Հայերեն   English   Русский  

«Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոմսը» գաղտնազերծել է կորած վկայությունը. New York Times


  
դիտումներ: 2539

Ավելի քան մեկ դար Թուրքիան ժխտում է իր դերը հայերի ջարդերի կազմակերպման մեջ, մի բան, որ պատմաբանները վաղուց որակում են որպես Ցեղասպանություն:

Թուրքիայի ժխտողականությունը հիմնված է այն փաստարկի վրա, որ ցեղասպանություն պլանավորողներին դատապարտած ռազմական տրիբունալների փաստաթղթերը կորած են:

Այժմ, Քլարկ համալսարանից թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որն ամբողջ աշխարհի փաստաթղթերը համադրելով՝ տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է ցեղասպանությունը՝ ապացուցելու համար պետական մեղսակցությունը, պնդում է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվներից հայտնաբերել է դատավարությունների օրիգինալ ձեռագրերը:

Նա իր հայտնաբերածը անվանում է «երկրաշարժ» և հուսով է, որ դա կհանի «ժխտողականության պատի վերջին աղյուսը»,-Աքչամի մասին գրում է New York Times-ը:

Պատմությունը սկսվում է 1915-ին Թուրքիայի Էրզրում քաղաքում, երբ Օսմանյան կայսրության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի կոդով հեռագիր են ուղարկում իրենց գործընկերներին՝ խնդրելով մանրամասներ հաղորդել «Արևելյան Անատոլիայում» տեղահանվածների և սպանվածների մասին:

Հետագայում հայտնաբերված այդ հեռագրի պատճենն օգնեց պատժել ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Բեհաեդդին Շաքիրին: Շաքիրը, որը գրել էր վերծանված մեղադրական հեռագիրը, երկրից փախել է այն ժամանակ, երբ ռազմական տրիբունալը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի: Մի քանի տարի անց Բեռլինի փողոցներից մեկում երկու հայ վրիժառուները գնդակահարել են նրան:

Ճիշտ այդպես բազմաթիվ օրիգինալ փաստաթղթեր և վկայություններ անհետացել են, իսկ հետազոտողները ստիպված են եղել ապավինել հիմնականում Օսմանյան թերթի պաշտոնական ամփոփագրերի տեղեկություններին:

Պարոն Աքչամը մի փոքր հույս ունի, որ իր նոր բացահայտումները որոշ բաներ կփոխեն երկրում՝ հաշվի առնելով Թուրքիայի քարացած ուրացման քաղաքականությունը և քաղաքական իրարանցման ժամանակները ,երբ Էրդողանը դարձել է ավելի ազգայնական:

«Իմ խորին համոզմամբ՝ Թուրքիայում դեմոկրատիան և մարդու իրավունքները կարող են հաստատվել միայն պատմության հետ առերեսման և պատմական մեղքերի ճանաչման դեպքում»:

Նյու Յորքի City College-ի պատմության պրոֆեսոր և Հայոց ցեղապանության փորձագետ Էրիկ Ուեյցը Աքչամին կոչել է «Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոմս»:

Իսկ թե որտե՞ղ էր այդ հեռագիրը այդքան տարի և ինչպես է Աչքամը գտել դա, առանձին պատմություն է:

1922 թվականին, երբ թուրք ազգայնամոլները տիրանում էին երկրին, Ստամբուլում հայոց ղեկավարությունը նավով 24 արկղ դատական արձանագրություններ է ուղարկում Անգլիա՝ պահելու համար: Դրանք պահել է եպիսկոպոսը, ապա դրանք տեղափոխվել են Ֆրանսիա, այնտեղից էլ Երուսաղեմ:

Մինչև 1930-ականները դրանք մնացել են հսկայական արխիվում, որը հիմնականում անհասանելի է եղել գիտնականների համար այնպիսի պատճառներով, որոնք դեռևս ամբողջությամբ հայտնի չեն: Աքչամը տարիներ շարունակ փորձել է մուտք գործել այդ արխիվ, բայց նրան չի հաջողվել:

Փոխարենը՝ նա գտել է Երուսաղեմի արխիվի լուսանկարչական արձանագրությունը, որն արել է հայ վանականի՝ ցեղասպանությունից փրկված ազգականը: 1940-ականներին Կահիրեում վանական Գրիգոր Կյուրեղյանը հանդիպում է Օսմանյան նախկին դատավորի. վերջինս նրան հայտնում է, որ այդ արկղերը գտնվում են Երուսաղեմում: Կյուրեղյանը գնում է այնտեղ ու լուսանկարում ամեն ինչ:

Վերջում New York Times-ը հիշեցնում է, ԱՄՆ տասնյակ կոնգրեսականներ ստորագրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Թրամփին ուղղված նամակը, բայց դա, ըստ պարբերականի, այնքան էլ հավանական չէ՝ հատկապես այն բանից հետո, ինչ Թրամփը շնորհավորեց Էրդողանին իր լիազորություններն ընդլայնող հանրաքվեում հաղթանակ տոնելու առթիվ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: