Հայերեն   English   Русский  

​Բազմաբնակարան շենքեր (մաս 4)


  
դիտումներ: 3468

Նախորդ համարներումներկայացրել ենք բազմաբնակարան շենքի սահմանումը, պարզել ենք, թե որոնք են բնակարանի և ոչ բնակելի տարածքի տարբերությունները, բացահայտել ենք շենքի ընդհանուր բաժնային սեփականությունում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրի բաժնի որոշման կարգը, ինչպես նաև անդրադարձել ենք շենքի կառավարման և պարտադիր նորմերի կատարման որոշ հարցերի:

Այս համարում մանրամասն կներկայացնենք շենքի պահպանման պարտադիր նորմերը: Մեզանից քչերն են տիրապետում այն նորմատիվներին, որոնց պետք է համապատասխանի շենքի պարտադիր նորմերի կատարումը: Ինչպես հիշում ենք նախկին համարներից, պարտադիր նորմերն ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքներն են, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:

Փորձենք հարց ու պատասխանի մեթոդով հասկանալ պարտադիր նորմերի կատարման ժամկետները:

Հարց. Ի՞նչ հաճախականությամբ պետք է կատարվի սպառման թափոնների հեռացումը:

Պատասխան. Սպառման թափոնների հեռացումը պետք է իրականացվի առնվազն երեք օրը մեկ անգամ, իսկ +50C և ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում` ամեն օր:

Հարց. Ի՞նչ հաճախականությամբ պետք է կատարվի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիան (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիան (պայքար կրծողների դեմ):

Պատասխան. Առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

Հարց. Ի՞նչ հաճախականությամբ պետք է իրականացվեն սանիտարական մաքրման աշխատանքները:

Պատասխան. Առնվազն երկու օրը մեկ անգամ:

Հարց. Ի՞նչ հաճախականությամբ պետք է մաքրվեն շենքի ծխաօդատար ուղիները:

Պատասխան. Առնվազն տարին մեկ անգամ:

Հարց. Ի՞նչ հաճախականությամբ պետք է իրականացվեն բազմաբնակարան շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները:

Պատասխան. Պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ, իսկ նոր կառուցվող, ինչպես նաև մինչև 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է դրանց 10 տարին լրանալուց հետո, մեկ տարվա ընթացքում:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: