Հայերեն   English   Русский  

​Հաջողությունը դանդաղ գալու սովորություն ունի, նրան հասնելու համար պետք է համբերություն, կամք ու նվիրում. փաստաբանի ստեղծած բուժիչ բիզնեսը


  
դիտումներ: 6698

«Սկզբում միտքն այն էր, որ մենք ունենք չնաշխարհիկ բնություն՝ էկոլոգիապես մաքուր, որի տված պտուղները ներկայացնելու կարիք կա՝ և՛ բրենդի, և սոցիալական հարցեր լուծելու համար: Ու մտածեցի, որ մեր խոտաբույսերը, որ ես մանկուց օգտագործել եմ, իրենց յուրահատուկ համուհոտով (առհասարակ ամբողջ Հայաստանի խոտաբույսերը նկատի ունեմ) նաև բուժիչ են: Եվ դրանք միջազգային շուկայում հայկական բրենդով ներկայացնելու ցանկություն առաջացավ: Միտքը վերածվեց ցանկության, ցանկությունը՝ գաղափարի, գաղափարը՝ գործողության»,- հայկական «Դարման» թեյերի ստեղծման մասին է «Անկախին» պատմում «Դարման» ընկերության հիմնադիր տնօրեն Գնել Նազանյանը:

Դա 2014 թվականն էր: Նազանյանն իր բիզնեսը սկսեց՝ իր ձեռքով հավաքելով խոտաբույսերը; Բայց սկզբում բավական խոտան էր տալիս մշակման փուլում, որովհետև այն ժամանակ համապատասխան գիտելիքներ չուներ այդ բնագավառում: Նա փաստաբան է: Բայց Նազանյանը չի հուսահատվում ու նահանջում, այլ սկսում է ուսումնասիրել գիտական գրականություն, խորհուրդներ հարցնել բժիշկ-բուսաբույժներից, կենսաբաններից ու շարունակում է արդեն որոշակի գիտելիքներով զինված: Մեր դարում, ինչպես նշում է մեր զրուցակիցը, մարդ-բնություն կապը կարծես թուլացել է, այդ կապը վերականգնելու, բնությունը գնահատելու առումով էլ առաջացավ այս գաղափարը, որը զուգահեռ կարող էր ստեղծել նաև աշխատատեղեր և այնպիսի արտադրանք, որ մարդ գնի նվիրելու կամ անձնական օգտագործման համար, և ոչ միայն հաճելի լինի, այլև առողջություն պարգևի: Այդպես էլ սկսեց:

«Մեկնարկը շատ դժվար էր, ոչինչ չգիտեինք: Բայց սկսեցինք ընկերների շրջանում խոտաբույսերով թեյերի հյուրասիրություններ կազմակերպել: Շատ դրական կարծիքներ ստացա, որոնք էլ ինձ ուժ տվեցին այս գործը սկսելու: Սկզբում մեծ ներդրումներ պետք չէին, ամբողջ արտադրական պրոցեսը ձեռքով էր կատարվում: Սկսեցի մի քանի հարյուր դոլարին համարժեք դրամով: Սկսեցինք խոտաբույսեր ու ծաղիկներ հավաքել ու ստացանք որակով հումք: Երկրորդ փուլն արդեն շուկայում ներկայանալն ու տարբերվելն էր: Ապրանքատեսակն անվանեցինք «Դարման» ու մեկ տարի թիմով աշխատեցինք գեղեցիկ փաթեթավորման, դիզայնի վրա: 2015 թ. հուլիսին առաջին անգամ արտադրանքը ներկայացրի «Զվարթնոց» օդանավակայանի դյութի ֆրի ցանցում, որտեղից արձագանքներն ապշեցուցիչ էին, որովհետև գնորդներից նամակներ ու արձագանքներ էի ստանում, նրանք շնորհակալություն էին հայտնում որակյալ ու հաճելի թեյերի համար: Դա նույնպես ինձ ոգևորեց»,- պատմում է Գնել Նազանյանը:

Արտադրված թեյերի առաջին խմբաքանակը շատ փոքր էր՝ փորձնական: Հաջորդ տարի արդեն ծավալները մեծանում են, ու Գնել Նազանյանը փորձում է մտնել միջազգային շուկա: Փորձնական խմբաքանակներ են ուղարկվում Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա:

Բիզնեսի մասին խոսելիս Գնել Նազանյանը նշում է. «Սկսնակ բիզնեսը փոքրիկ երեխայի պես է, նրան պետք է խնամես, մեծացնես, գուրգուրես ու ամենակարևորը՝ գործդ սիրով կատարես. եթե սիրով կատարեցիր՝ բիզնեսը կփոխհատուցի քեզ»:

«Դարմանը» սկսել է մի քանի կիլոգրամ խոտաբույսերի թեյերի արտադրությունից, իսկ ներկայումս թեյերի ծավալները հասել են մի քանի հարյուր կիլոգրամի: Սկսել է միայնակ, ընտանիքի անդամների աջակցությամբ: Իսկ այս տարի արդեն՝ 2017 թվականին, պլանավորում է խոտաբույսերի հավաքի ժամանակ ներգրավել 40-50 հոգու՝ Տավուշի մարզից բացի ներգրավելով նաև Ստեփանավանի, Վանաձորի ու Մեղրիի շրջանի բնակիչների: Բոլոր ցանկացողներին Նազանյանը հրավիրում ու սովորեցնում է հմտություններ, թե ինչպես պետք է հավաքել խոտաբույսերը, ինչպես անել, որ բույսը շատ չվնասվի, չոչնչանա, և այլն:

«Մի միտք էլ է ինձ մշտապես ոգևորում, այն, որ իմ հայրենի տարածաշրջանում կարողանում եմ որոշակի սոցիալական խնդիրներ էլ լուծել՝ մարդկանց ներգրավելով արտադրական պրոցեսում, որպեսզի մարդիկ չթողնեն գնան, չարտագաղթեն, աշխատանք ունենան: Առայժմ սեզոնային, բայց հետո որոշակի խումբ կլինի՝ փաթեթավորողների, մշակողների, որոնք արդեն մշտական կաշխատեն, դա կախված է սպառման ծավալներից»,- նշում է Նազանյանը:

«Դարմանում» ներկայումս արտադրվում է 4 տեսակ խոտաբույսերի և 2 տեսակ խառը՝ փնջային թեյեր: Դրանք հիմնականում սպառվում են Երևանի թեյերի մասնագիտացված խանութներում: Սպասում են արտասահմանում փորձնական վաճառքների արդյունքներին:

Նազանյանն ասում է, որ բիզնեսը ստեղծագործական աշխատանք է, հետևաբար վերջ չունի, սանդղակ էլ չկա, որով կարողանաս չափել ու ասել, թե հասել ես կատարելության: Բիզնեսում ամենակարևորը հստակ պլան ունենալն է, կամքը, ցանկությունը, որ եռա մեջդ և ունենաս այն թիմը, որը միշտ քեզ աջակից կլինի բոլոր հարցերում. «Բիզնեսով զբաղվելով՝ ռիսկի ես դիմում ու պատասխանատվություն ես վերցնում, կարծես նավ ղեկավարես: Կհաջողվի՞ հասցնել նավահանգիստ՝ ուրեմն հաջողել ես: Փորձում եմ ամեն տեսակ մեծ ու փոքր անհաջողություններից, որոնք բիզնեսում ու առհասարակ՝ կյանքում անխուսափելի են, չհուսալքվել, այլ դրանցից դասեր քաղել, հավատով առաջ շարժվել, քանի որ ասում են՝ հավատն անհաջողությունների դեմ միակ արդյունավետ հակաթույնն է»:

«Ես հիմա ուրիշ մարդ եմ, քան մինչև բիզնես սկսելը. հիմա ավելի պատրաստակամ եմ, ավելի ծանրություն տանող ու ավելի հաղթանակի պտուղները գնահատող ու վայելող: Իսկ եթե բիզնես անելու պատասխանատվություն չես ստանձնում, այդ դեպքում ո՛չ հաղթանակ ունես, ո՛չ պարտություն, դա մի տեսակ միապաղաղ է»,- խոստովանում է Նազանյանը և հավելում, որ գործարարը նաև ռիսկի դիմելու որոշակի համարձակություն էլ պետք է ունենա, ինչպես նաև խոչընդոտներին, հարվածներին դիմակայելու կարողություն:

«Դարման» թեյ

«Ես կարգադրիչն եմ իմ բախտի և ղեկավարն իմ հոգու»: Այս սկզբունքով եթե առաջնորդվես, շատ բան ուզես, շատ բանի էլ կհասնես կյանքում»,- խորհուրդ է տալիս «զրոյից» սկսված բիզնեսի հիմնադիրը և նշում, որ երբեք չի զղջացել, որ Հայաստանում բիզնես է սկսել, ավելին՝ հիմա շփվում է ավելի ստեղծագործ մարդկանց հետ, իրեն շատ լավ է զգում, երբ մարդիկ, որոնց ինքը աշխատանք կամ հույս է տվել, շնորհակալություն են հայտնում: Նման պահերին զգում է, որ կարևոր բան է անում, հպարտանում է, մանավանդ երբ իր արտադրանքն են ներկայացնում ու ասում՝ սա հայկական է:

Իսկ հաջողության գաղտնիքը, ըստ նրա, վճռականությունն է, որոշումներ կայացնելու և թիմով աշխատելու, աշխատակիցներին ճիշտ՝ մասնագիտական ու որակական հատկանիշներին համապատասխան օգտագործելու, ֆինանսական միջոցները ճիշտ կառավարելու ունակությունները, մի քիչ էլ հաջողակության գործոնը՝ բախտը: «Բայց եթե կամք ունես, ուրեմն բախտ էլ ունես»,- ասում է նա:- Շատ մարդիկ իրենց գործը, հաջողությունը թողնում են, երբ համարյա վերջնակետին են հասել, հիասթափվում ու այլևս չեն շարունակում: Հետևաբար, չպետք է հիասթափվել ու նահանջել: Հաջողությունը դանդաղ գալու սովորություն ունի, նրան հասնելու համար պետք է համբերություն, կամք ու նվիրում ունենաս»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: