Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի. Երանի մեզ


  
դիտումներ: 7966

Հովհաննես Շիրազի հայրենասիրական քնարերգությունը ժողովուրդ է դաստիարակել: Բնատուր ձիրքով ու հարուստ վաստակով նա 1930-80 ական թթ. հայ ժողովրդի հոգևոր կենսագիրներից մեկն էր` կամրջելով հայրենիքն ու սփյուռքը:

Գրվել ու դեռ գրվելու է Հովհաննես Շիրազի մասին: Համոզված եմ, որ տարիների վաղեմություն ունեցող մի արժեքավոր պատմության վրա լույս սփռելու և այն սերունդների սեփականությունը դարձնելու հաջողված փորձ է գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանի «Ծանոթ անծանոթ Շիրազը» գիրքը:

Խոսքը 1976 թ.Հայաստանի գրողների 7-րդ համագումարում Հովհաննես Շիրազի ելույթի մասին է: Այդ ելույթը ժամանակին չհաղորդվեց, թեև նկարահանվել էր ու առանձին ձայնագրվել: Այն չտպագրվեց նաև Գրողների միության պաշտոնաթերթ «Գրական թերթում»:

Ռադիոյի համար համագումարն ամբողջությամբ ձայնագրվել էր ձայնագրիչով, որի ինժեները շիրազապաշտ Զուլումն էր: Հենց նրա մոտ էլ պահպանվել է ձայնագրությունը, որը երբեմն առիթ են ունեցել լսելու նրա շատ մտերիմները:

Տարիներ անց առաջացած տարիքով այդ բարի մարդը ձայնագրությունը հանձնել է Հովհաննես Պապիկյանին: Եվ ահա ընթերցողը կարող է «գրողին լսել»: Խոսքը մեր հույզերի լեռան, համազգային վերաբերմունքի, մեր ներքին վախի չարափառության, չկամության, գնահատման չափանիշների մասին է, և ոչ միայն: Գրքի էջերում նաև ուշագրավ լուսանկարներ են ու շիրազյան հանճարի գնահատանքներ: Այստեղ մեծերի փոխադարձ սերն է, Հովհաննես Շիրազ-Կարեն Դեմիրճյան, Հովհաննես Շիրազ-Համո Սահյան բարեկամություններն են: Հետո այս գրքի հեղինակի, ռադիոյի խմագիր, բանաստեղծ Երվանդ Պետրոսյանի և Ռադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանի հոգիների տագնապն է ու մարդկային ապրումները Շիրազի կորստյան կապակցությամբ: Ժողովածուն եզրափակում են շիրազասերները` Հովհաննես Պապիկյանի հայր Ղուկաս Պապիկյանն ու վաղամեռիկ եղբայր Արտաշեսը, որոնց ծննդավայրում Շիրազ մականունն էին շնորհել Շիրազի գործերը ինքնատիպ շնորհքով ներկայացնելու համար: Հենց նրանց հիշատակին է նվիրվել ուշագրավ այս գրքույկը:

Կարծում եմ` մնում է գրքի առաջնախոսքից ընթերցողին հասցնել խմբագրի` Դավիթ Սարգսյանի «Փրկվել է մի կարևոր մասունք» գնահատականն ու117 -րդ էջից էլ բարձրաձայնել Մհեր Մկրտչյանի խոսքը. «Երանի մեզ, որ տեսանք Շիրազին: Երանի մեզնից հետո եկող սերունդներին, որ կտեսնեն նրան, կլսեն ձայնը ու կկարդան Շիրազին»:

Երանի մեզ…

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: