Հայերեն   English   Русский  

​Փակվում են այն հարթակները, որոնք կարող են ծառայել որպես ընդդիմության կամ այլակարծության խոսափող. Վարուժան Գեղամյան


  
դիտումներ: 2946

Թուրքիայում շարունակվում է ազատ խոսքը սահմանափակելու և իշխանությունը Էրդողանի ձեռքին կենտրոնացնելու գործընթացը: Այդ շրջանակներում օրերս Թուրքիայում արգելափակվեցին վերջին շրջանում փակված ԶԼՄ-ների արխիվներն ազգային գրադարանում, ինչպես նաև Վիքիպեդիա առցանց հանրագիտարանը: Արգելվել է նաև որոշ հեռուստահաղորդումների հեռարձակումը, շարունակում են փակվել անցանկալի ԶԼՄ-ները:

Դրան զուգահեռ շարունակվում են նաև մարդկանց զանգվածային ձերբակալությունները և աշխատանքից հեռացումները: Օրինակ՝ ապրիլի 30-ին պետական հաստատություններից աշխատանքից հեռացվել է 3974 մասնագետ: Դրանից օրեր առաջ աշխատանքից ազատվել էր 9103 ոստիկան, 4900-ի ձերբակալման հրաման էր արձակվել:

Ներքին զարգացումներին զուգահեռ՝ Թուրքիան չի անտեսում նաև արտաքին քաղաքականությունը. օրերս Էրդողանը 100 հոգանոց պատվիրակությամբ Հնդկաստանում էր:

Թուրքիայում ընթացող զարգացումների, դրանց պատճառահետևանքային կապերի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:

- Վարուժան, որոշ հեռուստահաղորդումների, փակված ԶԼՄ-ների արխիվների և առցանց հանրագիտարանի արգելափակումն ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Այս ամենի տրամաբանությունը հետևյալն է. իշխող վերնախավը, մասնավորապես՝ նախագահ Էրդողանը և իր մերձավոր շրջապատն ամեն ինչ անում են, որ իշխանությունը մնա և կենտրոնանա իրենց ձեռքում: Դրա համար անհրաժեշտ է պետական ողջ համակարգը համալրել այնպիսի կադրերով, որոնք հավատարիմ են և որոշ առումով նախկինում ցույց են տվել իրենց հավատարմությունը: Ուստի աշխատանքից հեռացվում են բազմաթիվ պետական ծառայողներ, զինվորականներ և փոխարինվում են թեկուզև իրենց հմտություններով զիջող, բայց նախագահ Էրդողանին հավատարիմ կադրերով: Միաժամանակ փակվում են այն հարթակները, որոնք կարող են խնդրահարույց լինել և ծառայել որպես ընդդիմության կամ այլակարծության խոսափող: Այդ շրջանակներում փակվում են նոր լրատվամիջոցներ, միաժամանակ նաև այն լրացուցիչ աղբյուրները, որոնք ԶԼՄ-ներ չեն, բայց կարող են հասարակությանը ցույց տալ այսօրվա իրավիճակի որոշ դրդապատճառներ: Օրինակ՝ փակվում է ազգային գրադարանի արխիվի այն մասը, որտեղ պահվում են իշխանությանը ոչ ցանկալի թերթերի նախկին համարները:

Նպատակն է այս փոփոխությունների միջոցով նաև որոշակի օրակարգ թելադրել, որը հնարավորինս կնպաստի հասարակության մոբիլիզացմանը իշխող վերնախավի և նրա դավանած գաղափարախոսության՝ իսլամական ազգայնականության շուրջ:

Այս գործընթացը շարունակական կլինի առնվազն մինչև 2018-2019 թվականները, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները: Այսինքն՝ այս պահին այս բոլոր գործողություններն ընթանում են հենց դրա շրջանակներում:

- Փաստորեն նախընտրական քարոզարշավը կամ գոնե նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվե՞լ են:

- Այո: Հանրաքվեով և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը պարզ դարձավ, որ երկու կողմերի համար էլ ոչինչ կորած չէ: Էրդողանը ստացավ յուրատեսակ լեգիտիմություն իր հավակնություններն ամրապնդելու համար, իսկ ընդդիմությունը՝ լավ նշան, որ Թուրքիայում բնակչության մի հսկայական զանգված դեմ է իշխող վերնախավի առաջարկած ուղուն: Սա ընդդիմության համար էլ շատ լավ հնարավորություն է ինքնակազմակերպվելու և Էրդողանին դիմագրավելու համար, թեև Էրդողանի ձեռքին գտնվող լծակները նրա հաղթանակի հավանականությունն ավելի են մեծացնում:

- Ասացիք 2018-2019 թթ. նախագահական ընտրություններ: Այսինքն՝ հնարավոր է, որ վաղաժա՞մ ընտրություններ տեղի ունենան:

- Թուրքիայի պատմության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանությունները վաղաժամ ընտրություններ են ձեռնարկել՝ թույլ չտալով ընդդիմությանը կազմակերպվել: Եվ այս անգամ էլ հնարավոր է, որ օգտվելով արտակագ դրությունից՝ իշխանությունները նախաձեռնեն արտահերթ ընտրություններ:

- Իսկ զանգվածային ձերբակալությունների և աշխատանքից հեռացումների նոր փուլը հանրաքվեի արդյունքներո՞վ է պայմանավորված:

- Ձերբակալություններն ու աշխատանքից հեռացումները շարունակական գործընթաց են: Վերջին մեկ տարվա ընթացքում արտակարգ ռեժիմի պայմաններում աշխատանքից հեռացվում կամ անգամ ձերբակալվում են այն անձինք, որոնք հավատարիմ չեն Էրդողանին կամ ցույց չեն տվել մաքսիմալ հավատարմություն: Սա էլ իր հերթին հանգեցնում է հասարակության մեծ լարման և բևեռացման: Միաժամանակ պետք է ասել, որ այսպիսի փոփոխությունները, ըստ էության, նաև մոբիլիզացնում են հասարակությունը: Հասարակությունը բաժանելով յուրայինների և ոչ յուրայինների՝ հնարավորություն է ստեղծվում ավելի ակտիվացնելու նրանց, որպեսզի սատարեն իշխող վերնախավին:

- Իսկ այսքան ճնշումներից հետո Էրդողանը մրցակից ունի՞, կա՞ գործիչ, որ կարող է նրա հետ ոտք մեկնել:

- Քաղաքական այդպիսի կերպար այս պահին հստակ չի երևում, բայց կան մի քանի մարդիկ, որոնք ունեն նման հավակնություններ: Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ Մերալ Աքշեները, որը խարիզմատիկ գործիչ է, այդպիսի հավակնություններ ունի: Ինչպես կարելի է դատել նրա հայտարարություններից, նա պատրաստվում է նախագահական ընտրություններին: Բացի այդ, բանտում գտնվող Սալահաթթին Դեմիրթաշը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահը, նույնպես շատ խարիզմատիկ կերպար է: Եթե նա ազատվի բանտից և հնարավորություն ստանա մասնակցելու ընտրություններին, ապա ընդդիմությունը ևս մեկ ուժեղ առաջնորդ կստանա: Բայց ես բացառում եմ, որ նա դառնա Թուրքիայի նախագահը կամ կարողանա առաջադրվել:

Նաև դժվար է կանխագուշակել՝ արդյոք ընդդիմությունը համատեղ այնպես կաշխատի՞, ինչպես վերջին հանրաքվեի ժամանակ, երբ բոլորը միասին, ձեռք-ձեռքի տված պայքարեցին «ոչ»-ի համար: Նախագահական ընտրությունները բնականաբար մի փոքր ուրիշ են լինելու, և դեռ պարզ չէ, թե կհաջողվի՞, արդյոք, միասնական թեկնածու առաջադրել:

- Այսինքն՝ բոլոր դեպքերում Էրդողանի հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է:

- Այո, եթե հաշվի առնենք, որ այս քվեարկության ժամանակ առաջին անգամ գործի են դրվել անօրինական միջոցներ՝ ընտրախախտումներ, ապա հետագայում էլ իշխանությունը ոչնչից չի խորշի, որպեսզի հասնի արդյունքի:

- Հնդկաստանի փոխնախագահի Հայաստան այցից օրեր անց Էրդողանը մեծ պատվիրակությամբ Հնդկաստանում է: Խոսում են ազատ առևտրային գոտի ստեղծելու, տնտեսական կապերը խորացնելու մասին: Սա պատահակա՞ն համընկնում է, և ինչո՞վ է պայմանավորված այցի նման մասշտաբը:

- Կարծում եմ՝ չպետք է օրգանական կապ տեսնել այս երկու իրադարձությունների միջև: Թուրքիան վերջին տարիներին ակտիվ քաղաքականություն է վարում բոլոր տարածաշրջաններում: Տվյալ այցն այդ քաղաքականության հերթական դրսևորումներից է, երբ փորձում են այլ ներդրողների ներգրավել Թուրքիայում և բալանսի բերել Եվրոպական միության հետ վատ հարաբերությունները՝ այլընտրանք ստեղծելով թուրքական տնտեսության համար: Ասիական շուկայի հետ համագործակցության խորացումը այս առումով որոշակի ինքնուրույնություն կամ հավասարակշռություն ձեռք բերելու հնարավորություն կտա, ինչը, բնականաբար, հնարավոր է վերածել քաղաքական կապիտալի:

- Թուրքիան վերջերս ընդգրկվեց ԵԽԽՎ մոնիթորինգի տակ գտնվող երկրների ցանկում: Շարունակվում են նաև կոշտ հայտարարությունները Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Դրանք կարո՞ղ են որևէ կերպ ազդել Թուրքիայի գործողությունների վրա:

- Կարծում եմ՝ ոչ, եթե Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը բավարարվեն միայն հայտարարություններով և առավել դիվանագիտական, քան կիրառական, գործնական քայլերով: Արդեն համոզվում ենք, որ դրանք որևէ ազդեցություն չեն ունենում Թուրքիայի քաղաքականության վրա: Էրդողանը՝ որպես քաղաքական գործիչ, բավականին սկզբունքային է. շատ դժվար է համոզել նրան հետ կանգնել իր և իր լսարանի համար սովորական դարձած հռետորաբանությունից:

Արևմտյան ուղեղային կենտրոնները վերջին շրջանում Էրդողանին որպես բռնապետ են ներկայացնում, բայց որքանո՞վ է դա ազդում կիրառական գործի վրա: Պատժամիջոցների, անդամությունից զրկելու մասին խոսք չկա: Քանի դեռ այդ մասին խոսք չկա, իսկ այդ ամենը չի կարող լինել ակտիվ տնտեսական կապերի պատճառով, դժվար է կանխատեսել, որ նման հայտարարությունները կարող են խանգարել Էրդողանին շարունակել իր քաղաքականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: