Հայերեն   English   Русский  

​Պետք է բիզնեսին տաս, որ բիզնեսն էլ քեզ տա…


​Հայկական կոսմետիկա արտադրող ընկերություն, որը մեր երկրի հասակակիցն է


  
դիտումներ: 2513

Այն ժամանակ, երբ դեռ Հայաստանը գտնվում էր ԽՍՀՄ կազմում, կոսմետիկ միջոցների խիստ դեֆիցիտ կար. հիմնականում արտասահմանյան հումքով պատրաստվող կամ ամբողջությամբ արտասահմանյան կոսմետիկ միջոցներ էին: Այդ ապրանքների առևտուրը կատարվում էր արտարժույթով, իսկ ԽՍՀՄ-ում արտարժույթ գտնելը խնդիր էր: Եվ դեֆիցիտը սրվել էր հատկապես 90-ականների սկզբին:

Այդ ժամանակ էլ հայ գիտնական արտադրողներն ուսումնասիրեցին մի նյութ, որը կարող էր հումք դառնալ մազերի գանգրացման միջոց ստեղծելու համար: Սովետական Միությունում նման միջոց ձեռք էին բերում Ֆրանսիայից: Մազերը գանգրացնող այդ միջոցով էլ 1990-91 թթ. շուկա մտավ հայկական «Բիոքիմ» ընկերությունը: Նման ընկերություն հիմնելու գաղափարները, ինչպես «Անկախի» հետ զրույցում մեկնաբանեց «Բիոքիմի» համահիմնադիր տնօրեն Աշոտ Ավեստիսյանը, սկիզբ են առել դեռևս 1980-ականներից, բայց որպես գրանցված ձեռնարկություն «Բիոքիմը» գոյություն ունի 1991 թվականից:

«Մենք դրա հիման վրա կազմակերպեցինք ձեռնարկություն, որը սկսեց արտադրել մազերի գանգրացման միջոցը, և միանգամից շատ մեծ պահանջարկ ունեցավ: Այնքան մեծ էր պահանջարկը, որ նույնիսկ Լենինգրադից, Մոսկվայից, Կալինինգրադից, Յարոսլավից, Կազանից և այլ քաղաքներից, մեր տեղն իմանալով, գալիս հասնում էին Երևան, որ առնեին-տանեին: Կոնտեյներներով էինք արտադրում, տոննաներով: Բայց հետագայում, երբ սկսվեց պատերազմը, ճանապարհները փակվեցին: Հետո Ռուսաստանում սկիզբ առան խմորումներ, խնդիրներ և այլն. Ռուսաստանի հետ այդ կապն ընդհատվեց: Դրանից բացի, «երկաթե վարագույրը» վերացավ, վալյուտայի ներհոսք եղավ, ու արդեն մարդիկ կարողանում էին արտասահմանից ներկրել իրենց անհրաժեշտ կոսմետիկ միջոցները: Այսինքն՝ եթե 90-ականներին մենք մրցակից չունեինք, ապա հետագայում արդեն ի հայտ եկան նոր պայմաններ, որոնք խանգարում էին: Բայց շարունակեցինք ու սկսեցինք արտադրել նաև այլ կոսմետիկ միջոցներ, որոնց պահանջը կար: Առաջին 1-2 տարին միայն մազերի գանգրացման միջոցն էինք արտադրում: Հետո, քանի որ վարսավիրները շատ էին հարցուփորձ անում այլ նյութերից, սկսեցինք արտադրել նաև մազերի գունաթափման միջոց, մազերի գելեր, մազերի համար դիմակ: Դեմքի դիմակների պահանջարկ կար, ու մենք դա էլ սկսեցինք արտադրել: Մանավանդ 90-ականների կեսերին, երբ վաճառքում ընդհանրապես դեմքի դիմակներ չկային, մենք մեր դիմակները ստեղծեցինք այնպես, որ անվտանգ ու էֆեկտիվ լինեն»,- պատմեց Աշոտ Ավետիսյանը:

Այդպես կամաց-կամաց «Բիոքիմի» ապրանքները սկսեցին տարածվել, վարսավիրների և մասնագիտացված խանութների շրջանում ընկերությունը՝ իր «Նիկա» ապրանքանիշով, ձևավորեց կայուն պահանջարկ, դրա հիման վրա զարգացրեց տեսականին ու հիմա մոտ 12-13 տեսակի դիմակներ են արտադրվում, որոնք կայուն պահանջարկ ունեն: 90-ականներին, ինչպես պատմում է ընկերության տնօրենը, գալիս է մի պահ, երբ ընկերությունում նկատում են, որ կանայք սկսել են իրենց մազերը չներկել, չխնամել: Շուկայում լայն առաջարկ էլ չկար, միայն սովետական շրջանից մնացած ռուսական մազի ներկերն էին, իսկ վարսավիրանոցներում ֆրանսիական շատ թանկ ներկեր կային, որոնք գնելու համար մարդիկ փող չունեին: Եվ ընկերությունը սկսեց նաև մազերի ներկեր արտադրել՝ «Նիկա քոլոր» ապրանքանիշով:

«Իհարկե, այդ ժամանակ սկսեցին ներմուծվել տարբեր ներկեր, բայց մենք կարողացանք մնալ շուկայում, մեր ներկերն էլ տարածում գտան, ու հիմա մենք արտադրում ենք 24 գույնի մազերի ներկեր, որոնք որակով ֆրանսիական, գերմանական, իտալական ներկերի որակի են, բայց ավելի էժան են»,- նշում է ընկերության տնօրենը:

Աշոտ Ավեստիսյան

Բացի մազերը գանգրացնող միջոցներից, դեմքի ու մազերի դիմակներից, մազի ներկերից, «Բիոքիմ» ընկերությունը ներկայումս արտադրում է նաև դեմքի կոսմետիկան մաքրող «կաթիկներ» և այլն: Սկսելով մեկ տեսակ արտադրանքից՝ ձեռնարկությունն այժմ ավելի քան 50 տեսակի արտադրանք է թողարկում: Արդեն 6 տարի է, ինչ «Բիոքիմը», բացի կոսմետիկայից, սկսել է ատամնաբուժական նյութերի, դեղերի արտադրությամբ ևս զբաղվել: Պահանջված ոլորտ է, նշում է մեր զրուցակիցը, բայց դա դեռ միայն ներդրումների փուլում է, դեռ վերադարձելիություն չունեն: Այս ուղղությամբ էլ 20 անուն արտադրատեսակ ունեն՝ ատամնաբուժական նյութեր ու դեղեր, որոնցից 4-5-ն արդեն գրանցված են: Սա շատ ծանր, դժվար ոլորտ է, բայց նոր են սկսել ու հույս ունեն, որ այն ևս հաջողվելու է:

Ուշագրավ է, որ «Բիոքիմը» գործունեությունը սկսել է բավականին բարդ ժամանակաշրջանում, բայց այդ նախաձեռնությունը հաջողվել է, Աշոտ Ավետիսյանի խոսքով, այն հանգամանքի շնորհիվ, որ հիմնադիրները շրջանառությունից ստացված ամբողջ եկամուտը նորից ներդրել են գործի մեջ, չեն ծախսել, չեն շռայլել:

Հարց է առաջանում, թե 90-ականներին՝ անցումային ամենաթեժ, ամենախառը ժամանակներում, ինչպես, ինչ միջոցներով հիմնվեց այս ձեռնարկությունը:

«Սկզբում, իհարկե, փող չունեինք, որ սկսեինք. գնացինք Երևանի վարսավիրների միավորման վարչություն ու պայմանավորվեցինք վարչության պետի հետ, ասացինք, որ այսպիսի բան կարող ենք արտադրել: Նա ոգևորվեց, բայց զգուշացրինք, որ հումքը ձեռք բերելու, սարքավորումներ գնելու համար գումար է պետք, նա էլ մեզ առաջարկեց կանխավճար, այն ժամանակ՝ 20 հազար ռուբլի: Փաստորեն մենք նրան արտադրանքը տվեցինք հաշվարկային գնից երկու անգամ ավելի էժան գնով: Բայց այդ գումարն այն կարևոր մեկնարկային միջոցը եղավ, որի հիման վրա մենք այս ամենը կարողացանք ստեղծել, գործարկել ու աշխատեցնել մինչ օրս»,- ասաց Աշոտ Ավետիսյանը՝ հավելելով, որ բարդագույն այդ ժամանակներում, երբ ձեռնարկություններն իրար հետևից փակվում ու վերանում էին, հնարավոր եղավ գոյատևել այն հանգամանքի շնորհիվ, որ իրենց արտադրած ապրանքները շուկայում չկային, այն ամենի պահանջարկը, ինչ «Բիոքիմն» արտադրում էր, մեծ էր:

Հեքիաթի է նմանվում, երբ փորձում ես պատկերացնել, թե ինչ էր նշանակում 90-ականներին հումք հայթայթելը, արտադրական պրոցեսը կազմակերպելը… Այդ ժամանակ ընկերությունը նախկին Խորհրդային Հայաստանի քիմիական հարուստ արդյունաբերության մնացորդները, տարբեր քիմիական գործարանների ու ձեռնարկությունների պահեստներում մնացած հումքն էր օգտագործում՝ զուգահեռաբար փորձելով շրջափակման պայմաններում արտերկրից՝ սկզբում Ռուսաստանից, հետո Իրանից, Եվրոպայից ու հետագայում նաև Չինաստանից ներկրել այն:

Աշոտ Ավեստիսյան

Ուշագրավ է, որ այս համարձակ գործը հիմնադիրները սկսել են 4-5 հոգով, իսկ ներկայումս ընկերությունը մոտ 30 աշխատող ունի: Անգամ մութ ու ցուրտ տարիներին 14-15 աշխատող է ունեցել ընկերությունը: Անասելի ու անպատմելի դժվարություններ են ստիպված եղել հաղթահարել ու մինչ օրս էլ հաղթահարում են: Իսկ դժվարությունները հաղթահարվել են, Ավետիսյանի կարծիքով, շնորհիվ այն հանգամանքի, որ հիմնադիրներն ագահ չեն եղել, ստացված շահույթը չեն վերցրել ու անձնական օգտագործման համար ծախսել, այլ նորից ներդրում են արել իրենց ձեռնարկությունում:

«Բիզնեսում ամենակարևորն այն է, որ ստեղծագործող լինես, ակտիվ, գլուխդ աշխատացնես, կարողանաս ճիշտ կողմնորոշվել, որովհետև բիզնեսում ցանկացած քայլ ռիսկ է: Բիզնեսմենը պետք է կարողանա ճիշտ որոշել, թե որ ռիսկին կարելի է գնալ ու որին գնալն իմաստ չունի: Այնուհետև՝ չպետք է ագահ լինես: Հայկական բիզնեսում մի շատ վատ բան կա, որի պատճառով շատերը լուծարվում են, այն, որ մարդիկ իրենք իրենց բիզնեսը ուտում են: Շրջանառության փողերը համարում են սեփական փող ու ծախսում՝ արդյունքում ձախողելով բիզնեսը: Դա նաև մեզ է հանգեցնում դժվար կացության, քանի որ շատերը մեզ պարտք են ու տարիներով չեն փակում, փաստորեն, չենք կարողանում հավաքել մեր գումարները, որ մենք էլ նորմալ կարողանանք աշխատել»,- ասում է Աշոտ Ավետիսյանը:

Ճիշտ աշխատել պետք է ոչ միայն բիզնեսը փրկելու համար, նշում է մեր զրուցակիցը, այլև սեփական կյանքը չփչացնելու: Այս առումով հետաքրքիր օրինակ է բերում. խանութպանը ծախսում է վաճառքից գոյացած գումարները՝ առաց մատակարարներից ստացած ապրանքի դիմաց վճարելու, հետևաբար՝ գոյանում են պարտքեր, որոնք նա ի վիճակի չի լինում մարել, ստիպված փակում է իր խանութն ու դատական քաշքշուկներից ու այլ բարդություններից խուսափելու համար սկսում է թաքնվել, փախչել: Նրա կյանքը վերածվում է դժոխքի: «Ուստի պետք է ճիշտ աշխատել, ագահ չլինել ու հիշել, որ պետք է տաս բիզնեսին, որպեսզի բիզնեսն էլ քեզ տա: Ծանր է հաջողութան հասնելը, բայց պետք է այդ ծանրությունը հաղթահարես, որ հաջողության հասնես»,- եզրափակում է Աշոտ Ավետիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: