Հայերեն   English   Русский  

​Բազմաբնակարան շենքեր (մաս 5)


  
դիտումներ: 2279

Նախորդ համարներում մանրամասն նեկայացրել ենք բազմաբնակարան շենքերի կառավարման հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ՝ սկսած բազմաբնակարան շենքի սահմանումից մինչև շենքի պահպանման պարտադիր նորմերի հասկացությունն ու դրանցից մի քանիսի բովանդակությունը:

Ավարտելով բազմաբնակարան շենքերին նվիրված հոդվածաշարը՝ ներկայացնենք շենքի պահպանման համար պարտադիր մյուս կարևոր նորմերը: Դարձյալ հարց ու պատասխանի միջոցով բացահայտենք շենքերի հիմքերի, սյուների և հեծանների, պատերի, տանիքների և տանիքներից ջրահեռացնող սարքավորումների նորմատիվային ստանդարտները:

- Ինչպիսի՞ն պետք է լինի շենքի հիմքը:

- Շենքի հիմքը խոնավությունից պահպանելու նպատակով սալվածքի մակերեսը պետք է լինի հարթ, առանց խորդուբորդությունների, հետադարձ թեքությունների, և դրա ու շենքի պատերի միջև չպետք է լինեն նորմատիվային չափերը գերազանցող ճեղքեր: Հիմքի նստվածքային ճաքերը պետք է լինեն նորմերով թույլատրելի շեղումների շրջանակներում` առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների:

- Ինչպիսի՞ն պետք է լինեն շենքի սյուները և հեծանները:

- Դրանք պետք է լինեն առանց այնպիսի ճաքերի և այլ վնասվածքների, որոնք կարող են ջրի ու մթնոլորտի ազդեցությունից դրանց մետաղական մասերի քայքայման պատճառ դառնալ:

- Ինչպիսի՞ն պետք է լինեն շենքի պատերը և դրանց տարրերը:

- Դրանք պետք է շահագործվեն և պահպանվեն առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների: Օրինակ՝ քարե շարվածքով շենքի պատերը պետք է լինեն առանց այնպիսի վնասվածքների (միջանցիկ ճաքեր, քարե շարվածքի քայքայում, շերտավորում և այլն), որոնք կարող են հանգեցնել խոնավության ներթափանցման, պատերից քարերի անկման և պատի փլուզման: Երկաթբետոնե և պողպատե կարկասային շենքերի դեպքում դրանց ինքնակրող պատերը պետք է լինեն առանց նորմատիվային թույլատրելի չափերը գերազանցող` խոր բացված նստվածքային ճաքերի, երեսպատման շերտազատման և անկման, մետաղական միջադիր մասերի (կապերի) տեղադրման տեղում ժանգոտ բծերի առկայության: Խոշորապանելային շենքերի պատերի արտաքին պանելները պետք է լինեն առանց նկատելի շեղումների ուղղաձիգից, միջադիր դետալների պոկման, կցվածքների հերմետիկության խախտումների, արտաքին պանելների խոնավացման, ջրակալման կամ սառցապատման, ինչպես նաև պանելների երեսապատման շերտազատման և անկման:

- Ինչպիսի՞ն պետք է լինեն շենքի նկուղները, տեխնիկական հարկերը և ձեղնահարկերը:

- Այս տարածքներում օդի ջերմաստիճանը պետք է պահպանվի 0 աստիճանից ոչ պակաս, իսկ համեմատական խոնավության մակարդակը` 65 տոկոսից ոչ ավելի:

- Ինչպիսի՞ն պետք է լինեն շենքի տանիքները և ջրահեռացնող սարքավորումները:

- Այսպես, նախ և առաջ տանիքները պետք է լինեն առանց այնպիսի վնասվածքների, որոնք կարող են դեպի շենքի կոնստրուկցիաները ջրի թափանցման պատճառ դառնալ: Եթե տանիքածածկը բաղկացած է փայտյա տարրերից, ապա դրանք պետք է մշակված լինեն հրակայուն լուծույթով: Ձմռանը տանիքները պետք է մաքրվեն ձյունից և սառցալեզվակներից: Տանիքների ջրահեռացնող սարքավորումները՝ ձագարները, ջրհորդան խողովակները, կախովի ջրհոս ճոռերը և այլ ջրհորդան սարքավորումները, պետք է ապահովեն շենքի տանիքից ջրի հեռացումը: Պետք է նաև պահպանվեն ջրհորդան խողովակների նորմատիվային ուղղաձգությունը և հորիզոնական մասերի թեքությունը, նրանց առանձին օղակների միացման խտությունը: Ջրհորդան խողովակների տակ պետք է տեղադրված լինեն ջրահեռացնող բաքեր:

Շենքի պահպանման պարտադիր նորմերին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք ուսումնասիրել ՀՀ կառավարության 04.10.2007 թ. թիվ 1161-Ն որոշումը «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին»: Եղեք իրազեկված և համատիրության ու համայնքային իշխանությունների հետ հարաբերություններում ցուցաբերեք պահանջկոտ ո հետևողական մոտեցում: Դա ձեր շենքի կառավարումը կդարձնի ավելի պրոֆեսիոնալ, իսկ կյանքը՝ անվտանգ ու հարմարավետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: