Հայերեն   English   Русский  

Ինչպես ունենալ միջազգային մակարդակով մրցունակ հայագիտություն. գիտնականի առաջարկները


  
դիտումներ: 4584

«Թեև վերջին տարիներին Հայաստանում շատ է խոսվում գիտության խնդիրների մասին՝ փոփոխություններ չեմ տեսնում: Ակադեմիայում, օրինակ, ամեն ինչ այնպես է, ինչպես որ էր: Մինդեռ դա գիտության ղեկավարման լավագույն մոտեցումը չէ: Անհրաժեշտ է թե՛ անձերի, թե՛ մոտեցումների, թե՛ գործելաոճի փոփոխություն»,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով գիտության վիճակը Հայաստանում:

Պատասխանելով այն հարցին, թե որոնք է համարում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները մեր երկրում գիտությունը պահպանելու և հետագայում զարգացնելու համար, Պետրոսյանն անդրադառնում է միայն հումանիտար ոլորտին, որի նրբություններին տեղյակ է:

«Եթե սկսեմ ասել այն, ինչ մտածում եմ, և այն, ինչ գիտեմ՝ շատ ողբերգական պատկեր կստացվի: Ուստի մեղմ ձևակերպումներ կտամ»,- ասում է նա:

Պետրոսյանի կարծիքով` Հայաստանում հայագիտության ոլորտում իսկական գիտական մակարդակով աշխատող լավագույն կառույցը Հնագիտության և ազգագրության ինստիտուտն է։ Մյուսների դեպքում կան թերություններ։ «Շատ կոլեկտիվների աշխատանքը չեմ կարող ասել, որ համապատասխանում է ժամանակակից գիտության պահանջներին և որակներին»,- ասում է նա:

Պետրոսյանը նշում է, որ Խորհրդային Միության փլուզման և անկախության հռչակման շնորհիվ ազատվեցինք խորհրդային պարտադրված գիտությունից: Սակայն թե՛ Հայաստանում, թե՛ հետխորհրդային երկրներում և թե՛ նախկին սոցիալիստական երկրներում նախկին քաղաքական պարտադրանքին փոխարինելու եկավ ազգայնականությունը: «Ազգայնական, ծայրահեղ հակագիտական ուսմունքներ են շրջանառվում, որոնք լավագույն դեպքում, գուցե ինչ-որ կապ ունեն գիտության հետ: «Մենք ամենահինն ենք, մենք ամենալավն ենք» մոտեցումն առկա է անգամ Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներում»,- ասում է Պետրոսյանը: Նա նշում է, որ հայագիտության ոլորտում ծայրահեղական վիճակ է: Նպատակն է ցուցադրել, որ ավելի հին ենք, քան կարծել ենք, քան Սովետական Միությունը մեզ պարտադրել է երևալ: Մեր իրականության ողբերգությունն այն է, որ այդ մոտեցումը անցել է ակադեմիական գիտություն։

Խոսելով հայագիտության նման վիճակի մասին` Պետրոսյանն ասում է, որ այն պայմանավորված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով: «Օբյեկտիվ պատճառների թվում է նաև այն, որ շրջապատված ենք ոչ բարեկամական երկրներով: Թուրքիայում աշխատող նույնիսկ միջազգային մակարդակի գիտնականները մինչև վերջերս իրենց աշխատություններում «հայ» բառը չէին օգտագործում: Իսկ ներկայումս Թուրքիային միացել է Ադրբեջանը, որն ավելի ուժեղ հակահայկական քաղաքականություն է տանում: Այս բոլորը մեզանում ծնում են դրա դեմ պայքարելու, դրան հակառակվելու ցանկություն,- ասում է Պետրոսյանը:- Մենք շրջապատված ենք հայատյացություն քարոզող երկրներով: Ինքնապաշտպանության բնազդով մտածում ենք` եթե ցույց տանք, որ ավելի հին ենք՝ կհաղթենք: Բայց գործով է պետք պայքարել, ոչ թե պատմությունը հնացնելով: Օրինակ կարող ենք վերցնել հրեաներից, որոնք հենց գործով են պայքարում հրեատյացության դեմ»:

Հարցին, թե ինչու է Հայաստանում հումանիտար գիտությունը թույլ զարգացած, Պետրոսյանը մի քանի պատճառներ է մատնանշում: Նախ՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականության հետևանքով այն ժամանակվանից դեռ առավել մեծ ուշադրություն է հատկացվել բնական գիտություններին: «Ներկայիս վիճակը նաև Սովետական Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտեցումներով է պայմանավորված: Խորհրդային Հայաստանում ևս բնական գիտություններն ավելի զարգացած էին: Դա նաև ակադեմիայի քաղաքականության և մոտեցումների արդյունք էր: Իսկ Վրաստանում, օրինակ, կար շատ ուժեղ հնագիտություն»,- ասում է նա:

Որպես երկրորդ պատճառ Պետրոսյանը նշում է, որ բնական և ճշգրիտ գիտություններն ազգային չեն լինում, դրանք համամարդկային են՝ ի տարբերություն հումանիտարի: «Ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան ազգային չեն լինում: Չի կարող լինել հայկական, վրացական կամ չինական ֆիզիկա: Երկու անգամ երկու հավասար է չորսի ամենուրեք: Եվ հնարավոր չէ ակադեմիայում ժողով անցկացնել և քննարկել «երկու անգամ երկու հավասար է տասնյոթի» վարկածը: Մեզ մոտ հումանիտար ոլորտում նման խնդիրները դեռևս քննարկվում են, օրինակ` շումերերենի հայերեն լինելու խնդիրը դրեցին և ակադեմիայում քննարկեցին»,- ասում է նա: Նման վիճակից խուսափելու համար, ըստ Պետրոսյանի, գիտության ոլորտները ղեկավարող անձինք պետք է տեղյակ լինեն գիտության ժամանակակից կամ գոնե նախաժամանակակից մոտեցումներին. «Ազգայնականությունն ակադեմիայի գործը չէ: Դա պետք է թողնեն գրողներին և գաղափարախոսներին»:

Պետրոսյանը վստահ է` ազգայնականության դիտանկյունով անցած գիտությունը կամ գիտական արդյունքը չի կարող մրցունակ լինել միջազգային ասպարեզում. այն նախատեսված է միայն և միայն ներքին լսարանի համար:

Հարցին, թե ինչ է պետք, որ հայագիտությունը մրցունակ լինի, Պետրոսյանն ասում է. «Հայագիտությունը, ինչպես և օրինակ` թուրքագիտությունը, երբեք այնպես պահանջված չի լինի, ինչպես բժշկագիտությունը, նանոտեխնոլոգիաները, ֆիզիկան և այլն»: Նա նշում է, որ հայաստանյան հնագիտությունը, շնորհիվ միջազգային կապերի և համագործակցության, միջազգայնացված է և ունի գիտական բարձր մակարդակ: «Իսկ այն ոլորտները, որոնք չունեն միջազգային կապեր, դուրս են գիտության զարգացման հունից և տուրք են տալիս ազգայնականությանը, չեն կարող պահանջված լինել»,- ասում է նա:

Գիտնականը նաև շեշտում է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ֆինանսավորում ու զարգացնում իր հումանիտար գիտությունը: Իսկ Հայաստանում գիտության նկատմամբ պետական վերաբերմունքի մասին վկայում է գիտնականի աշխատավարձը. «Գիտությունների դոկտորը ստանում է նույնքան աշխատավարձ, որքան նորավարտ երիտասարդ մանկավարժը: Եվ դա այն դեպքում, երբ մեր երկրում մանկավարժների աշխատավարձն էլ շատ ցածր է»:

Որպես գիտության հետևողական զարգացման օրինակ Պետրոսյանը մատնանշում է Թուրքիան: Ասում է, որ մինչև XX դարի վերջին տասնամյակները այստեղ գիտությունը թույլ էր զարգացած: Բայց քանի որ պետական մակարդակով գիտությունը զարգացնելու որոշում կար՝ ամեն տարի հազարավոր ուսանողներ էին ուղարկվում աշխարհի լավագույն կենտրոններում ուսանելու: Բացի բնական գիտություններից, արտերկրի առաջատար կենտրոններում թուրք ուսանողներն ուսումնասիրում էին նաև խեթագիտություն, սեպագրագիտություն, ուրարտագիտություն և այլն: «Արդյունքում Թուրքիայում հիմա կա միջազգային բարձր մակարդակի ուրարտագիտություն և խեթագիտություն»,- ասում է նա:

Հայագիտությունը զարգացնելու համար, Պետրոսյանի կարծիքով, համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն դեռ բուհից: «Հումանիտար ոլորտի գիտնականը շատ լեզուներ պետք է իմանա` եվրոպական երեք խոշոր լեզուները, իր մայրենին և մեր դեպքում՝ նաև ռուսերենը: Մեզ մոտ հինգ լեզու իմացող քանի՞ մասնագետ կա»,- ասում է նա: Մյուս կարևոր քայլը, նրա խոսքով, տաղանդավոր, աչքի ընկնող ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին աշխարհի առաջավոր կենտրոններ ուսանելու ուղարկելն է:

Պետրոսյանը կարևորում է նաև տեղում միջազգային գրախոսվող ամսագրի հրատարակությունը: «Մեզ մոտ փորձում են անգլերենով ամսագիր հրատարակել, որն աննկարագրելի անգրագետ անգլերենով է: Եվ դա ակադեմիան է հրատարակում»,- ասում է նա` հավելելով, որ ճիշտ մոտեցումների դեպքում Հայաստանում հնարավոր է միջազգային գրախոսվող ամսագիր ստեղծելը: Որպես օրինակ նա մատնանշում է իր և իր երկու գործընկերների կողմից առանց որևէ պետական աջակցության հրատարակվող Առաջավոր Արևելքի ուսումնասիրության «Արամազդ» ամսագիրը, որը հրատարակվում է 3 արևմտյան լեզուներով և ունի միջազգային բարձր հեղինակություն:

«Տեղում պետք է ապահովել ուսուցման ավելի բարձր որակ և տուրք չտալ հակագիտական մոտեցումներին: Պետք է կարողանալ լավագույններին ուղարկել կրթվելու ոլորտի առաջատար կենտրոններում: Դա է մրցունակ լինելու ճանապարհը»,- ամփոփում է Պետրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: