղղությունը և տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը ունի քաղաքացին»:

Արման Թաթոյանի խոսքով՝ անանուն հարցումները վկայում են՝ լրագրողների նկատմամբ բռնություններ են եղել քաղաքացիական հագուստով անձանց կողմից, բայց ոստիկանների ներկայությամբ և ոստիկանների թողտվությամբ. «Պետք է պարզել, թե ովքեր էին լրագրողների բռնության ենթարկելու հանձնարարական տալիս: Բացի այդ, ոստիկանները պետք է լրագրողներին զգուշացնեին հատուկ միջոցների կիրառման մասին: Լրագրողները հատուկ միջոցների գործադրման տեսանկյունից եղել են թիրախ: Լրագրողների նկատմամբ բռնություններն ունեցել են նրանց պատժելու նպատակ: Հակառակ դեպքում զեկույցում հարց է բարձրացվում՝ ինչպես բացատրել, որլրագրողի նկատմամբ հետապնդումը շարունակվել է նաեւ այն դեպքում, երբ նա դադարեցրել է իր աշխատանքը՝ այդ մարդկանց բռնությունների պատճառով: Օրինակ, մի լրագրող անանուն հարցման մեջ վկայել է, որ մի քանի այլ լրագրողների հետ պատսպարվել են մոտակա հացի փռում, սակայն քաղաքացիական հագուստով անձինք կոտրել են դուռը, մտել ներս և ներսում բռնություն կիրառել պատսպարված լրագրողների նկատմամբ: Նման հետևողականությունը կարելի է բացատրել միայն լրագրողին պատժելու, անձին նվաստացնելու, արժանապատվությունը վիրավորելու ցանկությամբ: Նման արարքները և´ անմարդկային են, և´ արժանապատվությունը նվաստացնող: Մոտակայքում գտնվող ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել այդ գործողությունները կանխելու համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: