Հայերեն   English   Русский  

Ֆերմերների խոսքով` Գյուղնախարարությունը գյուղացու խնդիրներին ամբողջովին ծանոթ չէ


  
դիտումներ: 1981

Մենք պետք է բարձրացնենք մեր գյուղատնտեսության մակարդակը, արտադրողականության մակարդակը: Միայն այդ դեպքում կկարողանանք մրցունակ լինել և՛ Թուրքիայի, և՛ մյուս երկրների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով լոլիկի շուկայից, կառավարության արձագանքից և արդյունքներից` ասացին ֆերմերները:

Ֆբրմեր Արմեն Սիմոնյանի խոսքով` այս պահին շուկայում չկա ներկրված թուրքական ոչ վարունգ, ոչ էլ լոլիկ, ինչը նշանակում է, որ դաշտը մաքրված է, բայց այդ հարցը չի կարելի լուծված համարել:

«Գյուղատնտեսության խնդիրը շատ բարդ խնդիր է, ուստի պետք է հետևողական լինենք: Մեր ունեցած ապրանքը տեղում մեզ համար շատ է, իսկ դրսի համար շատ քիչ է, որպեսզի մենք կարողանանք Ռուսաստանի հետ պայմանագրային առևտուր կազմակերպել, պետք է մրցունակ ապրանք արտադրենք: Այս պահին մենք ունենք լոլիկ, որը գերազանցում է թուրքական լոլիկին թե՛ իր ապրանքային տեսքով, թե՛ գեղեցկությամբ, թե՛ համային հատկանիշներով: Մեր տեղական լոլիկի օգտակար նյութերը երկու անգամ ավելի բարձր են թուրքական լոլիկից: Ինչը նշանակում է, որ մենք ունենք որակով ապրանք»,- ասաց Արմեն Սիմոնյանը:

Ֆերմերի կարծիքով` բարձր արտադրողականության ունենալու համար կառավարությունը պետք է հետևողական լինի:

«Միայն այս տարի է, որ թուրքական լոլիկի դեմ այսքան երկար պայքար գնաց, վերջին տաս-տասներկու տարում միայն այս տարի է նման արդյունք եղել»,- ասաց նա:

Ֆերմերների խոսքով` Գյուղնախարարությունը գյուղացու խնդիրներին ամբողջովին ծանոթ չէ: Ո՛չ գյուղացու, ո՛չ ֆերմերի հետ այսքան ժամանակ կլոր սեղանի շուրջ չի նստել, խնդիրները չի քննարկել:

«Նրանց ոտքերը պետք է ցեխոտվի, որ հասկանան գյուղացու խնդիրները: Գյուղացին տեղեկացված չէ պարարտանյութերից, կան մասնագիտական խնդիրներ, որոնց գյուղացին չի տիրապետում, շաբաթական մեկ-երկու հաղորդումը բավարար է, որ գյուղացին տեղեկացված լինի»,- ասացին նրանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: