Հայերեն   English   Русский  

Գործադուլ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվ. հիմնական դպրոցում


  
դիտումներ: 2531

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվ. հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը որոշում է կայացրել ս/թ մայիսի 4-ին նախազգուշական գործադուլ անել դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման խնդրները բարձրաձայնելու նպատակով:

Պահանջները.
1. Դպրոցի անհապաղ վերանորոգում և հիմնանորոգում
2. ՈՒսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորության ընձեռում:

ՀԵՏՔ-ը գրում է, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը հիմնադրման օրվանից (1962թ.) երբևէ չի հիմնանորոգվել կամ վերանորոգվել: Երկհարկանի մասնաշենքը շահագործման համար պիտանի չէ, իսկ եռահարկ մասնաշենքում այլևս ազատ դասարաններ չկան: 2016-2017 ուս. տարում դպրոցի աշակերտների թիվն ավելացել է 60-ով: Ազատ դասասենյակ չունենալու պատճառով սեփական ուժերով անձնակազմը ավելացրել է հավելյալ սենյակներ: Դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել են այս խնդիրը, մանավանդ այն ժամանակ, երբ տարածքի երկու դպրոցներից մեկը դարձել է ավագ և չի ընդունում առաջին դասարարան. «Բնականաբար, եթե մեկը դարձել է ավագ, ապա տարածքում մոտ դպրոցը մերն է, երեխաներին պետք է ուղարկեն այստեղ, որովհետև մյուսները հեռու են տվյալ բնակավայրից»:

Այժմ դպրոցում չկա ինֆորմատիկայի դասարան: «Այս տարի դպրոցի աշակերտների ավելացման պատճառով ինֆորմատիկայի դասարանը դարձավ դասասենյակ: Մինչ այդ ունեինք 5 համակարգիչ, որոնք ծառայում էին 25-30 հոգանոց դասարաններին: Հիմա այդ համակարգիչները պահեստում են, իսկ դասաժամին այնպիսի ծրագրեր ենք անցնում, որոնց յուրացման համար անպայման պետք է համակարգիչ»,-ասաց ինֆորմատիկա առարկայի ուսուցիչ Գագիկ Կարապետյանը: Նշենք, որ ինֆորմատիկա առարկան դպրոցում անցնում են 6-ից 9-րդ դասարանցիները, իսկ Վ. Պետրոսյանի անվան դպրոցում 9 դասարան զրկված է համակարգչային հմտություններ ձեռք բերելու իրավունքից:

Դասարանի վերածված դահլիճը

Դասարանի են վերածված նաև կաթսայատունը, դպրոցի դահլիճը, շախմատի և ձեռարվեստի սենյակները, գրադարանը, չկա սպորտդահլիճ: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մաթևոս Մաթևոսյանն ասաց, որ անձրևային եղանակին դասերն անցկացնում են դասարանում, շախմատ, շաշկի են խաղում. «Չունենք սպորտային գույք, անգամ գնդակ չկա, որ երեխաները խաղան»: 5-րդ դասարանցի Ալենն իր մյուս ընկերների նման երազում է ցուրտ եղանակին ևս ֆուտբոլ խաղալու մասին. «Ես, օրինակ, շատ եմ մտածում, որ դահլիճ ունենայինք, անձրևին, ցրտին կգնայինք կխաղայինք, անգամ դասամիջոցին կխաղայինք»:

Դպրոցի անձնակազմը դեռևս 2012 թվականին նամակ էր գրել Սերժ Սարգսյանին, ի պատասխան որի՝ ասվել էր, թե խնդրին կարող են անդրադառնալ հաջորդ տարի` 2013 թվականին, սակայն այդպես էլ չեն անդրադարձել: Նամակներ են ուղղվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարին (17 մարտ, 2015 թ.), տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, պատճենը` քաղաքաշինության նախարարին (27.04.2015 թ.): 2016 թվականի օգոստոսի 29-ին դպրոցի անձնակազմը բաց նամակով դիմել էր կրթության և գիտության նախարարին: ԿԳ նախարարի օգնականը զանգահարել էր դպրոցի տնօրենին եւ ասել, որ տեղյակ են խնդրին, միջնորդել են քաղաքաշինության նախարարությանը: «Օրեր առաջ քաղաքաշինության նախարարությունից եկել էին դպրոց` տեղում ծանոթանալու իրավիճակին, նկարահանելու: Մի քանի անգամ այս ճանապարհով արդեն անցել ենք, ցիկլը կրկնվում է, մենք դիմում ենք, պատասխանատու մարմինները մեզ պատասխան նամակներ են ուղարկում, որևէ լուծում չի տրվում»,-ասաց շախմատի ուսուցիչ Արմեն Գրիգորյանը:

Նա պատմեց, որ մինչև ուսումնական տարին սկսվելը խոստացել էին նոր գույք տրամադրել 60 առաջին դասարանցիներին, բայց այդպես էլ չստացան. «Այդ գույքը չունենալով էլ չթողեցինք երեխաներին ոտքի վրա կանգնած, ուսուցիչների, տնօրինության ջանքերով ջարդած աթոռները վերանորոգեցինք: Սեպտեմբերի 1-ին մյուս դպրոցների առաջին դասարանցիները նվերներ ստացան, մեր դպրոցին ոչինչ չտրվեց, հալածյալ դպրոցի կարգավիճակում ենք: Եթե ևս մեկ դասարան բացվի, օգտագործելու ենք արդեն ուսուցչանոցը, ուսուցիչները մնալու են միջանցքում կամ բակում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: