Հայերեն   English   Русский  

​Մայիսի 1-ից անասնամորթը՝ միայն սպանդանոցներում


  
դիտումներ: 3366

ՀՀ կառավարությունը 2017 թ. մարտի 9-ի որոշմամբ հավանություն է տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: Գյուղնախարարությունն արդեն որոշել է հաստատել սպանդանոցային մորթին անցնելու ժամկետները և կիրառել այդ պահանջը այս տարվա մայիսի 1-ից:

ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ չնայած գյուղաբնակների շրջանում առկա դժգոհություններին՝ միևնույն է, այս նորմը պարտադիր գործելու է, իսկ օրենքի դրույթները խախտողները ենթարկվելու են պատասխանատվության:

Այս պարտադիր պահանջի կիրառման և սպանդանոցների կառուցման մասին է մեր զրույցը ՀՀ ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի հետ:

- Ի՞նչ միջոցներով են կառուցվելու սպանդանոցները:

- ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ հանրապետության տարբեր մարզերում կառուցվել է 5 սպանդանոց (Հունաստանի կառավարության ֆինանսական օժանդակությամբ, «Հայաստանում սպանդանոցների զարգացման ծրագրի» շրջանակներում): Նոր սպանդանոցների կառուցումն իրականացվելու է անհատ ներդրողների միջոցով:

- Ներկայումս քանի՞ սպանդանոց է շահագործվում և ինչպե՞ս է վերահսկվելու, որ սպանդանոցից դուրս անասնամորթ չլինի:

- Հայաստանի Հանրապետությունում ներկայումս տարբեր հզորությամբ գործող 10 սպանդանոց կա: Լիազոր մարմնի համապատասխան տեսչական գործառույթներով կվերահսկվի իրացման կամ վերամշակման ենթակա տեղական մսի սպանդանոցային ծագումը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

- Ի՞նչ փուլերով է իրականացվելու այս գործընթացը. սպանդանոցում անասնամորթ կազամկերպելը ինչքանո՞վ է լինելու ձեռնտու գյուղացիների համար, թանկացումներ կլինե՞ն:

- Նշված գործընթացը նպատակ ունի կանոնակարգել տվյալ ոլորտը, ինչը ֆերմերների համար կստեղծի բարենպաստ պայմաններ արտադրանքը պայմանագրային հիմունքներով սպանդանոցներին վաճառելու համար: Հնարավոր է միավոր արտադրանքի իրացման գնի ոչ էական բարձրացում՝ պայմանավորված տվյալ մարզում գործող սպանդանոցների տեղաբաշխումով, համայնքների հեռավորությամբ և սպանդանոցի մատուցած ծառայություններով:

- Արդյոք սպանդանոցների գործունեությունը նվազեցնո՞ւմ է անասնաբույծների եկամուտը:

- Տվյալ գործընթացի հիմքում որպես առաջնահերթություն դրված է մսի և մսամթերքի արտադրության շղթայում սանիտարահիգիենիկ բավարար պայմանների ստեղծումը, ինչը հնարավոր է իրականացնել միայն ժամանակակից սպանդանոցների առկայության և գործունեության ապահովման միջոցով:

Սպանդանոցների գործարկմանը զուգահեռ կընդլայնվեն կենդանական ծագման այլ արտադրանքի վերամշակման հնարավորություններն ու կարողությունները, ինչն անասնաբուծությամբ զբաղվողների համար կապահովի լրացուցիչ եկամուտ:

- Տեսակետ կա, որ սպանդանոցների քանակի ավելանալու հետ կստեղծվի մրցակցային դաշտ և ոլորտի անօրինականությունները հետզհետե կվերանան:

- Օրենսդրական դաշտի կարգավորման և կիրարկման շնորհիվ կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ:

- Սպանդանոցների շահագործումը որքանո՞վ է նպաստելու անասնապահության զարգացմանը:

- Սպանդանոցների լիարժեք և համապետական շահագործումը կնպաստի անասնապահության զարգացմանը, մասնավորապես՝ մսային ուղղության ցեղերի բազայի ավելացմանը:

Հարցազրույցը՝ Լ. Նազարյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: