Հայերեն   English   Русский  

​Թուրքիան ամոթանք է տալիս ԵԽԽՎ-ին՝ շարունակելով քաղաքական հետապնդումները երկրում


  
դիտումներ: 1802

Թուրքիան նորից ընդգրկվել է ԵԽԽՎ մոնիթորինգի տակ գտնվող երկրների ցանկում: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում առաջարկին կողմ են քվեարկել ԵԽԽՎ տարբեր երկրների 113 պատվիրակներ, դեմ` 45, ձեռնպահ` 12:

Թուրքիան կառույցի կողմից մոնիթորինգից հանվել էր 2004 թվականին:

Հատուկ մոնիթորինգային խումբը ԵԽԽՎ-ում ստեղծվել է 1997 թ.: Մոնիթորինգային խումբը հետևում է, թե ինչպես են կառույցին անդամակցած երկրները իրականացնում ԵԽ անդամակցությամբ իրենց ստանձնած պարտավորությունները: Կոպիտ խախտումների արձանագրման դեպքում Խորհրդարանական վեհաժողովը կարող է դադարեցնել տվյալ երկրի խորհրդարանական պատվիրակության լիազորությունները և ԵԽ Նախարարների խորհրդին այդ երկրի անդամակցությունը դադարեցնելու հայց ներկայացնել:

ԵԽԽՎ որոշման մեջ նշվում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որ այդ երկիրը կատարի ներկայացված առաջարկները: «Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեությունը» թեմայով զեկույցում խստորեն քննադատվում է 2016 թ. հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված և երեք անգամ երկարաձգված արտակարգ դրության պայմաններում կայացվող որոշումները, նշվում է, որ դրանք վնասում են Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեությունը:

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել հատուկ դրության հետևանքների կապակցությամբ: Մատնանշվել են հատկապես պետական ծառայողների, դատավորների, դատախազների, ակադեմիկոսների զանգվածային հեռացումներն աշխատանքից, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեության դադարեցումը, քաղաքացիների իրավական պաշտպանության սահմանափակումները, պատգամավորների և լրագրողների ձերբակալությունները, ինչպես նաև սահմանադրության փոփոխությունները:

Թուրքիայի հարցով համազեկուցողներից ԵԽԽՎ փոխնախագահ Մարիաննե Միկկոն նշել է, որ առաջին անգամ է, որ հետմոնիթորինգային փուլից որևէ երկիր նորից ընդգրկվում է մոնիթորինգի գործընթացում: «Սա պատմական քայլ է»,- հայտարարել է Միկկոն:

ԵԽԽՎ-ն Թուրքիային կոչ է արել հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկել իրավիճակի բարելավման համար, վերացնել արտակարգ դրությունը և ազատել պատգամավորներին ու լրագրողներին:

Թուրքիան, բնականաբար, դժգոհ է մնացել ԵԽԽՎ-ի որոշումից՝ այն համարելով «քաղաքական մոտիվներ ունեցող»: «Թուրքիայի նկատմամբ մոնիթորինգի գործընթացը վերսկսելու մասին որոշումն ամոթալի է ԵԽԽՎ-ի համար»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Թուրքական կողմը նշել է, որ իրենք պայքարում են ժամանակակից Եվրոպայում քսենոֆոբիայի և իսլամաֆոբիայի տարածման դեմ, և հենց դա է չարամիտ շրջանակների կողմից հակաթուրքական տրամադրությունների շարժառիթներից մեկը: «Մոնիթորինգային գործընթացը վերսկսելու մասին որոշումն այս վնասակար խմբերի գործունեության ևս մեկ տեսարանն է: Նման որոշումը Թուրքիային այլընտրանք չի թողնում, քան վերանայել իր հարաբերությունները ԵԽԽՎ-ի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում ԵԽԽՎ համապատասխան որոշումը: Քննադատելով այն երկրներին, որոնք կոչ են անում վերջ դնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններին, Էրդողանը նշել է. «Քանի դեռ Եվրոպան անկեղծ կլինի, Թուրքիան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին և, ի տարբերություն ԵՄ-ի, ոչ մեկի դեմքին դուռը չի փակի»: Էրդողանը նաև հերթական անգամ սպառնացել է, թե իրենք չեն հապաղի ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնել, եթե գործընթացն ավելի ձգձգվի:

Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Անկարան պատասխան հակաքայլեր կձեռնարկի ի արձագանք Բրյուսելի որոշման:

Միաժամանակ ԵԽԽՎ որոշումն անարդար համարող Թուրքիայում մեկ գիշերվա ընթացքում շուրջ հազար մարդ է ձերբակալվել ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու կասկածանքով: Ձերբակալվածների մեծ մասը ոստիկանական համակարգի աշխատակիցներ են:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են նախորդ տարվա հեղաշրջման ձախողված փորձը կազմակերպելու մեջ, մինչդեռ վերջինս հերքում է իր առնչությունն այդ իրադարձություններին:

Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձից հետո հաշվեհարդարի առաջին փուլում ձերբակալվեց ավելի քան 40 հազար մարդ, իսկ 120 հազարն էլ հեռացվեցին աշխատանքից:

ԵԽԽՎ-ն կհետաքննի Ադրբեջանի կողմից կաշառված պատգամավորների հարցը

Երեք անկախ փորձագետներից կազմված խումբը կուսումնասիրի Եվրոպայի խորհրդի նախկին ու ներկա խորհրդարանականների հասցեին հնչած կաշառակերության մեղադրանքները: ԵԽ նախագահությունը քվեների մեծամասնությամբ որոշել է հատուկ հետաքննական խումբ ստեղծել, որի կազմում կլինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավորներ: Անդամներին նշանակելու է ԵԽԽՎ բյուրոն: Անդամները նշանակվելուց հետո չեն կարող հեռացվել: Խումբը կսկսի գործել անդամների նշանակումից անմիջապես հետո ու նրա լիազորությունները կավարտվեն ԵԽԽՎ բյուրոյին վերջնական զեկույցի ներկայացմամբ կամ ամենաուշը 2017 թ․դեկտեմբերի 31-ին։

Այս մարմինը ստուգելու է, թե որքանով է ԵԽԽՎ անդամների վարքագիծը խախտում ԵԽԽՎ վարքականոններն ու դրույթները։ Հաշվի առնելով այս բացահայտումները՝ այն պետք է հաստատի, թե արդյոք կա՞ն բավարար ապացույցներ ներկա ու նախկին պատգամավորների նկատմամբ գործողություններ ձեռնարկելու համար։ Նաև պետք է ներկայացնի առաջարկություններ, որոնք կներառվեն վեհաժողովի վարքականոնակարգում։

Հետաքննություն իրականացնելու առաջարկը ներկայացրել էր ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեկ Սավիցկին, որին, սակայն, դեմ էին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը: Առաջարկը, սակայն, ի վերջո ընդունվեց:

Ըստ խորհրդարանականներին ներկայացվող մեղադրանքների` 2013 թ. հունվարին ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ կամ նախկին ներկայացուցիչներ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ վերահսկողության զեկույցին դեմ քվեարկելու համար Ադրբեջանի կառավարությունից կաշառք են վերցրել: Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ վերահսկողության զեկույցը, ի վերջո, քվեարկության արդյունքում չի հաստատվել, և ենթադրվում է, որ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ կաշառվելու պատճառով են դեմ քվեարկել:

ԵԽԽՎ-ն սկսել է զբաղվել այս հարցով տեղեկությունը ԶԼՄ-ներով տարածվելուց հետո: Իսկ ըստ ԶԼՄ-ների՝ ԵԽ պատգամավորները Ադրբեջանից նվերներ են ստացել թանկարժեք իրերի, խավիարի, նաև գումարի տեսքով, ինչպես նաև շքեղ և անվճար ուղևորություններ են իրականացրել Բաքու:

Նշենք, որ սա ԵԽԽՎ խորհրդարանականների շուրջ հասունացած միակ կոռուպցիոն սկանդալը չէ: Առաջիկայում Իտալիայում տեղի է ունենալու ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի գործով դատավարությունը: 2016 թ. փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, որ Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Նա մեղադրվում է 2012-2013 թթ. ընթացքում Ադրբեջանից 2,9 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Կաշառքի դիմաց պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: