Հայերեն   English   Русский  

​Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ հնարավորություն են՝ ձևավորելու երիտասարդ և արդյունավետ կառավարիչների իշխանությունը. «Ելքի» ներկայացուցիչ


  
դիտումներ: 3299

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների առիթով «Անկախը» զրուցել է դեռևս «Դեմ եմ» շարժումից, այնուհետև էլեկտրիկ Երևանից ու մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններից հայտնի ակտիվիստ, այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Խաժակյանի հետ:

- Սկսած «Դեմ եմ» շարժումից՝ Դուք անընդհատ ակտիվ եք եղել, հետո դարձաք «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնողներից, ինչո՞ւ որոշեցիք մտնել ակտիվ քաղաքականություն, չէ՞ որ սկզբում ամեն կերպ փորձում էիք զերծ մնալ քաղաքականացվելուց:

- Հայտնի ճշմարտություն կա. եթե չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարի ընթացքում հասկացա, որ Հայաստանն ամեն օր կրում է քաղաքական համակարգի լճացման հետևանքները: Դա նկատի ունենալով՝ որոշեցի փոփոխություններ իրականացնելու բեռը չպայմանավորել այլ անձանցով, այլ ինքնուրույն հիմք դնել այդ գործընթացին: Ստեղծեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և հիմք դրեցինք Հայաստանում քաղաքական սերնդափոխության:

- Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դուք զբաղվում էիք «Ելք» դաշինքի շտաբի աշխատանքների համակարգմամբ, ի՞նչ փորձ ձեռք բերեցիք, ի՞նչ հասկացաք կամ նկատեցիք, որ մինչ այս չէիք հասկացել կամ նկատել:

- Նախ հասկացա, որ քարոզչական աշխատանքներով զբաղվելը պահանջում է մեծ ջանք և եռանդ, ժամանակ, հետևողականություն և պրոֆեսիոնալ մոտեցում: Գոհունակությամբ կարող եմ ասել, որ տիրապետում եմ շտաբային աշխատանքներին և արդեն հասցրել եմ առանձնացնել այն թերացումներս, որոնք հույս ունեմ՝ տեղ չեն գտնի մյուս ընտրություններում:

- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում:

- Տարիներ շարունակ որպես մտահոգ քաղաքացի զբաղվել եմ քաղաքային խնդիրներով և շատ անգամ հասել հաջողությունների. հասել եմ մի շարք վտանգավոր ճանապարհատրանսպորտային կարգավորումների փոփոխությանը, նպաստել եմ քաղաքապետարանի որոշ ոչ իրավաչափ վարչական ակտերի բեկանմանը, շարունակում եմ բարձրաձայնել ճանապարհների երթևեկելի հատվածներում և չնախատեսված այլ վայրերում տեղակայված աղբամանների խնդիրները: Այժմ ցանկանում եմ այդ գործունեությունը դարձնել ամենօրյա և հետևողականորեն զբաղվել քաղաքային խնդիրներով՝ ունենալով ավագանու լծակները խնդիրների արագ և արդյունավետ լուծման համար:

- Ի՞նչ են անձամբ Ձեզ համար նշանակում Երևանի ավագանու ընտրությունները:

- Այս ընտրություններով է պայմանավորված Երևանի զարգացումը և առաջխաղացումը: Կարծում եմ, որ սա աննախադեպ հնարավորություն է Երևանը գոյատևող քաղաքից դարձնելու զարգացող և արդիական քաղաք՝ իրեն բնորոշ դիմագծերով:

- Որո՞նք են լինելու անձամբ Ձեր անելիքները Երևանի ավագանու աշխատանքներում, ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում, որ փորձելու եք լուծել:

- Ինձ համար առանձնացրել եմ այն ոլորտները, որոնց ամեն օր առնչվում են Երևանի բնակիչները և որտեղ խնդիրները իրապես շատ են. հանրային տրանսպորտ, ճանապարհներ և կոմունալ տնտեսություն: Այս երեք ոլորտներում էլ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն եմ տեսնում:

- Քաղաքական պայքարի տեսանկյունից նայելով՝ ի՞նչ նշանակություն ունեն ձեր քաղաքական թիմի համար Երևանի ավագանու ընտրությունները:

- Երևանի ավագանու այս ընտրությունները մեզ համար բացառիկ մարտահրավեր և հնարավորություն են ձևավորելու երիտասարդ և արդյունավետ կառավարիչների իշխանությունը, այդ նպատակով ենք մասնակցում այս ընտրություններին:

- Ինչպիսի՞ Երևան է պատկերացնում «Ելք» դաշինքը, ի՞նչ եք անելու, եթե հաղթեք ու «Ելքի» թեկնածուն դառնա Երևանի քաղաքապետ:

- Երևանում ներդնելու ենք արդյունավետ և համաչափ զարգացման և հաշվետու կառավարման մեխանիզմները, որոնք վերաբերելու են քաղաքային տնտեսության յուրաքանչյուր ոլորտի:

- Ձեր կարծիքով՝ որո՞նք են Երևանի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները, որ փորձելու եք լուծել առաջին հերթին:

- Նախ՝ պետք է բանուկ փողոցները և խաչմերուկները բեռնաթափենք և օպտիմալացնենք տրանսպորտային հոսքերը: Մեր ծրագրում հատուկ անդրադառնում ենք քաղաքային տրանսպորտին, պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ և միկրոավտոբուսների թիվը կտրուկ կրճատվի: Եվ, վերջապես, նախատեսում ենք կառուցել Երևանի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան:

- Ի՞նչ նոր ասելիք ունեք Երևանին, ի՞նչ եք առաջարկելու երևանցիներին:

- Մենք առաջարկում ենք Երևանը դարձնել ժամանակակից լուծումներով քաղաք, որտեղ պետք է լայնորեն ներդրվեն ավտոմատ կառավարման համակարգերը և նպաստեն քաղաքացիների բարեկեցության ապահովմանը. «խելացի» լուսացույցներ, հատուկ լուսավորված հետիոտնային անցումներ և այսպես շարունակ:

- Ինչպե՞ս եք իրականացնելու ձեր ծրագիրն ու նախընտրական խոստումները:

- Մենք տեսնում ենք, որ հաղթանակի պարագայում մեր ծրագրային դրույթները հնարավոր է իրականացնել արդյունավետ կառավարման միջոցով: Ճիշտ կառավարման դեպքում միջոցներն ավելի քան բավարար են:

- Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն առավելությունը, որ ընտրողներին պետք է կողմնորոշի դեպի «Ելք» դաշինքը:

- Մեր երիտասարդ և կոմպետենտ քաղաքական թիմը, մեր ծրագրերը և իհարկե քաղաքապետի մեր թեկնածուն:

- Խորհրդարանական ընտրություններում ձեր քաղաքական թիմի «մարքեթինգային հնարքը» փողոց առ փողոց, շենք առ շենք շրջելն ու քարոզչություն իրականացնելն էր, որի ընթացքում մարդկանց մեջ հատկապես տպավորվեց տանիքներին պարելու քայլը: Երևանի ընտրությունների ժամանակ նման ուշադրություն գրավող անակնկալներ կլինե՞ն:

- Քարոզչական մեր այս ռազմավարությունը որքան նման է նախորդին, այդքան էլ տարբերվում է նրանից, բայց քաղաքացիների հետ անմիջական շփման բաղադրիչը մնայուն է: Նորամուծություններ դեռ շատ կլինեն:

- Ընդհանրապես՝ ինչպիսի՞ տակտիկա եք որդեգրելու այս քարոզարշավի ընթացքում:

- Կարծում եմ՝ դեռևս վաղ է մարտավարությունն ամբողջությամբ բացահայտելու համար, բայց նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր քաղաքացու ներկայանալ և ներկայացնել մեր ծրագրերը և դա անել հնարավորինս անհատականացված:

- Երևանի գործող իշխանության տնօրինած մարդկային, նյութական ու կադրային ռեսուրսներին ի՞նչ եք հակադրելու:

- Կարծում եմ՝ այդ ռեսուրսների ամենամեծ հակադրությունը քաղաքային խնդիրների ներկապնակն է, որն ամեն օր իր գործն անում է:

- Մրցակիցների կողմից կա՞ն այսօր որոշակի, եթե չասենք ապօրինություններ, ապա գոնե մտահոգիչ դրսևորումներ նախընտրական փուլում:

- Կան և նախորդներից ոչնչով չեն տարբերվում:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Այժմ մենք գիշեր ու ցերեկ աշխատում ենք Երևանի ավագանու կազմում մեծամասնություն կազմելու և սեփական քաղաքապետի թեկնածուին ընտրելու համար: Բնական է, որ աննախադեպ մեծ ֆրակցիա ունենալու ենք, սակայն մեր նպատակակետը մեծամասնություն կազմելն է:

- Գուցե կա մի հարց, որին կուզեիք պատասխանել, բայց չտրվեց, խնդրեմ, կարող եք ներկայացնել Ձեր ասելիքը:

- Ես պարզապես ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել երկար սպասված ընդդիմափոխությունը և սկսվել է երիտասարդ ու նոր քաղաքական մշակույթ կրող գործիչների ժամանակաշրջանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: