Հայերեն   English   Русский  

​Բազմաբնակարան շենքերի մասին (մաս3)


  
դիտումներ: 3779

Նախորդ երկու համարներումանդրադարձել ենք բազմաբնակարան շենքի սահմանմանը, բնակարանի և ոչ բնակելի տարածքի տարանջատմանը, շենքի ընդհանուր բաժնային սեփականությունում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրի բաժնի որոշման կարգին, ինչպես նաև շենքի կառավարմանը և պարտադիր նորմերի կատարմանը:

Շարունակելով բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում սեփականատերերի իրավունքների և պարտականությունների թեման՝ մանրամասնենք, թե կոնկրետ ինչ իրավունքներով են օժտված շենքի շինությունների սեփականատերերը և ինչ պարտականություններ ունեն շենքի կառավարման ոլորտում:

Այսպես, շինության սեփականատերերն իրավունք ունեն`

- տեղեկատվություն ստանալ շենքի կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև սահմանված կարգով մասնակցել շենքի կառավարման մարմինների որոշումների ընդունմանը,

- ցանկացած պահի լիազորություններ վերապահել շենքի կառավարման մարմնին կամ հետ վերցնել նրան տված իր լիազորությունները,

- ցանկացած պահի կառավարման լիազորություններ վերապահել շենքի կառավարման մարմին չհանդիսացող անձանց կամ հետ վերցնել նրանց տված լիազորությունները,

- սահմանված կարգով ստանալ հաշվետվություն շենքի կառավարման մարմնի գործունեության վերաբերյալ,

- առաջարկություններ ներկայացնել շենքի կառավարման մարմնին ընդհանուր բաժնային սեփականության կառավարման վերաբերյալ,

- մասնակցել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարմանը:

Շինության սեփականատերերը պարտավոր են`

- կատարել սահմանված պարտադիր վճարները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաստատված այլ վճարները,

- պահպանել շենքի ընդհանուր բաժնային սեփականության օգտագործման սահմանված կարգի պահանջները,

- բարեխղճորեն վերաբերվել շենքի ընդհանուր բաժնային սեփականությանը, պահպանել շենքի շահագործման և պահպանման պարտադիր նորմերը,

- կատարել սեփականատերերի ժողովի և կառավարման մարմնի որոշումները:

Որո՞նք են շենքի կառավարման, այսինքն՝ շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմինները:

Ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է: Շինության յուրաքանչյուր սեփականատեր ժողովում օժտված է իր բաժնին հավասար ձայների քանակով: Ժողովը հրավիրվում է ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Սեփականատերերի ժողովին է վերապահված այնպիսի կարևոր հարցերի լուծումը, ինչպիսիք են, օրինակ՝ բազմաբնակարան շենքի կառավարման ձևի, կառավարման մարմնի ընտրությունը, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի լիազորությունների դադարեցումը, ընդհանուր բաժնային սեփականության շարժական գույքի օտարման կամ գրավ դնելու մասին որոշումների ընդունումը և այլն:

Շենքի ընդհանուր բաժնային սեփականության ընթացիկ կառավարումը, մասնավորապես՝ պարտադիր նորմերի կատարումը, կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

ա) շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի միջոցով. դրանք մեզ հայտնի համատիրություններն են,

բ) լիազորագրային կառավարչի (ներկայացուցչության) միջոցով, ինչպես ընդունված է անվանել՝ շենքի լիազորի,

գ) հավատարմագրային կառավարչի միջոցով:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: