Հայերեն   English   Русский  

​ՓՅՈՒՆԻԿԻԱ


  
դիտումներ: 2922

Փյունիկեցիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորողներից:

Փյունիկիան գտնվել է Միջերկրական ծովի արևելյան ափին և ընդգրկել է այժմյան Լիբանանի և Սիրիայի տարածքները; Փյունիկիայի բնիկների մասին, ցավոք, պատմագիտությանը քիչ բան է հայտնի: Նրանք եկվորներ էին և այստեղ հաստատվել են Էրիթրեա ծովի ափերից: Փյունիկեցիները ծովային ժողովուրդ էին և Սև, Միջերկրական ծովերի ափերին որոնելով կյանքի համար նպաստավոր պայմաններ՝ հաճախ գաղութներ էին հիմնում:

Ամեն դեպքում՝ նրանք քոչվոր չէին և ուր էլ հաստատվել են, բարձր քաղաքակրթություն են հիմնել: Դեռևս մ.թ.ա. V հազարամյակում նրանք Առաջավոր Ասիայում խոշոր քաղաքներ ու բնակավայրեր էին հիմնել, որոնցից առավել նշանավորներն են Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Բերիթը (Բեյրութ), Ակրովը: Սրանք միաժամանակ ինքնաբավ քաղաք-պետություններ էին:

Փյունիկյան հասարակությունը, սակայն, միասնական չէր: Փյունիկիան քաղաք-պետությունների յուրահատուկ դաշնություն էր, որի բնակչությունը զբաղված էր հիմնականում առևտրով և երկրագործությամբ: Ի դեպ, համաշխարհային պատմության մեջ առաջին դրամները հենց փյունիկեցիներն են հատել և շրջանառության մեջ դրել: Այդ իմաստով նրանց կարելի է համարել համաշխարհային առևտրի սկզբնավորող: Փյունիկեցիների առևտուրը ծաղկում էր Եգիպտոսի, Հայաստանի, Միջագետքի երկրների հետ: Նրանք էին տիրում Միջերկրածովյան առևտրական ուղիներին:

Փյունիկիայի աշխարհագրական դիրքը ոչ միայն նպաստում էր այդ երկրի տնտեսական զարգացմանը, այլև հաճախ գրգռում էր հարևանների ախորժակը՝ տիրելու Փյունիկիայի բարեբեր հողերին: Երկար ժամանակ Փյունիկիային տիրելու համար միմյանց միջև պայքարում էին Եգիպտոսն ու Հուրրի-Միտտանիի հայկական թագավորությունը:

Փյունիկիան հզորացավ մ.թ.ա. X դարում, երբ հիմնադրվեց Տյուրոս-Սիդոնի միացյալ թագավորությունը, որի ազդեցությունը հասնում էր մինչև Պաղեստին և Իսրայել: Սակայն փյունիկեցիների այս պետության հզորությունը շատ կարճ տևեց, այն մասնատվեց: Փյունիկիան մերթընդմերթ հայտնվում էր կա՛մ Ասորեստանի, կա՛մ Արարատյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում:

Մ.թ.ա. VIII-VII դարերում փյունիկեցիները շարունակական պայքար էին մղում Ասորեստանի գերիշխանության դեմ: Միաժամանակ գաղութներ հիմնեցին Միջերկրական ծովի հարավային ափերին, Սարդինիայում, Սիցիլիայում, անգամ՝ Իսպանիայի և Պորտուգալիայի ներկայիս տարածքում: Այս առումով տեղին է նաև նրանց համարել համաշխարհային ծովագնացության սկզբնավորող: Նրանցից նշանավորը, ինչ խոսք, Կարթագենն էր: Հետագայում Կարթագենն այնքան հզորացավ, որ լուրջ սպառնալիք էր ստեղծում ոչ միայն Միջերկրական ծովում Հռոմի ազդեցությանը, այլև առհասարակ Հռոմին: Սակայն Պունիկյան պատերազմներում Կարթագենի զորավար Հաննիբալ Բարկան հապաղեց, և պատերազմում առաջնությունն անցավ Հռոմին: Շատ չանցած՝ Կարթագենը կործանվեց: Սակայն Հռոմը դեռ երկար դարեր հիշում էր փյունիկեցիների դեմ մղված երկարատև ու ահեղ պատերազմները, և Կարթագեն անունը հռոմեացիների բառապաշարում հավերժ մնաց որպես զորության և թշնամության խորհրդանիշ: Ի դեպ, Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատն էլ հռոմեացիներն անվանում էին Հայկական Կարթագեն, և ոչ միայն այն պատճառով, որ քաղաքի հատակագծման աշխատանքներում դեր է ունեցել Հաննիբալ Բարկան: Արտաշատը Արևելքում Հռոմի ամենազորեղ ու գլխավոր հակառակորդի՝ Մեծ Հայքի մայրաքաղաքն էր:

Փյունիկիայի տարածքը մ.թ.ա. VI դարում գրավեց Աքեմենյան Պարսկաստանը:

Մ.թ.ա. IV դարում Փյունիկիայի տարածքը գրավեց Ալեքսանդր Մակեդոնացին, որ կործանեց փյունիկյան քաղաքակրթությունը: Մակեդոնացուց հետո Փյունիկիան այլևս որպես անկախ պետություն հանդես չեկավ: Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալության կործանումից հետո Փյունիկիայի տարածքն անցավ նոր կազմված Սելևկյան թագավորության տիրակալության տակ:

Մ.թ.ա. I դարում Փյունիկիան գրավեց հայոց արքայից արքա Տիգրան Մեծը: Սակայն հայոց գերիշխանությունը Փյունիկիայում երկար չտևեց: Մ.թ.ա. 66 թվականից Փյունիկիային տիրեցին հռոմեացիները: Հռոմի գերիշխանությունը կործանեց փյունիկյան քաղաքակրթությունը, փյունիկեցիները ձուլվեցին տեղի մյուս ժողովուրդների, հիմնականում՝ ասորիների հետ:

Փյունիկեցիները, հիրավի, մեծ նավագնացներ էին: Նրանց առևտրական նավերը դեռ 3-4 հազար տարի առաջ նավարկում էին հազարավոր կիլոմետրեր Միջերկրական ծովի ամբողջ ափերով: Նրանց նավերը մեծ էին, որոնց երկարությունը հասնում էր մինչև 30 մետրի:

Վկայություն կա, համաձայն որի՝ դեռևս հազարամյակներ առաջ փյունիկեցիների նավատորմը Աֆրիկայի շուրջ պտույտ է կատարել: Այս նավերը միայն ռազմական չէին, որ հսկում էին Փյունիկիայի առափնյա շրջանը, գաղութներ հիմնում Միջերկրական ծովի ավազանում, ուղեկցում առևտրական նավերին: Փյունիկիայի առևտրական նավատորմը թերևս աշխարհում առաջինն էր: Փյունիկեցիները, փաստորեն, իրենց ձեռքում էին կենտրոնացրել համաշխարհային ծովային առևտուրը: Նրանք Արևելքից ձեռք բերած ապրանքները նավերով հասցնում էին աֆրիկյան և եվրոպական մայրցամաքներ:

Փյունիկեցիները հայտնագործեցին և աշխարհում կիրառության մեջ դրեցին ապակին: Նրանց առևտրային գործունեության մասին վկայված է նաև Աստվածաշնչում: Եզեկիելի մարգարեությունում Տյուրոս նավահանգստի մասին գրված է. «Դու առևտուր էիր անում Իսպանիայում, գնում էիր արծաթ, երկաթ, անագ և վճարում քո ընտիր ապրանքներով»:

Իսրայելցիները թշնամանքով էին վերաբերվում փյունիկեցիներին և շարունակ ավարառուական պատերազմներ էին մղում նրանց դեմ: Եվ փյունիկեցիները հաճախ էին հարկ վճարում Իսրայելի և Հուդայի թագավորություններին՝ ազատ առևտրի թույլտվության պայմանով: Փյունիկեցիների համար ամենակարևորն անարգել առևտուրն էր:

Փյունիկեցիներն անուրանալի ավանդ են ունեցել նաև համաշխարհային գիտության զարգացման գործում: Նրանց գրային համակարգը, այբուբենը ամենահներից է և ամենակատարյալներից մեկն է համարվել հին աշխարհում: Փյունիկյան այբուբենից է առաջացել հին հունական այբուբենը:

Փյունիկեցիներն էին պապիրուսը հայտնագործողները: Փյունիկյան Բիբլոս քաղաքն էր Փյունիկիայի գիտության և կրթության կենտրոնը: Այնտեղ էին արտադրվում լավագույն պապիրուսներն ու տարածվում տարածաշրջանում: Շատ հնագույն լեզուներում Բիբլոս բառը հոմանիշ դարձավ գիրք բառին, որտեղից էլ գործածության մեջ մտավ Բիբլիա բառը որպես Գիրք գրոց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: