Հայերեն   English   Русский  

Հայոց ցեղասպանությունը կանանց տեսանկյունից շատ քիչ է ուսումնասիրվում գիտության մեջ. քննարկում


  
դիտումներ: 426

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:

Այս հարյուրամյակի ընթացքում ցեղասպանությունն ուսումնասիրվել բոլոր տեսանկյուններից, սակայն քիչ հետազոտություններ կան այն մասին, թե այդ աղետն ինչ ազդեցություն ունեցավ կանանց վրա:

Եղել են շատ կանայք, որոնք զենք են բարձրացրել և մասնակցել ինքնապաշտպանությանը: Այն տարիներին, երբ դեռ մինչև ցեղասպանությունը քրդերը գողանում էին հայ ընտանիքների երեխաներին, մայրերից մեկը զինվել է և ինքն է վերադարձրել իր 10-ամյա որդուն:

Հազարավոր կանայք բռնի իսլամացվել են և պահվել հարեմներում: Սեռական շահագործման են ենթարկվել՝ թե´ մանկահասկան տղաները, թե´ աղջիկները: Նրանցից շատերը 4-5 տարեկան էին:

«Համիդյան ջարդերից հետո չափահաս կանանց մեծ մասը լսել էր կոտորածների մասին, գիտեր ՝ դա ինչ է. չէ որ ցեղասպանությունը տեղի ունեցավ հենց այն տարածքում, որտեղ կատարվել էին այդ սարսափելի իրադարձությունները 1890-ականներին, թեև այլ մեխանիզմներով: Գուցե նրանք գիտեին, թե ինչի է պատրաստ այդ պետությունը, որտեղ նրանք ապրում էին, սակայն, այնումենայնիվ, հոգեբանորեն դրան պատրաստ չէին»,- նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչ Գոհար Խանումյանը:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ հայաստանյան գիտության մեջ կան որոշակի թեմաներ, որոնք դեռևս գտնվում են տաբու կարգավիճակում և չեն ուսումնասիրվում.«Տրավման ծայրահեղական դրսևորումներ կարող է ունենալ: Մեր հետազոտություններից մեկի ժամանակ հարցման մասնակիցներից մեկի հետ խոսելիս մի հետաքրքիր պատմություն լսեցինք: Երբ Մուշի շրջանից կանայք և երեխաները տեղահանվում են, պատմողի ազգականների ընտանիքի դստերը տղամարդու զգեստներ են հագցրել, դեմքին մոխիր քսել՝ հասկանալով, որ այդպիսի գեղեցկության պատճառով նա հաստատ սեռական բռնության կենթարկվի ճանապարհին: Երբ նրանք արդեն հասնում են Հայաստան և, երբ արդեն նրան ոչինչ չէր սպառնում, այդ կինն այսպես էլ չի կարողանում բնականոն հունի վերադառնալ, վախը նրան հետապնդում էր և նա շարունակում էր կրել տղամարդու հագուստ, հետագայում անգամ ֆիզիկապես նմանվում է տղամարդու. Նա արդեն ո´չ կին էր, ո´չ էլ լիարժեք տղամարդ: Հոգեբանական տրավման այդ կերպ իր մոտ արտահայտվեց: Նմանատիպ պատմություններ շատ կան»:

Թուրքագետի խոսքով՝ ցեղասպանությանը կանանց, երեխաների բեկումով գիտության մեջ 90-ականներից է սկսել զարգանալ, իսկ ՀՀ-ում նոր է և դեռ շատ բացեր կան:

Անուշ Հովհաննիսյանն ընդգծեց՝ շատ կարևոր խնդիր է բռնի իսլամացման հարցը.« Այն հանգամանքը, որ ցեղասպանության ժամանակ մեծ թվով կանայք բռնի կերպով ինտեգրվել են մուսուլմանական ընտանիքներում, դիտարկվում է թուրք պատմագրության մեջ, որ այս ցեղասպանությունը Հոլոքոստի համարժեքը չէ: Ինչո՞ւ Հոլոքոստը. Հրեաների ոչնչացման ժամանակ հաշվի չէր առնվում ո´չ սեռը, ո´չ տարիքը: Սակայն բոլոր ցեղասպանությունները փորձել համեմատության մեջ դնել հոլոքոստի հետ մեթոդաբանական սուիցիդ է: Դա չի կարելի անել հատկապես Հայոց ցեղասպանության դեպքում. այն մենթալիտետը, որ ունեին երիտթուրքերը, տարբերվում էր գերմանացիներից մտածելակերպից: Թուրքերի համար կանայք և երեխաները պարզապես մարդ չէին, չէին դիտարկում որպես անձ: Ըստ նրանց՝ կանանց կարելի փոխել՝ փոխելով կրոնը և այլն»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: